Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ հայտնի գործերով կլինի այնպիսի պատասխան դատական համակարգից, որ մարդկանց անհանգստություններն ու հիասթափություններն ավարտվեն». Անդրեասյան

Հունիս 13,2024 14:32

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության երեկվա գործողություններին։

Հարցին, որքանո՞վ էին համաչափ ու իրավաչափ ոստիկանության երեկվա գործողությունները, նա պատասխանեց․ «Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունն ու դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Եվ վստահ եմ, որ դատավորները եւ դատական իշխանությունը կտան շատ խիստ եւ օրինական գնահատականներ։ Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ, բողոքարկման դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական։ Եվ բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, ովքեր խախտել են օրենքի տառը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ եւ պատասխանատվություն»։

Հարցին, թե իր այս հայտարարությամբ արդյոք չի ուղղորդո՞ւմ դատավորներին, Անդրեասյանը պատասխանեց․ «Այո, ուղղորդում է, որ լինի օրենքի տառի խիստ պահպանում։ Այդ ուղղորդումը տվել է Սահմանադրությունը։ Եվ ես դա կրկնում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ԲԴԽ նախագահին խնդրում են քաղաքական մեկնաբանություն տալ։ Որպեսզի չլինի քաղաքական մեկնաբանություն, ես հիշեցնում եմ, որ դատական իշխանությունը ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ երբ գործը գալիս է դատարան, ստանում է արդար դատավճիռ։ Հուսով եմ՝ դուք կտեսնեք այդ դատավճիռները»։

Լրագրողի հարցին, թե երեկվա իրադարձությունների ֆոնին ի՞նչ լավ լուր կարող է հայտնել ժողովրդին, վաղուց լավ լուր չի հայտնել, Անդրեասյանը պատասխանեց․ «Ասեմ մի լավ լուր, որ դատարաններն օր օրի առողջանում են եւ ապահովում են արդարադատություն։ Եվ լավ լուրն այն է, որ շատ-շատերը կստանան արդար եւ անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքները։ Եվ մենք ունենում ենք տարբեր վճիռներ, ընդ որում, քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի եւ տհաճ։ Եվ այդ վճիռները հենց ապացույցն են, որ դատական իշխանությունն առողջանում է»։

Նա հավելեց՝ ցանկացած քաղաքացի, ում իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն՝ արդար ձեւով պաշտպանվելու դատարաններում։

Նա նշեց, որ դատական իշխանությունն առողջանում է, որովհետեւ 30 տարվա բարեփոխումները սկսել են իրենց պտուղները տալ․ «Իսկ թե ում օրոք ինչ ձեռքբերումներ են եղել, կարծում եմ՝ լավ կլինի անել առանձին հետաքննություն։ Դատական իշխանության կայացումը սկսվել է ՀՀ կայացման հետ միասին եւ ունի 30 տարվա անկումների ու վերելքների պատմություն։ Բոլոր իշխանությունների օրոք էլ դրվել են դրական քարեր դատական իշխանությունում, բայց նաեւ երբեմն դրվել են բացասական ականներ, բայց մենք հիմա ապահովում ենք, որ ականները հանվեն, իսկ դրական անկյունաքարերը շատանան»։

Նա հավելեց, որ դատական համակարգում վեթինգն ավարտվել է։ Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այսօր իրենց կարեւոր խնդիրներից մեկն է վերականգնել բոլոր հայտի գործերով արդարադատությունը, որը տարբեր ատյաններում տարբեր ձեւերով է ընթացել։ Մարդիկ դեռ շատ դեպքերում ամենահայտնի գործերով են սպասում արդարադատությանը։ «Եվ ես հուսով եմ, որ այդ հայտնի գործերով կլինի այնպիսի պատասխան եռաստիճան դատական համակարգից, որ մարդկանց անհանգստություններն ու հիասթափություններն ավարտվեն»,- ասաց նա։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930