Ոստիկանության կողմից կիրառած լուսաձայնային նռնակների բեկորների հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ լուրջ վնասվածքներ են ստացել։
Քաղաքացիներից մեկի ձեռքն է կտրվել։ Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը։
Կարդացեք նաև
Շտապ օգնության տասնյակ մեքենաներ տեղափոխում են քաղաքացիներին հիվանդանոցներ: Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, քաղաքացիները հաճախ իրենք են առաջին օգնությունը տրամադրում տուժածներին։
Վնասվածք ստացած Տաթեւ Արցախը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պրոբացիայի թեւօղակը պոկվել է. նրան եվս տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկ Կարեն Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել. մի քանիսին իր ցուցումով են հոսպիտալացրել, վնասվածքները բավական խորն են եղել:
Կատարվածը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը համարում է իշխանության դեմքը: Սրբազանը կոչ է անում քաղաքացիներին՝ միանալ իրենց եւ հայտարարում է, որ պայքարը շարունակվելու է:
Ի դեպ, ցուցարարները փորձել են խոչընդոտել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Շողիկ Գալստյանի աշխատանքը: Միջամտել է շարժման համակարգողներից Գառնիկ Դանիելյանը՝ թույլ չտալով խոչընդոտել լրագրողների աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութերում
Հիշեցնենք, հունիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ հաջորդ օրը, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. այսօր, 15.00-ից ընդդիմադիրները հավաքվել են Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը բավական լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, ավելի ուշ՝ նաեւ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ