Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցման ծրագիրը բազմաթիվ բացասական կողմեր ունի ու այն լիովին չի կարող փոխհատուցում կոչվել. Սմբատ Մադաթյան. «Ա1+»

Հունիս 13,2024 15:10

«Ա1+». «Հորական տատիս՝ Իսկուհի Մադաթյանի ընտանիքը՝ գյուղի մեծահարուստներից էր, Իրանից են տեղափոխվել Ավետարանոց։ Ամարասի վանքի շրջակայքի թթենու այգիներն իրենք են հիմնել։ Երբ ձևավորվել է կոլեկտիվ տնտեսությունը, իրենց օղի թորող գործարանով ընդգրկվել են կոլտնտեսության կազմում։ Հողերի սեփականաշնորհումից հետո թթայգու ծառերից մի քանիսն էլ մեր ընտանիքին է բաժին հասել»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող Ավետարանոց գյուղի վերջին համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը։

«Մինչև 44-օրյա պատերազմն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի օգնականն էի, ապրում էի գյուղում, ընտանիքս զբաղվում էր մեղվապահությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Ավետարանոցը բռնազավթվել է։ 2021 թվականի ապրիլի 1-ին, որպես համայնքի ղեկավար գնացել եմ հարազատ ծննդավայր՝ դիակ կար հանելու։ Թշնամու թույլտվությամբ գյուղից հետս հող եմ բերել։ Այն լցրել ենք ծաղկամանի մեջ և ծաղիկ աճեցրել։ Ավետերանոցի երկհարկանի նորակառույց առանձնատնից ու անասնաֆերմայից, ծնողներիս ունեցածին՝ իմ ավելացրածից այդ մի բուռ հողն է մնացել, որը միշտ մեզ հետ է»,- ասում է զրուցակիցս։

«Մեր անձնագրերում հստակ գրառված է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Չգիտեմ ինչու այժմ արցախցիներիս փաստորեն պարտադրում են ՀՀ քաղաքացիություն ձեռքբերել, բնակարանով ապահովելու ծրագրից որպեսզի կարողանանք օգտվել։ Փոխհատուցման ծրագիրը բազմաթիվ բացասական կողմեր ունի ու այն լիովին չի կարող փոխհատուցում կոչվել։ Ընտանիք կար, որ մի քանի բնակարան ուներ։ Ասենք մեր համայնքում մարդիկ կային, որ Ստեփանակերտում էլ բնակարան ունեին։ Կկարողանան այդ մարդուն ամբողջությամբ փոխհատուցել։ Կամ ընտանիք կար, որ ամբողջ կյանքը վարձով էր ապրում։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք ողջամիտ լուծումներ են պահանջում։ Իմ կարծիքով մեր հայրենակիցներից շատերը հենց այդ ծրագրերի պատճառով են արտագաղթել այլ երկրներ»,- մտահոգություն է հայտնում բռնազավթված համայնքի ղեկավարը։

Անահիտ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930