«Ես կարծում եմ՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը չի ենթադրում ՌԴ-ի ակտիվ մասնակցությունը։ Վաղուց է հայտնի, որ մի շարք երկրներում, Հայաստանում էլ մեծ խանդավառություն չկար, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ վերահսկեր ՀՀ-ով այդ լոգիստիկ ճանապարհը դեպի Նախիջեւան եւ Ադրբեջան։ Այստեղ նախեւառաջ Թուրքիայի հետաքրքրությունն է»,-այս մասին այսօր Երեւանում կայացած Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր եւ գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով ենթադրվող ճանապարհների վերահսկողության մասին հարցին։
Նրա կարծիքով՝ այդ ճանապարհը տնտեսական մեծ նշանակություն չի ունենա, բայց այն կունենա աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակություն, եւ ինչպես ինքն ասաց՝ անխոս, ի շահ Թուրքիայի․ «Այսօրվա դրությամբ, ինչպես հասկանում եմ, միտումները զարգանում են դեպի թուրքական շահեր։ Տվյալ իրավիճակում ՀՀ-ն սուվերեն երկիր է, ընտրում է իր գործընկերներին, ընտրում է՝ ում վստահի, ում՝ ոչ։ ՌԴ-ն համոզում է, երբեմն ՌԴ փաստարկները լսում են, բայց պարտադիր չէ, որ իրագործեն։ Այս փուլում այդ միջանցքը ավելի շուտ կգտնվի թուրքական իրական ազդեցության տակ՝ պայմանով, որ ԱՄՆ-ն պետք է ներկայանա իբրեւ թե անկախ եւ բարեկամական գործընկեր երկու կողմերի համար։ Իրականում, իմ համոզմամբ, ԱՄՆ-ն Թուրքային ազատություն է տալիս Թուրքիայի գերակա հետաքրքրությունների տարածաշրջանում»։
Նա ասաց, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան կարեւոր է, բայց այլ ուղղություններով․ «ՌԴ-ի համար Հյուսիս-հարավը կարեւոր է, դա իսկապես ռազմավարական միջանցք է, դա կարող է Կասպյան այս ափով անցնի, կամ այն ափով, կամ էլ երկու ափերով։ Դա ՌԴ-ի համար կարեւոր է եւ ռազմավարական նշանակության միջանցք է։ Թե ով կլինի գլխավոր գործընկերը՝ Սյունիքի մարզով անցնող լոգիստիկ ենթակառուցվածքների դեպքում, դա կարող է ռազմավարական նշանակություն ունենա հայ-ռուսական հարաբերությունների համար, այստեղ առաջին եւ վերջին խոսքը հայկական կողմինն է»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ