Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյանի գործով ՍԴ-ն հակասող եւ անվավեր ճանաչեց

Հունիս 13,2024 11:37

Անդրադառնալով դիմումատու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիմումում բարձրացված հարցին, ՍԴ-ն արձանագրում է, որ օրենսդիրը խիստ սահմանափակել է բացառիկ վերանայման առարկայի շրջանակը:

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Մամիջանյանի դիմումը, հունիսի 7-ին հրապարակեց որոշումը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 40, 61 եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի մարտի 14-ից ՍԴ-ում էր Հայկ Մամիջանյանի դիմումը՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Դիմողի ներկայացուցիչներն էին՝ Ս. Պողոսյանն ու Ա. Նավասարդյանը, պատասխանողը՝ Ազգային ժողովն էր:
Սահմանադրական դատարանը դեռ 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ որոշել էր. Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը մասամբ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճել: Ապա, 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշմամբ, վիճարկվող դրույթի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի (այդ թվում՝ վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) սահմանադրականությունը գնահատելով Սահմանադրության 40-րդ հոդվածին եւ 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության առումով, որոշել է. «1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:

Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»: Դիմողը՝ թիվ ԵԴ/0753/11/21 գործով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ մերժվել էր: Ըստ դիմողի՝ անկախ որեւէ հանգամանքից եւ առանց որեւէ բացառության կամ վերապահման, նոր հանգամանքի հիմքով վերանայման ենթակա պետք է լինեն բոլոր այն վերջնական դատական ակտերը, որոնցով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, ինչպես նաեւ, երբ ՍԴ-ն, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930