Երբ կառավարության շենքի դիմաց այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոշտ գնահատականներ տվեց ոստիկանների երեկվա գործողություններին, ոստիկանները սրտնեղած մոտեցան շարժման անդամներին ու սկսեցին պարզաբանումներ պահանջել:
«Ձեր բառերին հետեւեք, մենք խուլիգա՞ն ենք: Ձեզ ծեծե՞լ ենք, դրա հետ կապված վարույթ կլինի, քննություն կլինի»,- քաղաքացիներին դիմելով ու իրար հերթ չտալով՝ ասում էին ոստիկանները: Թեժ լեզվակռիվ սկսվեց, ոչ մեկը ոչ մեկի չէր լսում, խոսում էին զուգահեռ: Բագրատ սրբազանն էլ կոչ էր անում քաղաքացիներին հետ գալ, չշարունակել:
Կարդացեք նաև
«Ոստիկաններին մի վիրավորեք, մի գոռացեք, ոստիկաններն էլ լիքը վնասվածքներ ունեն»,- հակադարձում էին ոստիկանները:
Լեզվակռվին միացավ Բագրատ սրբազանը. «Քաղաքացիներին ստորացրել եք հայհոյանքներով, ո՞վ եք դուք»:
Ոստիկաններն էլ Բագրատ սրբազանին մեղադրեցին՝ ժողովրդին սադրելու, հրահրելու համար: Բագրատ սրբազանն էլ ասաց՝ լավ եմ անում, բայց ոստիկանները նրան կոչ արեցին լավ չանել, ճիշտ անել:
«Բառ եք սովորել, հրահրել»,- ասաց Բագրատ սրբազանն ու հեռացավ ոստիկանների մոտից:
Հետ գալով կառավարության շենքի մոտ՝ Բագրատ սրբազանը դիմեց ոստիկաններին ու ասաց, որ ամենամեծ հրահրողն իրենք են ու կրկին թվարկեց այն բիրտ ու հակաօրինական գործողությունները, որոնք երեկ ոստիկաններն արել են:
«Ինձ իմ կարգավիճակի մասին են ուզում հիշեցնել, ես գիտեմ իմ կարգավիճակը, դուք չգիտեք ձեր կարգավիճակը, պղծված եք ուղղակի… հրահրել են ասում, վահանով ինչու եք խփել Գոհարի գլխին»,- նման հարցադրում արեց Բագրատ սրբազանը ու նրա խոսելու ողջ ընթացքում ոստիկանները չանջատեցին ծառայողական մեքենաների ազդանշանները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ