«Իրենք են օրենքից խոսո՞ւմ․օրենքի ամենավերջին տառն խախտողներն են իրենք։ Այգում կանգնած մարդիկ ի՞նչ պիտի անեին։ Մարդիկ երթ էին իրականացնում Պռոշյան փողոցում, ինչո՞ւ ձերբակալեցին, սադրեցին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներին։
«Մենք չենք հարձակվել շենքերի վրա, ոչ մի բան չենք ջարդել։ ԱԱԾ-ն է թե՞ դատախազությու՞նը՝ չգիտեմ, դեռ ոչ մի բան չսկսած՝ հայտարարում են անօրինականությունների մասին։ Այսինքն նախապես գործը պատրաստում են»,-հայտարարեց Սրբազանը։
Նրա խոսքով՝ «միայն ամբիոնից են կարողանում հոխորտալ, այդ մարդը չկա (նկատի ունի Փաշինյանին-Հ․Ջ․)»։ Մեր այն դիտարկմանը, եթե չկա, ապա ինչու են պատգամավորները հարցեր ուղղում նրան՝ Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ես չեմ հետեւել, բայց ենթադրում եմ որ իրավիճակի մասին են հարցեր տվել կամ հայտարարություններ են արել։ Պատգամավորների իրավունքն է»։
Ինչ վերաբերում է շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, ապա ըստ Սրբազանի՝ «նրանից տեղեկություն չկա, առեւանգել են»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան Սուրեն Պետրոսյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ