Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վարչապետ Փաշինյանին հարցրեց. «Այդ ո՞ր իրական Հայաստանում է, որ գյուղը կարող է կիսվել երկու մասի եւ դպրոցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կանգնի Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը, էդ իրական ՀՀ-ում պետք է անվտանգություն ապահովեն Կիրանցում ծառերը, այնինչ ձեր անվտանգությունը ապահովում են հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, էդ է իրական Հայաստանը: Գեներալի ուսադիրներ եք տվել մարդկանց, ովքեր տարածքներ են հանձնել, առաջնագիծ են հանձնել»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սահմանազատված հատվածում ոչ մի օտարերկրյա ներկայացուցիչ չկա: Այն, ինչ դուք ասում էիք Կիրանցի մասին, սա ՀՀ դե յուրե նշանակություն ունեցող պետական սահմանն է: Դպրոցով չի որոշվում տարածքը, որոշվում է պետական սահմանով: Ինչ վերաբերում է ծառերին, հերիք է էդ թեման շահարկեք, ես երբեք չեմ ասել, որ ծառերը անվտանգություն են պահելու: Հարց է հնչել, որ երեխաները կարող են տեսարանից հոգեբանական խնդիր ունենա, ասել եմ՝ տեսարանը փակելու համար կարելի է ծառ տնկել: Կիրանցը հիմա որպես բնակավայր անվտանգ է, քան երբեւէ, ես ձեզ երաշխավորում եմ»:
Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ հենց հիմա Ջերմուկում ադրբեջանցիները մեր տարածքում են, բայց դա իր համար կարմիր գիծ չի. «Ամեն ինչի վրա կբարդեք, բացի ձեր մեղքը ընդունելուց: Հենց հիմա որդեկորույս ծնողները, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում են, ծեծի են ենթարկվում: Ոստիկանները ծեծելով հեռացնում էին նրանց իրենց շիրիմներից, որ դուք գաք այնտեղ: Խոնարհումից էիք խոսում, միակ ճանապարհն է, որ դուք հեռանաք, միգուցե նոր լուծումներ կգտնի նոր կառավարությունը»:
Փաշինյանը պատասխանեց. «Ձեզ համար պետական կառավարումը կազինոյի նման է, սենց պտտում եք, ասում եք՝ միգուցե կլինի կարմիր 26: Միգուցե: Ձեզ համար պետությունը ռուլետկա՞, ի՞նչ է: Իսկ միգուցե դուք սխալվո՞ւմ եք, իրականության ձեր ընկալումը մի փոքր այլ է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ