Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանադրությունը և օրենքները, պետական շահերն ու ժողովրդավարությունը ոտնահարող վարչախումբը պետք է հեռանա. «Միասին»

Հունիս 13,2024 15:30

ՔՊ ՎԱՐՉԱԽՈՒՄԲՆ ԱՅԼԵՎՍ ՕՐԻՆԱԿԱՐԳ ՉԷ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐՑՐԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ի դեմս «Հայաստանի դեմոկրատական կուսակցության», «Ազատություն» կուսակցության, մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների, խստագույնս դատապարտում է հունիս 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրենց քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն իրականացնող ցուցարարների հանդեպ ՀՀ ոստիկանական բազմահազար ստորաբաժանումների կողմից կիրառված անհամաչափ, բիրտ ուժը, որի հետևանքով 100-ից ավելի մեր հայրենակիցներ՝ կանայք, մանկահասակ երեխաներ, տղամարդիկ ստացել են մարմնական լրջագույն վնասվածքներ և այսօր էլ գտնվում են հիվանդանոցներում։ Հատկապես թիրախավորվել են իրադարձությունների լուսաբանումն իրականացնող լրագրողները՝ իրենց տեսախցիկներով։ Մեր խաղաղ հայրենակիցների հանդեպ սադրանքի հրահրմամբ, դավադրաբար, առանց վաղօրոք նախազգուշացման, դրանց կիրառման վերաբերյալ օրենքի բացահայտ խախտումով, կիրառվել են իրավիճակին բացարձակապես անհամարժեք հատուկ միջոցներ, լուսաձայնային և բեկորային նռնակներ, մահակներ, հընթացս նաև առևանգել են ցուցարարներին՝ փորձելով ապօրինի կալանավորումների միջոցով վախ և խուճապ տարածել։ Իրադարձությունների ժամանակագրությունը վկայում է, որ այս ծանր վնասվածքներ առաջացնող միջոցների կիրառումը նախորդել է ԱԺ-ից Փաշինյանի և որոշ նախարարների հեռանալն ապահովելու համար՝ այն բանից հետո, երբ շարժումը գլխավորող և ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը լոկ հայտարարել էր իր առաջարկը՝ միայնակ մտնել ԱԺ և բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով մեր հայրենակիցների կամքը։

Արձանագրում ենք, որ նման բիրտ ուժով քաղաքացիների ազատ կամարտահայտումը ճնշելու ՀՀ ներքին գործերի նախարարության վտանգավոր գործելակերպը, իսկ ՆԳՆ-ն անմիջաբար ենթակա է ՀՀ վարչապետի պաշտոնին գտնվող Նիկոլ Փաշինյանին, վկայում է, որ ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և արդեն վերջնականապես կորցրել է ժողովրդավարական, ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները։

«Միասին» շարժումը կոչ է անում ՀՀ ոստիկաններին չդառնալ քաղաքական բռնաճնշման գործիք ժողովրդին քվեն առ ոչինչ դարձրած իշխանական վարչախմբի ձեռքում։ Միաժամանակ մեր հորդորը և պահանջն ենք հղում ՀՀ և արտերկրի միջազգային իրավապաշտպան ու պատկան բոլոր կառույցներին, դեսպանատներին ուշադիր ծանոթանալ կատարվածի փաստագրությանը և համարժեք գնահատական տալ՝ առաջնորդվելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներով և ոչ թե թվացյալ քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրությունը և օրենքները, պետական շահերն ու ժողովրդավարությունը ոտնահարող վարչախումբը պետք է հեռանա, ՀՀ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

 «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական

շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930