Ասում էիք՝ բերելու եմ երջանկություն, քանի՞ ընտանիքի եք բերել երջանկություն, քանի ընտանիքի՝ դժբախտություն, խոստացել էիք երկնիշ տնտեսական աճ, աղքատության նվազում, դուք խոսում էիք դուխով գլխարկներով, հիմա բերել եք եռագլուխ վախ, դուք եք վախենում նաեւ թշնամուց ու դրա համար ամեն ինչ զիջում եք միակողմանի՝ դիմացը սեփական աթոռը պահելու ակնկալիքով: Այսօր այս եւ այլ հարցեր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Փաշինյանը պատասխանեց. «Երջանկությունը, այո, շատ կարեւոր քաղաքական օրակարգ է, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ապահովի ընտանիքների երջանկությունը, կառավարությունը պետք է ստեղծի քաղաքական միջավայր՝ այդ երջանկության գոյության համար: ՀՀ-ում մարդկանց երջանկությունը հնարավոր չէ առանց իրական ՀՀ-ի հայեցակարգի վրա հիմնված ինքնիշխան պետություն կառուցելու:
Ինչ վերաբերում է վախենալուն, նա ասաց. «Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից: Դուք գիտե՞ք ինչ է պատասխանատվությունը: Հա, մենք վախենում ենք: Ես բանտում եմ գրել՝ «Իմ վախը», հետո վերահրատարակվել: Ես վախենում եմ, որ ՀՀ պետությունը զրոյացնելու ոմանց ցանկությունը իրականություն դառնա, ցավոք, այս դահլիճում ցանկապատից այս կողմ ու այն կողմ ահագին մարդիկ կան, որ գիտակցաբար այդ օրակարգն են տանում եւ կան մարդկ, որ իրենց գիտակցմամբ ազնիվ մղումներով են դա անում, ինչի՞ պիտի չվախենանք»:
Թադեւոս Ավետիսյանը հարցրեց՝ ձեզ հարց տվե՞լ եք՝ հիմա ինչ վիճակում կլիներ ՀՀ-ն, եթե դուք չլինեիք՝ նա պատասխանեց. «Կլիներ նույնը, բայց ՀՀ-ն կլիներ գուբերնիա»: Մենք այդ հարցը մեզ երկու տարի առաջ արդեն տվել ենք ու ստացել ենք պատասխան, թե ինչ պետք է անենք, որպեսզի այդ ամեն ինչը տեղի չունենա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ