Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։
Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:
Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։
Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ։