Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են, այդ թվում՝ այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ. ՀԺՄ

Հունիս 13,2024 00:27

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու, հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։

Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են, այդ թվում՝ այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը։

News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին ոտքի կտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի:

Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ էր ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։

Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։

Ազգային ժողովի մոտ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետևանքով վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։

Ոստիկանական ուժերի ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:

Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանն այս պահին հիվանդանոցում է:

Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների արդյունքում տուժել են ABC media-ի լրագրողներն ու օպերատորները:

Հարվածներ է ստացել և ուշագնաց է եղել PARA TV-ի լրագրողը, վնասվել է տեխնիկան:

Թեթև վնասվածք է ստացել LIVEnews.am լրատվական կայքի օպերատորը:

Ուշագրավ էր նաև այն, որ ԱԺ մոտ հրմշտոցի ժամանակ՝ լարված իրավիճակում, սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը, և իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։

Միևնույն ժամանակ հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով։

 

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930