Ադրբեջանի օկուպացրած Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրեն այդպես էլ նորմալ չեն բացատրել, թե ինչու են բերման ենթարկում։
«Խոսում էին մեքենայի մասին, որը պատկանում է Հաթերքի համայնքապետարանին, որը Արցախից դուրս բերելուց հետո, օրենքին համապատասխան, սեփականացվել է։ Ինձ բերման ենթարկելուց հետո, որոշ ժամանակ պահել են ու բաց թողել։
Կրկնում եմ՝ մեքենան, որի մասին իրենք հիշատակում են, եղել է համայնքապետարանի սեփականությունը, բայց Արցախից բռնի տեղահանվելուց հետո, Հայաստանում օրինավոր ճանապարհով մեքենան վերանվանակոչել եմ իմ անունով։ Գործընթացում որևէ ապօրինի բան չի եղել, նույնիսկ իրենց եմ փաստաթղթերը ցույց տվել, եթե գործարքն ապօրինի էր, ինչո՞ւ էին անում»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի սեպտեմբերին, երբ բռնի տեղահանվում էին Արցախից, Հաթերքում թողել են հարյուրավոր տեխնիկա, մեքենաներ։
Կարդացեք նաև
«Բռնի տեղահանման ընթացքում մեր գյուղը սարսափելի ձևով է դուրս եկել՝ մի քանի րոպեների ընթացքում պետք է դուրս գայինք։ Ոչ մի բան որևէ մեկը չի հասցրել իր հետ վերցնել, ով ինչով կարողացել, դուրս է եկել։ Մեր գյուղից միայն այդ մեքենան եմ վերցրել ու դուրս եկել։ Թող գնան մեր գյուղից բոլոր տեխնիկաները հանեն՝ ինձ տան, ես այս մեքենան իրենց կտամ, մի մեքենա էլ կառնեմ, հետը կտամ»,- հավելեց Վարդան Գրիգորյանը։
Զրուցակցի համար պարզ չէ, թե ինչու ամիսներ անց, հանկարծ ՀՀ իշխանությունը հիշեց մեքենաների մասին, այսինքն՝ պարզ է և գիտի, բայց դրա մասին չի բարձրաձայնում, ամեն ինչ թողնում է հանրության վերլուծությանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում