«Քիչ առաջ իմացանք, որ կառավարության նիստի օրն է տեղափոխվել, նաեւ իմացանք, որ 45 հարցից 44-ը չզեկուցվող է: Մի հարց ընդամենը ունեն զեկուցվող: Սա փաստում է ժողովրդավար Հայաստանի դեմքը: Նիստը տեղի չի ունեցել, որովհետեւ երկրում կառավարություն չկա, ժողովրդին պաշտպանող որեւէ իշխանություն գոյություն չունի: Երեկ երեկոյան էլ, որ այդ հատուկ միջոցները կիրառել են,վստահեցնում եմ՝ դրանք ոչ միայն լուսաձայնային էին, այլեւ բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ: Մեր բոլոր վնասվածքները բեկորային վնասվածքներ են: Պետք է նաեւ փորձաքննության հանձնենք, տեսնենք՝ ինչ միջոցներ են, որովհետեւ երեկ հնչում էր նաեւ, որ դրանք թուրքական միջոցներ են: Այս պահին չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը, լրագրողներից մեկի ու ոստիկաններից մեկի՝ մեծավորներից, խոսակցությունն եմ ասում» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախմանը ու քաղաքացիների դեմ կիրառված հատուկ միջոցներին:
Բագրատ սրբազանն ասաց՝ նախատեսում են այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, հանրահավաք Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում: Նրա խոսքով, քննարկումներ կունենան նաեւ իրենց հետագա գործողությունների վերաբերյալ. «Երեկվա մեր ողջ ծրագիրը առաջիկայի հետ կապված փոխվեց, այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են: Բազմաթիվ վիրավորներ ունենք, կալանքի տակ գտնվողների վերջնական թիվն էլ չենք կարողացել ճշտել, չափազանց մեծ թիվ է»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն ասաց, որ այցելել են երեկվա դեպքերից հետո հիվանդանոցներ տեղափոխված ոչ միայն վիրավոր քաղաքացիներին, այլեւ ոստիկաններին. «Միայն մեկի այտն էր պատռված եղել, մնացածը շատ լավ վիճակում են, այստեղ էլ էին ստում»:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ կատարվածի միակ մեղավորը Բագրատ սրբազանն ու վեհափառ հայրապետն են՝ Բագրատ սրբազանն այսպես արձագանքեց. «Ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ կենսագրություն, ո՛չ էլ հայրենիք: Նրանք կարող են թաքնվել ոստիկանների թիկունքում ու բարբաջել ինչ ուզում են: Որեւէ պատասխանատվությունից չեմ խուսափում: Այս կույրաղիքը, արդեն քաղցկեղը պետք է վերացնել մեր կյանքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ