Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի նկարն իմ աշխատասենյակում չկա, իմ ճանաչած վարչապետ Փաշինյանը միշտ անկեղծ պայքարում է կոռուպցիայի դեմ»․ Կարեն Անդրեասյան

Հունիս 13,2024 14:54

 Լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից՝ Նիկոլ Փաշինյանի նկարը դեռ իր աշխատասենյակում իր գլխավերեւում կախվա՞ծ է։

«Նախ ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի նկարն իմ աշխատասենյակում չկա։ Դատական որեւէ պաշտոնյանայի աշխատասենյակում որեւէ պաշտոնյայի նկար չկա»,- ասաց նա։ Անդրեասյանը նշեց, որ իր աշխատասենյակում ՀՀ դրոշն է, զինանշանը եւ Սահմանադրությունը։

Հարցին, կո՞ղմ է, որ զինանշանի վրա Արարատ լեռան նկարը հանվի, ինչի մասին քննարկումներ է անում Փաշինյանը, ԲԴԽ նախագահը պատասխանեց․ «Ես նման քաղաքական քննարկումների չեմ մասնակցում, ինձ զինանշանը այնպես, ինչպես կա, շատ հուզում է, շատ հարազատ է, ես խոնարհվում եմ այսօրվա մեր զինանշանի առաջ։ Եթե հայ ժողովուրդը կորոշի որեւէ այլ զինանշան, ես կխոնարհվեմ այդ զինանշանի առաջ»։

«Ինչ վերաբերում է ընդհանրապես նկարների թեմային, էնքան չեք կարողացել 2021 թվականից ի վեր իմ վրա ուրիշ պրոբլեմ գտնեք, որ էդ մի թեմայով անընդհատ ուրախանում եք։ Ասեմ, որ իմ կյանքում որեւէ պաշտոնյայի լուսանկար եղել է ընդամենը մեկ անգամ, երբ ես եղել եմ նախարար։ Եվ կառավարության ղեկավարի դիմանկարն ինձ համար ընդունելի սիմվոլ է եղել, ինչպես բոլոր մյուս նախարարների աշխատասենյակներում։ Բայց, ի տարբերություն այլ ժամանակաշրջանների, կառավարության ղեկավարի նկարը եղել է միայն գործադիրի աշխատասենյակներում, բայց ոչ թե քննիչների, դատավորների աշխատասենյակներում։ Ձեր գործընկերը հարցնում էր՝ նայում եք նկարին եւ զրուցո՞ւմ եք, ես բացատրում էի, որ խորհրդանիշներին նայելիս՝ դու չես զրուցում, դու ինչ-որ բան ես հիշում, տվյալ դեպքում, օրինակ, հիշում ես քո ղեկավարի տված սկզբունքները։ Եվ այդ սկզբունքներից մեկը եղել է ազնվություն։

Իմիջիայլոց, հիմա էլ կարող եմ պնդել, որ իմ ճանաչած վարչապետը միշտ եղել է, եւ այսօր էլ ճանաչում եմ այդպիսին՝ ազնիվ եւ կոռուպցիայի դեմ ամենամեծ պայքարողներից մեկը։ Իմ ճանաչած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմ ճանաչած պաշտոնյաների մեջ այն մարդն է, որը միշտ անկեղծ եւ հետեւողական ուզեցել է պայքարել եւ պայքարում է կոռուպցիայի դեմ»,- հավելեց Կարեն Անդրեասյանը։

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930