Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հայաստանյան մշակութային կյանքում

Հունիս 13,2024 13:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 16-ին կկայանա նորաստեղծ ARMENIAN BRASS QUINTET պղնձե փողային անսամբլի առաջին բեմելը։ Հայաստանյան մշակութային կյանքում սա միանշանակ երեւույթ է, քանի որ թե մասնագետները, թե մենք չենք հիշում, որ որեւէ փողային անսամբլ երբեւէ բեմ է բարձրացել երեւանյան համերգասրահներում։ Տարբեր կազմերի փողային անսամբլները հիմնականում ստեղծվել են ժամանակավորապես, միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ուսումնական ծրագրերի պահանջներով։ Կարելի է ենթադրել, որ սրանով է պայմանավորված մասնագետների հետաքրքրությունը վերոնշյալ կվինտետի կայանալիք համերգի նկատմամբ, թեեւ անսամբլում ընդգրկված երաժիշտները ծանոթ են նույնիսկ երաժշտասեր հանրությանը։ Բայց այդ մասին՝ փոքր-ինչ ուշ։

Հաճախ առիթ չի լինում անդրադառնալ փողային երաժշտությանը, թեեւ մենք ունենք 1964թ. ճանաչված փողհար Հայկազ Մեսիայանի հիմնադրած «Երեւան» փողային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է շեփորահար Հայկ Հովակիմյանը։ Իսկ ինչու նվագախմբի ելույթներին հաճախ ականատես չենք լինում՝ այլ թեմա է։ Առաջարկում ենք մի փոքր էքսկուրս՝ հիշատակելու այս ոլորտում ճանաչված որոշ երաժիշտների։ Նրանցից մի քանիսը խորհրդային տարիներին հնչեղ անուններ են եղել, հանդես են եկել ոչ միայն որպես մենակատար, այլեւ տասնամյակներ շարունակ աշխատել են նվագախմբերում, զուգահեռելով աշխատանքը մանկավարժությամբ։ Նրանցից են շեփորահար Յուրի Բալյանը, տրոմբոնահար Օմար Պապիկյանը, կլարնետահար Աբգար Մուրադյանը, ֆլեյտահար Լեւոն Ալոյանը… հետո արդեն հոբոյահար Հովհաննես Պապիկյանը, ֆլեյտահար Եվգենի Նոնիկյանը, տուբահար Վաղինակ Պեպանյանը, հոբոյահարներ Աշոտ Գալստյանը, Հարություն Շախկյանը… Բնականաբար, ցանկը կարելի է շարունակել։ Այսօր ունենք փողային գործիքների իսկապես հիանալի կատարողներ։ Շուտով «Դասական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի երիտասարդ հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Դարձյալ երիտասարդ երաժիշտ, շեփորահար Դանիել Մելքոնյանը հասցրել է ճանաչում ստանալ արտերկրում, դափնիներ շահել միջազգային մրցույթներում։ Այսուհանդերձ, երաժշտական հաստատություններում փողային երաժիշտների պահանջ կա։

Մեր իրականությունում փողային անսամբլների ելույթների իսպառ բացակայության առիթով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նման անսամբլների պատմությունը սկիզբ է առել իտալական վերածննդի շրջանից, սակայն 17-18-րդ դարերում այդ ժանրը գրեթե ամբողջությամբ մոռացության է մատնվել։ Արդեն 19-րդ դարի կեսերին պղնձե փողային անսամբլների համար երաժշտությունը սկսել է վերածնվել հիմնականում Բեռլիոզի շնորհիվ, ով իր գործերում լայնորեն օգտագործում էր պղինձը։ Պղնձե փողային կվինտետի համար էլ առաջին բնօրինակ երկերը երկար ժամանակ համարվել են ռուս կոմպոզիտոր Վիկտոր Էվալդի չորս կվինտետները, որոնք գրվել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Վերջերս ֆրանսիական մամուլից տեղեկացանք, որ հայտնաբերվել են կոմպոզիտոր Ժան Ֆրանսուա Բելոնի 12 կվինտետները, որոնք գրվել են 19-րդ դարի 40-ականներին, այսինքն՝ Էվալդի ստեղծագործություններից մոտ 60 տարի առաջ։

Հիմա անդրադառնանք ARMENIAN BRASS QUINTET-ի կայանալիք համերգին, ինչի առիթով զրույցի հրավիրեցինք այդ անսամբլի գալարափողահար Արմեն Կարագյանին, որին ծանոթ ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի ելույթներից։ Նախ նա ներկայացրեց կվինտետի իր գործընկերներին. շեփորահար Ազատ Հարությունյան, ով ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, շեփորահար Նարեկ Գրիգորյան, որն աշխատում է Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, պետական սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնահար Վարդան Պապիկյան եւ տուբահար Դավիթ Ասրյան, որը «Երեւան» փողային նվագախմբի երաժիշտներց է։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կվինտետի ստեղծման գաղափարը եղել է միշտ՝ դեռեւս ուսանողական տարիներից. «Ես ու գործընկերներս փողային տարբեր կազմերով անսամբլների փորձ ունենք, այդ թվում՝ նաեւ պղնձե փողային։ Սա դասական կազմ է։ Նման կվինտետներ վաղուց կան աշխարհում, հատկապես կուզեի նշել նրանցից հանրահայտներին՝ CANADIAN BRASS-ին եւ BOSTON BRASS-ին։ Ինչո՞ւ Հայաստանում կամ Երեւանում չունենանք նման անսամբլ…»։

Հետաքրքրությանը՝ կվինտետը ի՞նչ ծրագրով է հանդես գալու եւ արդյոք ունե՞նք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հատուկ գրված պղնձե փողային կվինտետի համար, երաժիշտն ասաց. «Կհնչեցնենք Ալեքսանդր Հարությունյանի «Հայկական էսքիզները», Էնրիկե Կրեսպոյի «Ամերիկյան սյուիտը», Վիկտոր Էվալդի թիվ 1 կվինտետը՝ գրված հատուկ պղնձե փողային կվինտետի համար, ինչպես նաեւ կկատարենք Պիացոլայի եւ Արթուրո Մարկեսի երկու փոխադրություն»։

Բարի բեմել մաղթելով կվինտետին, հույս հայտնեցինք, թե անսամբլի գործունեությունը կդառնա շարունակական եւ, ինչու ոչ՝ գուցե պետական կարգավիճակ ստանա, մանավանդ մեր երկրում տարբեր կազմերով պետական անսամբլների թիվը (տրիո, կվարտետ…) հաշվելու համար մեկ ձեռքի մատներն էլ են շատ։ Արմեն Կարագյանի արձագանքը հետեւյալն էր. «Առայժմ մեր մտադրությունն է Հայաստանում ունենալ մշտական գործող պղնձե փողային դասական կազմով կվինտետ…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930