Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կղերաֆեոդալական էլիտան ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»․ Փաշինյան

Հունիս 13,2024 12:38

ԱԺ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի հարցին։

«Կառավարությունը սկզբունքայնորեն գործել է ԼՂ ինքնորոշման եւ կարգավիճակի հարցում։ Ի՞նչ ենք արել, արձանագրել ենք ԼՂ ինքնորոշման եւ կարգավիճակի խնդիրը մեր նախընտրական ծրագրում եւ կառավարության գործունեության ծրագրում եւ գնացել ենք այդ ծրագիրն իրագործելու հետեւից։ Նախ` խորացել ենք հարցի մեջ, որպեսզի այդ թեզերը կարգախոսից վերածենք լուծման ենթակա խնդրի։ Սա շատ կարեւոր պահ է։ Մենք խորացել ենք հարցի մեջ, որպեսզի կարգախոսային տրամաբանությունից դուրս գանք, այսինքն՝ ոչ թե դուրս գանք, այլ զարգացնենք եւ գնանք խնդրի պրակտիկ լուծման հետեւից։ Բանակցություններով, քննարկումներով, միջազգային բանավեճերով եկել ենք այն մտքին, որ ոնց որ թե ինքնորոշման եւ կարգավիճակի մասին մեր պատկերացումները բախման, հակադրության մեջ են միջազգային ոչ թե ընկալման, այլ միջազգային կոնսենսուսի հետ։ Այսինքն՝ այս հարցում ՀՀ-ն ընդդեմ ամբողջ աշխարհի վիճակում ենք։

Փորձել ենք հետազոտել այս զգացումը եւ փաստը եւ հասել ենք 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովին եւ արձանագրել, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձեւավորվել է կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ, որտեղ մինուս մեկը ՀՀ-ն է։ Միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ ԼՂ-ն պետք է բարձր կառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանը հավելեց․ «Ես այս մասին այսքան ժամանակ խոսում եմ, ճիշտն ասած, երեկ իմ շրջապատի եւ միջավայրի անձանց շրջանում մի փոքր հարցում անցկացրի, պարզաբանելու՝ արդյոք նրանք ծանոթ են այն փաստաթղթին, որի վրա ես արդեն երկու տարի հղում անում եմ։ Ու հետո զարմանքով արձանագրեցի, որ այդ փաստաթուղթը, որը ԼՂ խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է, մեր իրականության մեջ ընթերցված չէ։ Ես չեմ բացառում, որ երբ մենք հարցում անենք, պարզվի, որ ՀՀ-ում այս թուղթը կարդացել է փորձագիտական վեց հոգի, պլյուս եւս 20, 30, 40 հոգի։ Օրինակ՝ դահլիճում ո՞վ է, որ կարդացել է այդ թուղթը»։

Նա իր հետ բերել էր այդ փաստաթուղթը, ասաց․ «Ես հիմա կկարդամ այդ թուղթը, որը գործող նախագահողի հայտարարությունն է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներով։ Եվ այդ ժամանակ եղել է Շվեյցարիայի արտգործնախարարը։ Մեջբերում եմ՝ թարգմանած հայերեն․ «ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը։ Դուք բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարիների ընթացքում որեւէ առաջընթաց ձեռք չի բերվել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը։ Ցավում եմ, որ Մինսկի համաժողովի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների շուրջ, հաջողության չեն հասել։ Երեք սկզբունքները, որոնք պետք է դառնան ԼՂ հակամարտության կարգավորման մասը, առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ երեք սկզբունքներն աջակցում են Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները։ Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ԼՂ իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում՝ ներառյալ կողմերի կողմից փոխադարձ պարտավորություն՝ երաշխավորելու համապատասխանությունը կարգավորման սկզբունքներին։ Ցավում եմ, որ մասնակից պետություններից մեկը՝ ՀՀ-ն չկարողացավ սա ընդունել։ Այդ սկզբունքներին աջակցում են մասնակից բոլոր պետությունները, ԵԱՀԿ բոլոր պետությունները։ Այս հայտարարությունն ընդգրկվելու է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերում»։

Մեջբերումից հետո Փաշինյանն ասաց․ «Մի նյուանս կա, որ մասին մինչեւ այս պահը չեմ խոսել, այսօր առաջին անգամ եմ ասում՝ խոսքն ինքնակառավարման մասին է, ոչ թե ինքնավարության մասին։ Սա ԼՂ խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է։ Սա նշանակում է, որ հայկական իրականության մեջ ԼՂ ինքնորոշում, կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել։ Թե մեկը, թե մյուսը նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետեւ 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տեղի է ունեցել հետեւյալը․ «Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու եւ պահելու համար։ Սա է ամբողջ ճշմարտությունը ԼՂ մասին՝ կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով, ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930