Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է հասկանալ, թե որքանով է իրատեսական ՀՀ ինտեգրումն արևմտյան կառույցներում, և թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ նման աշխարհաքաղաքական «ոլորանները». «Փաստ»

Հունիս 13,2024 12:04

Հայաստանի իշխանություններն օրակարգ են բերել արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մասին թեզը։ Իհարկե, դիվերսիֆիկացիան ընկալվում է որպես դրական գործընթաց, որը հնարավորություն է տալիս աշխատել մի քանի ուղղություններով։ Բայց խնդիրն այն է, որ դիվերսիֆիկացիան միայն հայտարարություններով չի լինում, անհրաժեշտ են համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարած ռեալ քաղաքականությանը, ապա նրանք ոչ թե փորձում են դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները, այլ փոխել արտաքին կողմնորոշման վեկտորը՝ իր տնտեսական հետևանքներով:

Դրա համար էլ նրանք ակտիվորեն սկսել են շրջանառել Հայաստանի եվրաինտեգրացման հեռանկարի մասին խոսակցությունները։ Ու դա տեղի է ունենում Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատությունների ֆոնին։ Բայց չափազանց կարևոր է հասկանալ, թե որքանով է իրատեսական Հայաստանի ինտեգրումն արևմտյան կառույցներում, և թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ նման աշխարհաքաղաքական «ոլորանները»։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ավելին, ժամանակի ընթացքում առևտրի հաշվեկշռում Ռուսաստանի մասնաբաժինն ավելի է մեծանում՝ անցնելով նույնիսկ 60 %-ի սահմանագիծը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական ապրանքների արտահանման 27 %-ը և ներմուծման 34 %-ը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունի բնական գազը։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը 165 դոլարով, ինչը լրացուցիչ մրցունակություն է հաղորդում ՀՀ տնտեսությանը։ Օրինակ՝ ԱՄՆ-ը Եվրոպային գազը վաճառում է 380 դոլարով։ Հաջորդ խոշոր ապրանքախումբը նավթամթերքն է՝ բենզինը, դիզելային վառելիքը։ Ու, ընդհանրապես, Հայաստանի էներգետիկ ոլորտն ուղիղ փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Միայն Մեծամոր քաղաքի մոտակայքում գտնվող ատոմային էլեկտրակայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 40 %–ը։ Իսկ ատոմակայանն աշխատում է Ռուսաստանի կողմից մատակարարված միջուկային վառելիքի հիմքով։

Ռուսաստանից ներմուծվող կարևոր ապրանքներից մեկն էլ ցորենն է, որի միջոցով Հայաստանը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։

Իսկ ինչ վերաբերում է արևմտյան երկրների հետ Հայաստանի առևտրին, ապա դրա հեռանկարներն այս պահի դրությամբ մշուշոտ են, քանի որ անկում է նկատվում։

Նույն ԵՄ-ն, որին անդամագրվելու ուղղությամբ այդքան ջանում են Հայաստանի արևմտամետները, չի ընդունում հայկական գյուղմթերքը և այլ ապրանքները: Եվ ընդհանրապես, ակնհայտ է, որ Արևմուտքին բացարձակ հետաքրքիր չէ մեր արտադրանքը: Գումարած՝ Արևմուտքում չկա հայկական ապրանքների արտահանման համար պարզեցված ու խրախուսող ընթացակարգ։ Իսկ երբ հաշվի ենք առնում, որ տնտեսությունն է նաև թելադրում քաղաքականություն, ապա պարզ է դառնում, թե որքան կարող են իրատեսական կամ տրամաբանական լինել ՀՀ իշխանությունների եվրոպական ձգտումները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930