ԱԺ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոստիկանության երեկվա գործողություններին։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ։ Եվ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրադիր օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, Հայաստանի պետականությունը։
Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմել է ոստիկաններին՝ ասելով՝ տղաներ, հանեք ձեր սաղավարտը, որովհետեւ ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ մարդը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց․ «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս եւ փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել։ Մինչդեռ, ակնհայտ է, որ նման բան չկա։ Քաղաքացին վիրահատվել է, եւ նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։ Բայց նաեւ տեսանյութերից պարզ դարձավ, որ քաղաքացին ինքը վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար վտանգավոր է եւ պայթել է նրա ձեռքի մեջ»։
Փաշինյանն ասաց՝ տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզում ենք լացել, թե՞ ուզում ենք պետություն կառուցել, չի կարելի երկուսը համատեղել իրար հետ։ Ցավոք, մենք մեր ընտրությունը հաճախ կատարում ենք հօգուտ լացելու, որովհետեւ ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը մեծ հաշվով, այո, կարող է լացացնել։ Բայց մեր ընտրությունը պարզ է՝ մենք ուզում ենք լացել, թե՞ ուզում ենք պետություն կառուցել։ Նաեւ ուզում եմ ասել, որ մենք չենք եղել եւ չենք լինի թույլ իշխանություն։ Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետեւ թույլ իշխանությունն աղետ է պետության համար։ Մենք լեգիտիմության ու օրենքի ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությունը, ժողովրդավարությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ