ՀՀ դատական մարմինների կողմից Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները վկայում են, որ Հայաստանի դատական համակարգի աշխատողներն առաջնորդվում են իրենց գերագույն ղեկավարի այն հայտնի հայտարարությամբ, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» (որն իրականում Սրցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հանրահայտ խոսքն է)։
Այլապես ՀՀ դատավորներն ի՞նչ իրավունքով պիտի ՀՀ քրեական օրենսգիրքն առած, քուջուջ անեին Արցախի Հանրապետությանը պատկանող պետական գույքերի խնդիրներում։
Եթե իրոք Արցախը Հայաստան է, Արցախի Հանրապետության քաղաքացիներն էլ ՀՀ քաղաքացիներ են, ապա այդ դեպքում հարց է ծագում` Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ստել, ողջ աշխարհին խաբել, թե Արցախ-Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
Հիմա, ըստ արցախցի քաղաքապետներին դատող ՀՀ դատավորների, Արցախը Հայաստա՞ն է, թե՞, ինչպես իրենց գերագույն ղեկավարն է հետո միտքը փոխել եւ հայտարարել Ադրբեջանի մաս։
Կարդացեք նաև
Եթե Արցախը ադրբեջանական տարածք է, ապա արցախցիների նկատմամբ քաղաքական հետապնդումներ ձեռնարկած ՀՀ դատավորներն ի՞նչ իրավունքով են քննարկում Ադրբեջանին պատկանող տարածքի ավտոմեքենաների ու այլ գույքի խնդիրները։ Արդյո՞ք դրանով նրանք քիթները չեն խոթում հարեւան երկրի ներքին խնդիրների տիրույթ։ Երրորդ տարբերակը` մնում է ենթադրել, որ ամեն ինչ կատարվում է օրենքով, որովհետեւ ինչպես Ալիեւն ու ալիեւներն են հայտարարում` Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է, Երեւանն էլ` Էրիվան, ու ահա Արեւմտյան Ադրբեջանի ազգությամբ հայ դատավորներն իրականացնում են իրենց Ադրբեջան երկրի դատաիրավական համակարգի գործառույթները։ Այս պարագայում ամեն ինչ հասկանալի է ու պարզ։ Չնայած այդ դեպքում այսպիսի հարց է ծագում` ինչո՞ւ հայ դատավորներն ազերական քրեական օրենսգրքով չեն առաջնորդվում։
Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2024