Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անհանգստացած ու վախեցած չեք շարժումից, եթե շարժումը մարող է, ապա ինչո՞ւ եք այդքան ոստիկանական բիրտ ուժ կենտրոնացրել»․ Արմենուհի Կյուրեղյան

Հունիս 12,2024 19:15

«Այո, ես բանաձեւ եմ ասել՝ սրբազանը արեւ է բերել։ Ոնց որ այդ բանաձեւը ձեզ շատ է վախեցրել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ժամանակի որեւէ պահի ոստիկանական հատուկ ջոկատների որեւէ տեղում հայտնվելը չի կարող լինել առանց կոնկրետ հրամանի։ Հարց՝ ի՞նչ հիմնավորմամբ, ո՞ւմ եւ ի՞նչ հրամանով, ի՞նչ նպատակով են հենց հիմա այս շարժման մեր մասնակիցներին այդպես բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկում հատուկ ջոկատայինները, ինչո՞ւ են նրանք ենթարկվում ոչ իրավաչափ ու ոչ համաչափ մեթոդներով բռնության։ Եթե անհանգստացած ու վախեցած չեք շարժումից, եթե շարժումը մարող է, եթե համոզված եք, որ մնալու եք իշխանության, որովհետեւ լեգիտիմ եք, ապա ինչո՞ւ եք այդքան ոստիկանական բիրտ ուժ կենտրոնացրել ու կիրառում։ Ինչքան բարձր ու խոռով եք գոռում, թե չեք վախենում, այնքան ձեր վախերն ավելի մեծ են։ Իսկ վախենում եք, որովհետեւ դուք լավ գիտեք, թե ինչ եք արել, եւ իշխանությունը կորցնելուց հետո ինչեր են բացվելու, ինչերի համար եք պատասխան տալու»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ում են բերման ենթարկել, քանի հոգու։ Բայց եթե նման բան է տեղի ունեցել, նշանակում է՝ ոստիկանությունը դրա համար ունեցել է օրենքով նախատեսված բոլոր հիմքերը։ «Եթե անկեղծ ասեմ՝ նույնիսկ դա ստուգելու եւ վերստուգելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ գիտեմ մեր քաղաքականությունը, այն հանձնարարությունները, որոնք տվել եմ ՆԳ նախարարին, ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին, ՊՊԾ պետին։ Եվ, հետեւաբար, եթե նման բան տեղի է ունեցել, ուրեմն դրա համար հիմքեր են եղել։ Եթե ուժ է կիրառվել, ուրեմն կիրառվել է ուժ օրենքով սահմանված չափով, ձեւով եւ դեպքում, որեւէ կասկած չունենք սրանով»,- նշեց Փաշինյանը։

Արմենուհի Կյուրեղյանն ասաց․ «Ձեր վախերը շատ մեծ են՝ իշխանությունը կորցնելու համար։ Եվ ասեմ, որ երկու վախը մեկ մահ է, իմացեք»։

Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Պիտի ձեզ անկեղծ ասեմ, որ իմ վախերն իշխանության կորստի հետ կապ չունեն, իշխանությունը ժողովրդինն է, իմը չէ, ես վարձու ընտրված աշխատող եմ։ Իմ վախը ոչ թե իշխանության, այլ անկախության եւ պետականության կորուստն է։ Այո, այդպիսի վախեր ես ունեցել եմ, եւ ուրախ եմ, որ այդ վախերը, որոնք 2022 եւ 2023 թվականին իրենց պիկին էին հասել, հիմա այդ վախերը գնալով նվազում են, այդ թվում՝ այն որոշումների շնորհիվ, որոնք մենք կայացրել ենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930