ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավորների եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դժգոհեց, որ երեկ ընդդիմադիր պատգամավորների ելքն ու մուտքը սահմանափակվել է։
«Պարոն Նազարյան, նախ հանգստացեք, մի բղավեք։ Մի վայրկյան լռիր, պատասխանեմ, հարց ես տալիս։ Անընդհատ ինչ «պլաստինկեք» կա, միացնում ես։ Տրամաբանություն գոյություն ունի, այսինքն՝ դու ո՞նց եք պատկերացնում՝ ՔՊ պատգամավորները Բաղրամյանից մտնեն, իսկ մյուսները գան Դեմիճյանից մտնե՞ն։ Ես ասել եմ՝ որեւէ մեկի մուտքը չի սահմանափակվել։ Այսինքն՝ ուզել են պատգամավորները գան, Դեմիրճյանից մտնեն, իրենց թույլ չեն տվե՞լ։ Ոչ, դա սուտ է։
Ուզում եմ հասկանամ՝ երբ ոստիկանների վրա քար էիք շպրտում, այն մարդիկ, ովքեր դուրսը կանգնած էին, ձեր խմբակցության ներկայացուցիչներն էին այնտեղ․․․ Ի՞նչ ես անում հիմա դու այստեղ, կամ լքիր դահլիճը, կամ նստիր, Գեղամ, լռիր կամ լքիր դահլիճը։ Դուրս արի, ինչ ուզում ես, արա, մի խանգարիր նիստը։ Գեղամ, գնա, եկել հեքիաթներ են պատմում այստեղ։ Պարոն Նազարյան, լավ, դուք ադեկվա՞տ եք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բարձրացավ ամբիոն եւ Ալեն Սիմոնյանին ասաց․ «Դուք ստում եք, անձամբ ինձ չեն թողել»։ «Դու ես ստում, մի հատ գնա ստեղից, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, իջի ամբիոնից։ Հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, գնա ստեղից»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։
Սեյրան Օհանյանն ասաց, որ իշխանական պատգամավորները ստում են, իրեն անձամբ չեն թողել իր ուզած մուտքով տեղաշարժվել։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շարունակեց Ալեն Սիմոնյանի ոճով պատասխանել Սեյրան Օհանյանին․ «Արա, գնա ստեղից»։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Հետաքրքիրն այն է, որ միակ մարդու, ում մեքենայով թույլ են տվել, որ ներս մտնի, ինքն է եղել, երեսպաշտությունն ու սուտն էլ պետք է իր չափն ու սահմանը ունենա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ