Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև․ քանի՞ բերման ենթարկված կա արդեն և որտեղ են նրանք

Հունիս 12,2024 18:15

«Իշխանության միակ հենարանն այսօր ոստիկանությունն է։ Որ մարդու որդին իշխանության ղեկին մնացել է, ոստիկանությունն է պահում»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Նշենք, որ այս պահին խիստ լարված է իրավիճակը Պռոշյան փողոցում։ Շարժման մասնակիցների և ոստիկանության միջև բախում է տեղի ունենում։ Քաղաքացիները գոչում են՝ «մի արեք, հանգիստ»։ Ոստիկանությունը հորդորեց կանանց ու երեխաներին դուրս գալ տարածքից ու զգուշացրեց, որ հնարավոր է հատուկ միջոցներ կիրառվեն։

Արթուր Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ համոզված է, որ ժողովրդի ճնշման արդյունքում հաղթանակի են հասնելու։ Նա տեղեկացրեց՝ տվյալներ կան, որ արդեն շուրջ 100 հոգի բերման է ենթարկվել։

Պատգամավորը, խոսելով իշխանության ներկայացուցիչների վարքագծի ու նրանց վախերի մասին, ասաց․ «Եթե վախեցած չեն, մեքենայի համարներն ինչո՞ւ են փոխել, այսքան ոստիկաններ ի՞նչ են անում այստեղ։ Մարդու որդին ասում էր, որ պետք է փշալարերը ժանգոտեն։ Հիմա փշալարերն այստեղ դրված են»։

Լրագրողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, որ նման բան է ասել, Բագրատ սրբազանը միջամտեց․ «Շատ բան չի հիշում․ Արցախն էլ արդեն չի հիշում։ Հիշո՞ւմ է, որ ասել է՝ ձեռքս կկտրեմ, հիշո՞ւմ է, որ այս մարդկանց ուսերի վրայով է եկել իշխանության։ Դրանք էլ չի հիշում, չէ՞։ Այն ժամանակ, երբ ժամը կհասնի, շատ բաներ չի հիշելու, անմեղսունակ է դառնալու։ Որ հիշեր, ձեռքը կկտրեր»։

Այնուհետև դիմելով ոստիկաններին՝ ասաց․ «Մարդ, որ խոսքն ասում, չի անում, ձեր մտքի մեջ ո՞վ է նա, իմացեք՝ ում համար եք եկել, այստեղ կանգնել․ այդ տեսակ մարդու»։

Սրբազանը, մատնացույց անելով փոխոստիկանապետին, ասաց, որ գնացել, զորքի հետևում կանգնել է, վախենում է առաջ գալ․ «Զորքերի թիկունքում թաքնվող հրամանատար տեսե՞լ եք կյանքում»։

Լրագրողները փորձեցին ոստիկանությունից ճշտել, թե մոտ 100 հոգի բերման ենթարկվածներն այս պահին որտե՞ղ են գտնվում, պարզաբանեցին, որ նրանց տարել են մայրաքաղաքի ոստիկանական ութ բաժիններ։

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ ասաց․ «Որևէ կերպ չեն հիմնավորում, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում։ Ոստիկանության բարձր հրամանատարությունից էլ մարդ չկա, որ պատճառաբանություններ ներկայացնի։ Բնականաբար, իրավաչափության հետ կապված խնդիր ունենք։ Ցանկացած սահմանափակման վերաբերյալ ոստիկանությունը պետք է օբյեկտիվ պատճառաբանություն ներկայացնի»։ Լրագրողներն ասացին, որ ըստ ոստիկանության՝ կառավարական կեցավայրն են պաշտպանում, իրավապաշտպանն արձագանքեց․ «Եթե ոստիկանությունը գտնում է, որ դա օբյեկտիվ պատճառաբանություն է, լավ, բայց ես համաձայն չեմ դրա հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930