Լրահոս
Օրվա լրահոսը

Համառ պայքար` հայ-ադրբեջանական հաշտեցման գործում գլխավոր դերակատարի համար

Հունիս 13,2024 12:00

Սերգեյ Կոպիրկինը վերադարձավ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը խորհրդակցությունների էր կանչվել Մոսկվա մայիսի 24-ին, վերադարձել է Երեւան, հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը եւ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը շուտով կվերադառնա Հայաստան, իսկ Երեւանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նա ընդգծել էր՝ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որ բավականին հաճախ է կիրառվում»։ Հայաստանի ԱԳՆ-ից ասել էին, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Ի դեպ, վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում հաջողության հույս ունի։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել էր. «Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Ադրբեջանցի ընկերների եւ մեր միջեւ այդ զրույցն այժմ ընթանում է եւ հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի»։

Գալուզինը չէր հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել։ Սակայն ավելի վաղ ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, թե Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել եւ այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։ Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյան իր խոսքում օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ «Խանքենդի»։

Պաշտոնական Բաքուն հրապարակավ չի արձագանքել այս հայտարարությանը։ Սակայն Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխանական քարոզչական խոսափող համարվող Ռասիմ Մուսաբեկովը նկատել էր, թե Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել իր ներկայությունը Ղարաբաղում։

Մոսկվան դժգոհ է Հայաստանի պահվածքից, բայց…

Հայաստանը խուսափում է արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության խողովակներով շփվել Ռուսաստանի հետ, անցյալ շաբաթ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն՝ այն համարելով Արեւմուտքի ճնշման արդյունք։

Ընդգծելով, որ 2023 թվականի նոյեմբերից Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել՝ Գալուզինն ասել է, թե «գործընկերները շահագրգռված չէին» արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցությունների ծրագիր մշակելու եւ ստորագրելու Մոսկվայի առաջարկով։ «Մեր մեղքով չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջեւ շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես արեւմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել Մոսկվայի հետ կապերը», – ասել է Գալուզինը։

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ խնդրահարույց հարցերի ուղղությամբ աշխատելու Երեւանի մտադրությունները գործնական ընթացք կստանան։ «Մենք պատրաստ ենք դրան», – ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը միեւնույն ժամանակ նշել էր, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ երկկողմ շփումները չեն ընդհատվում՝ հիշեցնելով մայիսի 8-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, իսկ փետրվարին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։

ՌԴ-ն պատրաստակամ է աջակցելու Երեւանի եւ Բաքվի հաշտեցմանը

Ռուսական կողմը շարունակում է հիշեցնել իր` Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործում որպես հիմնական դերակատար լինելու հանգամանքը…

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երեւանի եւ Բաքվի հաշտեցմանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նաեւ ընդգծեց Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել էր, որ դրական են գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի մայիսի 10-ին եւ 11-ին Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումները՝ շեշտելով, որ այն եւս մեկ կարեւոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին։ «Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին եւ հուլիսին, ընդունել է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների փուլերը», – նկատել էր Գալուզինը՝ նշելով, որ պատրաստ են շարունակելու լիարժեք աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստելու փոխընդունելի եւ հավասարակշռված լուծումների որոնմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ու բարգավաճման»։

Դիվանագետը նաեւ բարձր էր գնահատել Աստանայի դերը հայ-ադրբեջանական շփումների համար։ «Կարեւոր է, որ նման հանդիպումները համահունչ են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում», – հավելել էր Գալուզինը:

Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի: Սակայն բանակցություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երեւանի համար կարեւոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու եւ տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա:

Օրերս Հայաստանի ԱԳՆ-ն փոխանցեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Երեւանն ադրբեջանական կողմի այդ առաջարկները ստացել էր ապրիլի 26-ին, դրանից հետո էին երկու երկրների արտգործնախարարները հանդիպել Ալմաթիում։

Ռուսական կողմի դժգոհության մշտական թեման

«Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները ոչ թե պաշտպանում են այդ երկրի սահմանները, այլ զբաղված են Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», – նույն հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «այն ռիսկերից շատերը, որոնց հիմա բախվում է Հայաստանը, կարելի կլիներ չեզոքացնել, եթե Երեւանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ հովանու ներքո նախատեսված եւ իրավիճակի կայունացմանը միտված գործողությունների ծրագիրը»։ Այդ ծրագիրն, ըստ Գալուզինի, ռազմատեխնիկական աջակցություն էր նախատեսում, ինչպես նաեւ մոնիտորինգային առաքելության տեղակայում եւ սահմանապահ զորքերի մարզումներ։

ԵՄ դիտորդներին ներկայացնելով ընդդեմ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերի, Մոսկվան խորամանկորեն մատնանշում է նաեւ Իրանին, սակայն հարկ է նկատել, որ պաշտոնական Թեհրանը ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդների գործունեության վերաբերյալ հրապարակային, հստակ հայտարարություն չի հնչեցրել:

Բացի այդ, տարօրինակ է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդների գործունեությունից այդչափ նեղվող Մոսկվան չի նկատում Ադրբեջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայությունը, ինչպես նաեւ` Իսրայելի ներկայությունն այդ երկրի ռազմական, պաշտպանական ոլորտներում, որի մասին, ի դեպ, պաշտոնական Թեհրանը պարբերաբար բարձրաձայնում է:

«Հաջող, հուսալի, շատ պրագմատիկ». Պուտինը` Մոսկվա-Բաքու հարաբերությունների մասին

Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել լոգիստիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքը, անցյալ շաբաթ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ նրա՝ դա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավին, այլ նաեւ լոգիստիկայի մյուս հատվածներին, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Պուտինն արտասահմանցի լրատվականների մի խումբ լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են հաջող, նաեւ հիմնված «միմյանց հանդեպ համակրանքի վրա»։

Ադրբեջանում ռուսաց լեզվին աջակցությունը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարեւորության մասին, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցուպատասխանի ժամանակ։ «Ես գիտեմ, որ նախագահ Ալիեւը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը։ Սա տեսանելի է բոլոր վեկտորներում: Սա նշանակում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կգա Ադրբեջանի քաղաքացիներին», – ասել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը գոհունակությամբ է խոսել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններից՝ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են «հաջող, հուսալի, շատ պրագմատիկ»: «Մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը՝ միջպետական կապեր կառուցելու հենց փոխադարձ շահերի հիման վրա եւ, ես նույնիսկ կասեի, միմյանց նկատմամբ որոշակի համակրանքով: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երեք հարյուր դպրոցների առկայությունը, որոնք գործում են ռուսերենով Ադրբեջանում», – հավելել է ՌԴ նախագահը:

Այսպես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի, սա Պուտինի դիրքորոշումն է: Նախագիծը խոստանում է դառնալ շատ շահավետ եւ պահանջված, այն թույլ կտա բեռները հասցնել 10 օրով ավելի արագ, քան Սուեզի ջրանցքով։ Ռուսաստանի նախագահի համոզմամբ` դրանում ներդրումները հուսալի են, հետեւաբար, շահութաբերությունը կլինի երաշխավորված։ Նա նաեւ շեշտեց, որ օտարերկրյա ներդրողները, այդ թվում արաբական հիմնադրամները, հետաքրքրություն են ցուցաբերել «Հյուսիս-Հարավ» միջանցքում ներդրումների նկատմամբ։

Ահա եւս մի նոր ապացույց, թե որքան խորքային, փոխշահավետ համագործակցություն է այսօր ընկած Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության հիմքում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Քանի Լավրովն է Ռուսիո արտգործնախսրարը ՀՀ-ն չնետք է նրա հետ շփուշներ ունենա՝նա է 44 օրյա պատերազմի «հոգւոր հայրը»-երբ ադրբեջանում մի քանի երկրների զորամիաէորումներ զորավարժություններ էին անում նա հայտարարել էր 2020 օգոստոսին որ հայերը պետք է վերադարձնեն յոթ շրջանները՝խախտվել է մինսկի խմբի անկողմնակալության սկզբունքը։ Եւ Լավրովը ամեն ջանք ներդրեց ալիեւի ցանկությունները կատարելու համար՝իր հասանելիքը ստանալու միտումով։
    Ի միջի այլոց Պուտինի «թույլ օղակներից» մեկը Լավրովն է——

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930