Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում նախաձեռնելու մասին կողմերի միջեւ միջազգային պայմանագիր գոյություն չունի
Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ ներկայումս նախաձեռնած պետական սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործառույթը դա Պրահայի 2022թ. հոկտեմբերի 7-ի Ի. Ալիեւ եւ Ն. Փաշինյան երկկողմ հայտարարության կամ համաձայնագրի, ինչպես նաեւ նույն օրը Ռ. Էրդողան եւ Ն. Փաշինյան մեկ ժամ տեւած բանակցելու անմիջական շարունակությունն է:
Ն. Փաշինյանը Պրահայի դավաճանական փաստաթղթով Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք, իսկ սահմանագծման փուլում ի կատարումն Ի. Ալիեւին եւ Էրդողանին ստանձնած պարտավորությունների, օտարելու է նաեւ ՀՀ այլ տարածքներ (Էրդողանն ասել է. «Հայաստանը Ադրբեջանի հանդեպ ունի իրավական պարտավորություններ, որը շուտափույթ պետք է կատարի Փաշինյանը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը»): ՀՀ վարչապետը հիշյալ պարտավորությունների իրականացումը սկսել է Տավուշի մարզի պետական սահմանագոտում եւ գրեթե ավարտվել է:
Քանի որ հիշյալ գործողությունները ուղղված են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ, ուստի փորձենք դիտարկել պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հասկացությունների էությունը, ինչպես նաեւ ՀՀ օրենքները, որոնք կարգավորում են տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության հարաբերությունները:
Կարդացեք նաև
Պետական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում հասկացությունները
Պետական սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը դրանք պետությունների միջեւ պետական սահմանների, միջազգայնորեն ձեւակերպելու պրոցեսներ են:
Սահմանի սահմանագծումը դա պետական սահմանը սահմանագծելու մասին, միջազգային-իրավական փաստաթղթի հիմքով՝ պայմանագիր, քարտեզ, սահմանի նկարագրություն, տեղում պետական սահմանի գծի որոշելն է, ինչպես նաեւ այդ գծում հատուկ սահմանային բացատրող ցուցանակի տեղակայելն է:
Պետական սահմանի սահմանազատելը դա կողմերը բանակցելու միջոցով տեղում որոշված պետական սահմանի գծի ծագումը, միջազգային պայմանագրում ներառելը եւ նրան կից քարտեզում գծագրելն է:
Տավուշի մարզում պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործառույթը օրինակա՞ն է, թե՞ ոչ
Նկատենք, որ Տավուշի մարզի պետական սահմանագոտում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական հանձնախմբերը բանակցելու ընթացքում տեղում արդեն որոշել են երկու պետությունների միջեւ սահմանային գիծը եւ տեղադրվել է հատուկ բացատրող ցուցանակ կամ՝ սյուներ, իսկ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին հանձնվելիք տարածքի կամ բնակավայրերի բնակչությանը (Կիրանց եւ այլն) ժամկետ են տվել ազատել իրենց սեփական տները:
Սա նշանակում է, որ կողմերը Տավուշի մարզի պետական սահմանագոտում սահմանագծման եւ սահմանազատման գործառույթն ավարտել են եւ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխում կամ՝ խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Իմ պատկերացմամբ, Տավուշի մարզում տեղի ունեցած պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործառույթը ակնհայտ ապօրինություն է, որովհետեւ.
1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ վերպետական, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ ՀՀ-ի տարածքի փոփոխությանը վերաբերվող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Եվ հանրաքվեն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում է Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2.Պետությունների միջեւ պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատման գործառույթը միջազգային բնույթ ունի, եւ կատարվում է միջազգային պայմանագրի եւ քարտեզի հիմքով, այլ հիմք է ընդունվել Ալմա-Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, որը ոչ թե միջազգային պայմանագիր է, այլ հայտարարություն՝ նախկին ԽՍՀՄ-ը, որպես միջազգային սուբյեկտ, լուծարելու մասին:
Մինչդեռ, ինչպես հայտնի է, իշխանությունները Տավուշի մարզի սահմանային գոտում ՀՀ տարածքը փոփոխելու առնչությամբ հանրաքվե չեն նշանակել եւ Ազգային ժողովում դրա վերաբերյալ որոշում չի ընդունվել: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում նախաձեռնելու մասին կողմերի միջեւ միջազգային պայմանագիր գոյություն չունի:
Հետեւաբար, ըստ իս՝ ՀՀ վարչապետի, ԱԺ խոսնակի եւ այլ պետական այրերի գործողությունները, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետության պետական տարածքի փոփոխման, քրեական հետապնդելի արարքներ են եւ համընկնում են ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի (տարածքային ամբողջականությունը խախտելու կամ ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածին (իշխանության կամ ծառայողական լիազորությունների անցնելը) հանցագործությունների կազմերի հատկանիշներին:
Իմիջիայլոց, Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը կոչված է հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու կամ նրա օբյեկտը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը:
Այդ հանցագործության օբյեկտիվ կողմը բովանդակում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ՀՀ տարածքի մի մասը առանձնացնելուն կամ այլ պետությանը հանձնելուն, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները:
Իսկ հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորության ձեւով, ըստ որում, հանցավորը գիտակցում է, որ ՀՀ-ի տարածքը հանձնում է այլ պետությանը, ցանկանում է եւ հատուկ նպատակով խախտում է ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Այս հանցագործությունը համարվում է ավարտված օբյեկտիվ կողմի որեւէ գործողություն կատարելու պահից: Հանցագործության սուբյեկտ համարվում են տասնվեց տարին լրացած, մեղսունակ, ֆիզիկական անձինք (Ծանուցում. Տավուշի մարզում պետական սահմանի փոփոխման գործընթացում իշխանության ներկայացուցիչների գործողություններում առկա են քննարկված հանցագործության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերի հատկանիշները եւ տարրերը):
Հիմա պետության տարածքային ամբողջականության, անձեռնմխելությունը ապահովելու առնչությամբ համադրենք մեր եւ այլ պետությունների ղեկավարների դիրքորոշումները եւ ջանքերը:
Օրինակ, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք, Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ով ազգությամբ հրեա է, հայտարարեց, որ «մենք պետք է մեր հողերն ազատագրենք ամբողջական» եւ մինչեւ օրս կամ երեք տարի է, արիաբար կռվում են հզոր Ռուսաստանի դեմ: Իսկ երբ մի շարք պետություններ Ուկրաինայի ժողովրդին էվակուացնելու աջակցություն հայցեցին, նա ասաց. «Մեզ տաքսիներ պետք չեն, զենք տվեք կռվելու»:
Ի տարբերություն մեր պետության հայ կոչված պարագլխի, ով իր զազրախոսություններով հրահրեց պատերազմ, եւ 44 օրում թեթեւամտորեն հանձնվեց ու թշնամուն հանձնեց հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները եւ պատմական Շուշին: Այնուհետեւ նա խաղաղ պայմաններում Արցախը միակողմանի ճանաչեց Ադրբեջանի տարածք, որով օժանդակեց թուրք-ադրբեջանական բանակի կողմից Արցախի գրավելուն, ապա «տաքսիներով» Արցախի ժողովրդին էվակուացրին Հայաստան, իսկ այժմ հատ առ հատ նրանց կալանավորում եւ ազատազրկում են շինծու մեղադրանքներով:
Ուկրաինան եւ Ռուսաստանը պատերազմում են հողի համար: Նրանց ղեկավարները անզիջում են եւ պատերազմի վերջը չի երեւում: Իսկ մեր պարագլուխը կռվում է իր ժողովրդի դեմ, ովքեր պաշտպանում են իրենց հայրենի հողը: Այս պարագայում մենք գործ ունենք ներքին թշնամիների հետ:
Մեր նախորդ հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Ն. Փաշինյանը երբեւէ հրաժարական չի ներկայացնելու, իսկ ներկայումս սահմանադրական կարգով նրան հեռացնելն անհուսալի է: Ուստի նրան եւ նրա ղեկավարած վարչախմբին օր առաջ պետք է հեռացնեն օրինական կարգով, իրավունքի ուժով, այսինքն, քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր են նախաձեռնել քրեական հետապնդում:
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մոսկվա, իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
12.06.2024