ԻՔՄ հաղորդագրությունը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների քանակի վերաբերյալ ոստիկանության հետ բախումներից առաջ
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր դարձավ հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը:
Ըստ այդմ, ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 9-ի երեկոյից նստացույց է իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ:
Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3400 մարդ:
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Իրազեկ քաղաքացիների միավորում