Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածն իրականում ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս. Նիկոլ Փաշինյան

Հունիս 13,2024 15:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Գործադիր և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունն եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա: Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության: Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնություն ստանալով, գնացել են տուն: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ՝ ակնհայտ էր, որ նման բան չկա, քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ: Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է և որը պայթել է նրա ձեռքի մեջ, այսինքն, եթե վերցնելու այդ ակտը տեղի չունենար, նման բան տեղի չէր ունենա:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ուզում ասել, որ խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել, խղճահարության վրա իրավակարգ չի կարելի կառուցել, պետություն չի կարելի կառուցել: Ես՝ որպես քրեակատարողական չորս հիմնարկներում մեկ տարի տասնմեկ ամիս անցկացրած մարդ, ասեմ, որ այնտեղ գտնվող բոլոր մարդկանց հետ կապված կան շատ պատմություններ՝ անձնական պատմություններ, անձնական ողբերգությունների պատմություններ, որոնք կարող են խղճմտանք առաջացնել և որոնց վրա կարելի է նույնիսկ լացել: Բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզում ենք լացել, թե մենք ուզում ենք պետություն կառուցել: Չի կարելի երկուսը համատեղել իրար հետ: Ցավոք, մենք շատ հաճախ այս, այն, երրորդ, չորրորդ առիթներով այս ընտրությունը միշտ կատարում ենք հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը մեծ հաշվով, այո, կարող է լացացնել: Բայց, նորից եմ ասում, մեր ընտրությունը պարզ է՝ մենք ուզում ենք լացել, թե մենք ուզում ենք պետություն կառուցել:

Նաև ուզում եմ ասել, որ մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, մենք կլինենք սիրող և սիրող ենք, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունն աղետ է պետության համար: Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն և մենք լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետությունը, հանրությանը, ժողովրդավարությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սրանում, հույս ունեմ, որ տարընթերցում չկա:

Վերադառնալով 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին՝ եկեք նախ արձանագրենք, թե ի՞նչ է ասում ընդդիմությունը, ո՞րն էր ի վերջո նրանց հիմնական թեզը: Ընդդիմությունը պնդում է, քանի որ այսօր կառավարության կողմից վարվող քաղաքականությունները մի շարք դեպքերում, ըստ իրենց, հակասում են Կառավարության գործունեության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տա և սրա համար բերում են մի քանի կոնկրետ օրինակներ: Երեկ այդ օրինակները հնչեցին, ես հույս ունեմ՝ բոլորն արձանագրել եմ, օրինակ՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի հետ կապված հարցը, որոնց անդրադարձ կա 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրում:

Հիմա՝ ինչո՞ւ մենք համաձայն չենք ընդդիմության նշած պնդումների հետ, ահա, ցույց տամ իրենց նշած այդ երկու կոնկրետ օրինակով, որն իրականում շատ կարևոր խոսակցություն է:

Ի՞նչ ենք մենք գրել ՀԱՊԿ-ի մասին Կառավարության ծրագրում. «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»: Մենք ասել ենք, որ ակտիվ ներգրավված կլինենք և կաշխատենք հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ: Դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք, գրել ենք, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմների հետ կապված հարցեր ունենք և պետք է գնանք այդ հարցերի պատասխանը ստանալու հետևից՝ նպատակ ունենալով այդ պատասխանները ստուգել մեր երկրի պետական շահերի տեսակետից: Սա, ի դեպ, գրել ենք 2021 թվականի ամռանը, մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Իսկ այդ ներխուժումից առաջ ՀԱՊԿ մեր գործընկերներից ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար: Բայց արդեն այդ պահին, երբ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժմանը չէր հետևել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, Կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի առնվազն արդյունավետության հարցը: Ու դա գրելուց, արձանագրելուց հետո, անցել ենք շատ կոնկրետ աշխատանքի՝ բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ընդհուպ՝ ՀԱՊԿ գագաթնաժողով Երևանում, ինչի արդյունքում հասկացել ենք, որ ՀԱՊԿ-ը, որի պարտականությունն այդ թվում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները:

2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովում հրաժարվել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին և սա արել ենք՝ ի կատարումը Կառավարության գործունեության ծրագրի, ոչ թե` ի հեճուկս, այլ՝ ի կատարումն: Նորից մեջբերեմ ծրագրից. «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի՝ ՀԱՊԿ-ի, աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»: Այսինքն՝ հիմա ընդդիմության ասածն ի՞նչն է, որ մենք հլու-հնազանդ պե՞տք է ստորագրեինք այն թղթերը, որոնք Կառավարության ծրագրին և մեր երկրի շահերին չէին համապատասխանում, որոնք կասկածի տակ էին դնում մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ու որ դա չենք արել, պիտի հրաժարական տա՞նք:

Ընդդիմությունը սա հիմնավորելու համար հղում է անում Սահմանադրությանը, որի 146-րդ հոդվածում գրված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»: Հենց վերը նշված դրվագում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ: Ծրագրի հիման վրա մենք մշակել ենք, իրականացնում ենք քաղաքականությունը, օրինակ՝ ՀԱՊԿ-ի առնչությամբ: Ծրագրում առաջադրված խնդիրները լուծելու ճանապարհին մշակում և իրականացնում ենք քաղաքականություն, և այդ քաղաքականությունը սկսվել է ակտիվ ներգրավվածությունից, դրա արդյունքների ամփոփման հիման վրա հասել է անդամության սառեցման: Այսինքն՝ Սահմանադրությունը չի ասում, որ դու այդ ծրագրի հիման վրա քաղաքականության մշակման արդյունքում ձեռք բերած քո տեղեկությունները չպետք է կիրառես քաղաքականության ներդրման համար: Եվ հաջորդ տրամաբանական քայլը, նորից եմ ասում, լինելու է կազմակերպությունից դուրս գալը: Ուզում եմ հիշեցնել, որ մենք 2021-2026 թթ. ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք այդպիսի բան չենք ասել: Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք: Ե՞րբ դա տեղի կունենա՝ կորոշենք, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի:

ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44 օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պե՞տք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ, հարց քննարկե՞մ: Դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այլն: Չնայած, նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես:

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառել, եթե, օրինակ՝ Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի:

Վերադառնալով Սահմանադրությանը՝ ուզում եմ ասել, որ կառավարության հրաժարականի բոլոր հիմքերը նկարագրված են Սահմանադրության մեջ: Գրված է, որ դեպքում է երկրում կառավարություն փոխվում: Եվ այդ հիմքերի մեջ բացակայում է այն, ինչ փորձում է հիմնավորել ընդդիմությունը, չկա նման դեպք նկարագրված Սահմանադրության մեջ: Ու սա տրամաբանական է, որովհետև, եթե, օրինակ՝ Կառավարության ծրագրում գրված է՝ Հայաստան-Բելառուս հարաբերությունների բարելավում, դա նշանակում է, որ, եթե ընդդիմության տրամաբանությամբ առաջնորդվենք, Բելառուսը կարող է որոշել Հայաստանի կառավարության ճակատագիրը: Օրինակ, ասի՝ ՀՀ կառավարությունն ինձ դուր չի գալիս, չբարելավեմ իր հետ հարաբերությունները, այլ ընդհակառակը՝ վատացնեմ հարաբերությունները Հայաստանի հետ, և դրանով հասնեմ կառավարության փոփոխության: Այսինքն՝ այն մեկնաբանությունը, որ անում է ընդդիմությունը, դա նշանակում է կրկին՝ երկրի ինքնիշխանության, անկախության և կայունության խաթարում: Դա նշանակում է, որ այս օրինակով, ասենք՝ որևէ օտար երկրի տալ գործուն, 100 տոկոսանոց լծակ, երբ ուզի երկրում կառավարություն փոխի: Սա՞ է իրենց տրամաբանությունը, չեմ զարմանում, որովհետև իրենց տրամաբանությունը հակապետական է, հակաինքնիշխանական է, հակաժողովրդավարական է:

Կառավարությունը նույն կերպ սկզբունքայնորեն գործել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի հարցում: Ի՞նչ ենք արել, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի խնդիրը մեր նախընտրական ծրագրում և Կառավարության գործունեության ծրագրում և գնացել ենք այդ ծրագիրն իրագործելու հետևից: Ի՞նչն է դրա առաջին քայլը: Նախ՝ խորացել ենք հարցի մեջ, որպեսզի այդ թեզերը կարգախոսից վերածենք լուծման ենթակա խնդրի: Սա շատ կարևոր պահ է, մենք խորացել ենք հարցի մեջ, որպեսզի կարգախոսային տրամաբանությունից դուրս գանք, այսինքն՝ ոչ թե դուրս գանք, այլ զարգացնենք և գնանք խնդրի պրակտիկ լուծման հետևից: Բանակցություններով, քննարկումներով, բանավեճերով միջազգային, եկել ենք այն մտքին, որ ոնց որ թե ինքնորոշման և կարգավիճակի մասին մեր պատկերացումները բախման, հակադրության մեջ են միջազգային ոչ թե ընկալման, այլ միջազգային կոնսենսուսի հետ: Այսինքն՝ մենք այս հարցում Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ ամբողջ աշխարհի վիճակում ենք: Փորձել ենք հետազոտել այս զգացումը ու փաստը և հասել ենք 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովին: Ու արձանագրել, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձևավորվել է կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ, որտեղ մինուս մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Ու միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Լեռնային Ղարաբաղը պետք է բարձր ինքնակառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում:

Ես այս մասին այսքան ժամանակ խոսում եմ, ճիշտն ասած, երեկ իմ շրջապատի և միջավայրի անձանց շրջանում մի փոքր հարցում անցկացրի՝ պարզաբանելու, արդյոք նրանք ծանոթ են այն փաստաթղթին, որի վրա ես արդեն 2 տարի հղում անում եմ: Ու հետո զարմանքով արձանագրեցի, որ այդ փաստաթուղթը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված, ըստ էության, սահմանադրությունն է, մեր իրականության մեջ ընթերցված չէ, ընթերցված չէ մեր իրականության մեջ: Ես չեմ բացառում, որ երբ մենք հարցում անենք, պարզվի, որ Հայաստանի Հանրապետությունում այս թուղթը կարդացել են փորձագիտական վեց հոգի, պլյուս ևս մի 20, 30, 40, 50 հոգի:

Չեմ ուզում վատ վիճակ ստեղծել, բայց զուտ հետաքրքիր է, օրինակ՝ դահլիճում ո՞վ է, որ կարդացել է այդ թուղթը կամ ո՞վ է, որ կարդացել է այդ թուղթը: Բայց ես զարմանքով եմ արձանագրում, բայց հիմա սա չեմ ասում վիճակագրության համար, ես հիմա կկարդամ այդ թուղթը, որը ԵԱՀԿ գործող նախագահողի հայտարարությունն է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքներով, և այդ ժամանակ եղել է Շվեյցարիայի արտգործնախարարը: Մեջբերում եմ թարգմանած հայերեն՝ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը. «Դուք բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարիների ընթացքում որևէ առաջընթաց ձեռք չի բերվել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը»: Ուշադրություն դարձրեք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի հաջողվել լուծել և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը: «Ցավում եմ, որ Մինսկի համաժողովի համանախագահների ջանքերը համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների շուրջ հաջողության չեն հասել: Երեք սկզբունքները, որոնք պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասը, առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից», – այդ երեք սկզբունքները աջակցում են Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները: «Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա մեկ: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի և նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում, ներառյալ կողմերի կողմից փոխադարձ պարտավորություն՝ երաշխավորելու համար համապատասխանությունը կարգավորման սկզբունքներին: Ցավում եմ, որ մասնակից պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, չկարողացավ սա ընդունել: Այդ սկզբունքներն աջակցում են մասնակից բոլոր պետությունները, ԵԱՀԿ բոլոր պետությունները: Այս հայտարարությունն ընդգրկվելու է Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերում»:

Մի նյուանս կա, որի մասին մինչև այս պահը չեմ խոսել, այսօր առաջինն է, խոսքը՝ ինքնակառավարման մասին է, ոչ թե ինքնավարության մասին է: Հասկանո՞ւմ եք: Սա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է: Եվ ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել: Թե մեկը, թե մյուսը նշանակել են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996թ.-ից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին, հասկանո՞ւմ եք, 96 թվին ինտերնետ չի եղել, ինտերնետ գուցե եղել է, այլ իմաստով, նույնիսկ նորմալ էլեկտրոնային փոստ չի եղել, սոցիալական ցանցեր չեն եղել: Եվ ի՞նչ է տեղի ունեցել այս պայմաններում, տեղի է ունեցել հետևյալը՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար: Սա է ամբողջ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի մասին: Սա է ամբողջ ճշմարտությունը՝ կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով, Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար: Եկեք նայենք ժամանակագրությունը՝ 1996թ. դեկտեմբերի 3՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողով, 1997թ. հունիսի 10՝ Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է Հայաստանի վարչապետ, 1997թ. նոյեմբերի 1՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, 1998թ. փետրվարի 3՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս և իշխանությունը հանձնում Ռոբերտ Քոչարյանին:

Այստեղ ես ուզում եմ մի կարևոր դիտարկում անել և այդ դիտարկումը հետևյալն է՝ 2020 թ.-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի մասին առնվազն իմ պատկերացումները, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու, ինչպես նաև՝ մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածն իրականում ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս: Ինչո՞ւ, որովհետև Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը ասում են, թե իրենք չեն ասել և նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնեն, թե իրենք չեն ասել, թե Լեռնային Ղարաբաղի անկախությունն անհնար է: Սա կղերաֆեոդալական խաբեության մաս է միանշանակ և աներկբա:

Վերադառնալով Կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի հետ կապված հարցերին՝ ի՞նչ ենք արել մենք այդ հարցերը սպասարկելու ճանապարհին: Վերը նշված արձանագրումն անելուց հետո եկել ենք, խորհրդարանական ամբիոնից ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների նշաձողը պետք է իջեցնենք: Եվ ասել ենք, որ սա անհրաժեշտ է մեր և միջազգային հանրության պատկերացումներն իրար համապատասխանեցնելու համար, որովհետև մենք չենք կարող կոնսենսուս մինուս մեկ ռեժիմում շարունակաբար ապրել: Եվ այո, ես երեկ էլ ընդունեցի, որ դա իմ ամենամեծ սխալն է և ամենամեծ ձախողումը, որ ես դա չեմ արել 2018թ.-ին, չնայած շարունակությունն էլ գիտենք, որ երեկ ասացի՝ իմ լեզուն չէր պտտվի դա ասել, որովհետև մենք այդ կղերաֆեոդալական խաբեությանը, հասկանո՞ւմ եք, 30 տարի անընդհատ ասել են, անընդհատ, որտեղ գնացել՝ ասել են, ուզեցել ես մի հարց, ասել են՝ Ղարաբաղը, ինքնորոշումը, կարգավիճակը: Նախ՝ իմ լեզուն չէր պտտվի այդ ամենն ասել, չնայած նորից ասում եմ, մեկ է պետական գործիչը պետք է տեսներ դա, հաղթահարեր դա, և աներ դա:

Երկրորդն էլ, որ իմ լեզուն պտտվեր՝ ոչ մի մեկ չէր թողնի, որ ես շարունակեի: Ի դեպ, 2022 թ. ելույթի շրջանում այս հարցը պարզաբանելու համար ես առաջարկել եմ, որ Լեռնային Ղարաբաղից ներկայացուցչական պատվիրակություն գա ինձ հետ հանդիպման, որ ես իրենց դռնփակ ռեժիմում իմ պատկերացումները ներկայացնեմ, իրենց հարցերին ու մտահոգություններին պատասխանեմ: Ես ասել էի՝ խորհրդարանական բոլոր խմբակցություններին, բոլոր կուսակցություններին, պետական մարմինների ներկայացուցիչներին, եկեք հանդիպման: Արդյունքում՝ իրենք ԼՂ-ում քննարկել են և ուղարկել են երկու հոգու, ես երկու հոգու հետ հանդիպել եմ, որոնք խոսակցության արդյունքում ոչ մի վերապահում չեն արտահայտել իմ պատկերացումների վերաբերյալ: Ես իրենց պարզ բացատրել եմ, թե ինչ է տեղի ունենում և ինչու: Եվ ես հիշում եմ՝ այսօր ընդդիմության հանրահավաքներին մասնակիցներից մեկն էր այդ երկուսից մեկը, շատ տպավորվել է հետևյալը, որ երբ մենք խոսեցինք՝ հաջողություն անելու պահին երկու բառ օգտագործեց, մեկը անգլերեն, մեկը ռուսերեն, իմ ասածին ի պատասխան ասաց՝ «ok», «держись»: Բայց հետագայում Լեռնային Ղարաբաղը, ի հեճուկս այս իրավիճակի, ոչ միայն չի իջեցրել իր պատկերացումների նշաձողը, այլև ընդհակառակը՝ ավելի է կարծրացրել դիրքորոշումը: Ի դեպ, մեր ավանդական պատկերացումների մասին, որոնց մասին այստեղ էլ երեկ կրկին խոսվեց, երբ ասում են, թե բանակցություններում պետք է պահանջես առավելագույնը, որ ստանաս ընդունելի ինչ-որ բան: Սա սխալ պատկերացում է, որովհետև երբ դու բանակցությունները սկսում ես ամենաբարձր նշաձողով, հետագա միակ բանը, որ կարող ես անել՝ նշաձողն իջեցնելն է, որովհետև բարձրացնելու տեղ այլևս չունես: Սա է մեզ հետ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ողջ ընթացքում: Մենք միշտ բանակցային գործընթացում հենց ամենամեկնարկից հանդես ենք եկել ամենաբարձր նշաձողով ու չենք հասկացել, որ դրանով արձանագրել ենք մեր պարտությունը, որովհետև երբ քո նշաձողն ամենավերին կետում է, դու ուրիշ բան, բացի նշաձողն իջեցնելուց՝ չես կարող անել, որովհետև հասել ես առաստաղին, այլևս բարձրացնել չես կարող: Սա է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մենք ամեն ինչ արել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման հարցը հասցեագրվի միջազգային պատկերացումներին համապատասխան: Բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան արտաքին ազդեցությամբ ու հանձնարարությամբ ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա: Եվ դրա կուլմինացիան Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելն էր, որ Հայաստանի և Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան տոնում էր: Սրանից կարճ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղի հայությանը պարտադրվեց բռնագաղթ, և Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն աջակցեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան: Նույնիսկ 2023 թ. սեպտեմբերին մենք չէինք հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցում մեր ունեցած ծրագրերից և ասում էինք, որ դրա համար հարկավոր է, որ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում: Եվ սա ակնհայտ էր: Երեկ ես անդրադարձա, դուք հիշում եք այդ դրվագը, որ, այդ թվում՝ այդ էմոցիոնալ իրավիճակներում, այդ շանտաժին տրվելով, նույնիսկ մեր թիմի ներսում ինձ անընդհատ ասում էին, որ պետք է րոպե առաջ հանել ժողովրդին, պետք է րոպե առաջ հանել ժողովրդին: Ես զանգում էի, իրենց ասում էի՝ լսեք, դա կարելի է անել միշտ, դուրս գալը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հարցի փակում: Բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան ՀԱՊԿ-ի իրենց հովանավորների հետ փակեցին Լեռնային Ղարաբաղի հարցն այն հույսով, որ դա իրենց կօգնի փակել նաև Հայաստանի Հանրապետության հարցը՝ Հայաստանի Հանրապետությունում խամաճիկային իշխանություն հաստատելու և Հայաստանի անկախությանը փաստացի վերջ տալու միջոցով: Չստացվեց ու չի ստացվելու: Շատ են խոսում այն մասին, որ կառավարություն իր ծրագրում գրել է, որ Հայաստանը լինելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Այո՛, Հայաստանը, մեր կառավարությունը 2020 թվականից առաջ և հետո ամեն ինչում, ինչի կարիք ունեցել է Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվել է: Մենակ 2020 թվականից հետո մենք մեկ մլրդ դոլարից ավելի գումար ենք տվել Լեռնային Ղարաբաղին: Ես կրկին ասում եմ՝ ինչի անհրաժեշտություն ունեցել են՝ ստացել են: Բայց Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին, 2 ժամում հանձնվեցին, հարգելի գործընկերներ: Այս այն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում էին դավաճանության մեջ, ովքեր իմ ասուլիսներին աուդիոմեսիջներ էին ուղարկում լրագրողների միջոցով, որ մենք, հերոսական մեր կղերաֆեոդալական կլանը չի տրվի և մենք պատրաստվում ենք մինչև վերջ, կանացի և տղամարդկային բամբ ձայներով, հիմա 5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն Բաղրամյան պողոտա: Այդ նույն մարդիկ, էլի մենք, կղերաֆեոդալական օրհնություն ստացած էլիտայի ներկայացուցիչները հիմա… Քիչ չի, որ երկու ժամում հանձնվեցին, Հայաստանի Հանրապետության ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի մլրդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին: Այ այն գեներալների ներկայացուցիչներից մեկն էլ, որ երեկ ճվում էր այստեղ, հիմա էլ եկել են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անեն, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հանձնեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված և ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք: Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, երբ ուզենա: Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի:

Փա՛ռք նահատակներին,

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ: 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930