«Երեկ ոչ լեգիտիմ իշխանության հերթական գործողության հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ եւ մի քանի ոստիկաններ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի, եւ պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով, ամենակոշտ ու հանցավոր գործողություններով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքի ու առողջության դեմ կազմակերպել հանցագործություններ, այլ նաեւ պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, բացի իր աթոռից»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ երեկվա կազմակերպված օպերացիան նախապես հստակ մշակված եւ դերաբախշմամբ իրականացված գործողություն էր։ «Նախ տեղեկատվական նախապատրաստություն էր իրականացվել, տասնյակ օրեր, ժամեր անընդհատ փորձ էր արվում վարկաբեկել շարժումը, շարժման առաջնորդին, վարկաբեկել անձանց, որոնց աջակցում են այս շարժմանը, այն բոլոր հաստատություններին, որոնք ազգային բնութագիր ունեն՝ եկեղեցուց սկսած, ավարտված կուսակցություններով։
Այնուհետեւ, որպեսզի տպավորություն ձեւավորվի, որ այս շարժումն իշխանատենչության շարժում է, փորձ էր արվում կեղծ մեղադրանքներ հնչեցնել շարժման տարբեր մասնակիցներին։ Հետո տեղի ունեցավ այն բուն գործողությունը, որը պետք է հաջորդեր այս տեղեկատվական նախապատրաստությանը։ Այն է՝ ոստիկանության բռնի գործողություններն արդարացնելը, բռնությունները քաջալերելն ու խրախուսելը, որն ուղեկցվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից այս ամբիոնից ոգեւորիչ խոսքերով՝ ուղղված բռնություններ կիրառած ոստիկանների հասցեին։ Անգամ պարգեւատրումների, գնահատման խոստումներով, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ջերմ ծափողջյուններով՝ ուղղված բռնություն կիրառող ոստիկաններին, ուղղված այն խոսքերին, թե ինչպես Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ինչպես այս իշխանությունը հայաթափեց Արցախը։ Եվ այդ ամենի հետո պետք է իրականացվեր գործողությունը։
Գործողությունը ծրագրված էր շատ պարզ՝ օպերատիվ սադրիչների միջոցով՝ թե այս դահլիճում, թե դահլիճից դուրս, հրահրել բախումներ։ Եվ որի արդյունավետ գործունեությունը պետք է լիներ այն, որ ոչ միայն հարյուրավոր քաղաքացիներ ստանային վնասվածքներ, այլ նաեւ տասնյակ քաղաքացիների նկատմամբ կարվեին կեղծ քրեական գործեր»,- ասաց Մինասյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Քննչական կոմիտեն կեղծ քրեական գործեր է հարուցում։ Մինչդեռ, եթե լիներ նորմալ, օրինական, օրինապահ քննչական մարմին, ապա պետք է քրեական գործեր հարուցեր ՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալած եւ իրենց լիազորություններից դուրս եկող պաշտոնատար անձանց նկատմամբ։
Պատգամավորը նաեւ ասաց, որ երեկվա գործողություններին զուգահեռ՝ Ազգային ժողովը վերածվում էր կիսափակ գաղութային ռեժիմի, արգելվում էր ելքն ու մուտքը, ամբողջությամբ խլացվում էր տեղեկատվությունը։
«Այս ամենը պատահական չի արվում, այս ամենն արվում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ներկա քաղաքական ռեժիմը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը եւ հիմա գործում է ապօրինի, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական եւ ժողովրդավարական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր Մարտի մեկերը բացառված չեն։ Միակ առավելությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ մահերն անխուսափելի էին։ Փառք Աստծո, որ Բագրատ սրբազանը կարողացավ ի սկզբանե այս ամենը կառուցել այն սկզբունքով, որպեսզի հետագա սադրանքներ տեղի չունենան»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել է եւ գումարվելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման ուղերձի քննարկման օրակարգով, լինելու է։ «Այդ օրը մենք գալու ենք, եւ եթե ՔՊ-ն քաղաքական կամք ունի, պետք է մասնակցի եւ իր հակափաստարկները բերի։
Երկրորդը, այս ելույթից հետո ՔՊ-ն իր ողջ կազմով փորձելու է երեկվա ամբողջ բախումների մեղքը բարդել շարժման, ընդդիմության, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց վրա, ում ի սկզբանե թիրախավորել է։
Ի տարբերություն իրենց սեւ գործն արած իշխանության ներկայացուցիչների՝ մենք գնում ենք հիմա տեսակցելու վիրավորում ստացած մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ ապօրինաբար ձերբակալված եւ ապօրինի քրեական գործերի շրջանակներում կալանքի տարվող մեր քաղաքացիներին։ Այս պայքարը չի կարող դադարել, այս պայքարը հանուն ՀՀ է, հանուն հայ ժողովրդի հարատեւ իրավունքների պաշտպանության է, հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանության է»,- հայտարարեց Մինասյանը
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ