Քլինգեն երգչախումբը եւ Մշակութային ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան եւ Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո օրերս Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրեց լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։
Երաժիշտները եւ հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելեցին Ուելսում Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին:
Ուելսի Հայ համայնքային կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը ներկայացրեց հիշատակի Խաչքարի կանգնեցման պատմությունը, որն իր նախաձեռնությամբ տեղադրվել է Խաղաղության տաճարի պարտեզում 2007 թ.՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Անուհետեւ Լոնդոնից ժամանած այցելուների խումբը զբոսնեց քաղաքի կենտրոնում՝ այցելելով Քարդիֆի ամրոցը, Ուելսի Թագավորական երաժշտական ակադեմիան եւ մի շարք այլ պատմամշակութային վայրեր:
Սուրբ Գերմանի եկեղեցու սրահում տեղի ունեցավ ընդունելություն-հյուրասիրություն եւ ցուցահանդես, որին հաջորդեց համերգ պատմական Սուրբ Գերման եկեղեցում:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկայացված էին 18- 19-րդ դարի Օսմանյան կայսրության տարածքում հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, արվեստի յուրահատուկ նմուշներ։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Կոմիտասի ձեռագրերի, ձայնագրությունների եւ գրքերի, նոտաների ու խազերի բացառիկ ցուցահանդեսը։ Կարճ դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչուհի Մարիամ Թորոսյանը, որը բնակվում եւ ստեղծագործում է Քարդիֆում։
Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Սիփան Օլահը (դիրիժոր/տենոր/դաշնամուր, համերգի ղեկավար), Եվգենյա Տերենտիեւան (դաշնամուր), Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Նարինե Մալխասյանը (սոպրանո), Էլվիրա Մարգարյանը (սոպրանո), Հելեն Ռոթշելը (մեցցո-սոպրանո), Հակոբ Ջեք Մուրադյանը (հոբոյ) հանդես եկան սոլո կատարումներով։ Համերգին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Քլինգեն երգչախումբը եւ վոկալ անսամբլը։
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ ունեցավ Կոմիտասի եւ նրա թողած թանկագին մշակութային ժառանգության մասին։ Նա կարեւորեց Ուելսի հասարակության եւ հայ ժողովուրդների միջեւ ամուր կապը, համագործակցությունն ու բարեկամությունը։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Քլինգեն երգչախմբին եւ Մշակութային ասոցիացիային՝ գլխավորությամբ մաեստրո Սիփան Օլահի եւ Ուելսի Հայ համայնքային կենտրոնին՝ մեծն Կոմիտասի երաժշտության պրոֆեսիոնալ ներկայացման եւ ավելի քան 22 ստեղծագործությունների կատարումների համար։
Ուելսի Հայ համայնքային կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը հոբելյանական այս բացառիկ միջոցառման համար հատուկ Կոմիտասի անվան շքանշան-մեդալներ հանձնեց մաեստրո Սիփան Օլահին եւ Նորին Գերազանցություն դեսպան Վարուժան Ներսեսյանին։ Ջոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց KCCA-ին հայ երաժշտությունն ու արվեստը Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու եւ հանրահռչակելու շարունակական եւ նվիրված աշխատանքի համար։ Միջոցառման հյուրեր էին Սթիվեն Թոմասը, Հայր Նիկոլասը եւ Լեյբորիստ պատգամավոր Սթիվեն Դաութին, ինչպես նաեւ հայ եւ ուելսցի երաժշտասեր հանդիսատեսը: Սա փայլուն հնարավորություն էր առաջին անգամ ականատես լինելու Ուելսում Կոմիտասին նվիրված մեծամասշտաբ համերգ-ցուցահանդեսին եւ վայելելու գեղեցիկ Քարդիֆ քաղաքը։
«Առավոտ» օրաթերթ
12.06.2024