«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:
Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթը միտված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրների լուծմանը, մասնավորապես, իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված նոր ժամկետների սահմանմանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը: Մյուս կարգավորվող խնդիրը ԼՂ կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ գործող կենսաթոշակային ֆոնդ տեղափոխելու հնարավորությունն է:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ խնդրահարույց դեպքերը շատ են եղել եւ լսելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հորդորը՝ Կառավարությունը ձեռնամուխ է եղել խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկել է օրենքի նախագծին կողմ քվեարկել:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:
ԱԺ