ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը սրվեց, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ հնչեցին, ընդմիջում հայտարարվեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեք Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ եք սահմանազատման հնարավոր վատթարագույն, միակողմանի զիջման տարբերակն ընտրել»։ Նա նաեւ ասաց, որ Փաշինյանը քայլ չարեց՝ Արցախի կապիտուլյացիան թույլ չտալու համար:
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես էլի եմ ուզում անդրադառնալ այն գնահատականին, որ ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղին թողել է մենակ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Եվ այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրկում՝ ասելով, որ ԼՂ հերոսական ժողովուրդը եւ մենք մինչեւ վերջ կանգնելու ենք եւ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ըստեղից փախնենք։ Էտ ձեր նշած գեներալները 2018-2019 թվերին գիտե՞ք ինչ հայրենասիրական կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Այդ մարդիկ, որ ասում եք՝ բանտերում են, գլուխները պատին են տվել, վախկոտները։ Ասում եմ՝ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պիտի հայտնվեն բանտերում։ Պիտի հայտնվեն բանտերում եւ երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, եւ դա ՀՀ արժանապատվության հարցն է»։
Կարդացեք նաև
Փաշինյանի այդ պատասխանից հետո իրավիճակը սրվեց, փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։ «Դավաճան»,- Փաշինյանի հետեւից բացականչեցին ընդդիմադիր պատգամավորները։ «Տո դավաճանը դու ես»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ