«Ապօրինաբար ոստիկանության՝ վերին հատվածներում կանգնած մարդիկ հրահանգ են տվել մեր հայրենակիցներին, խաղաղ երթով անցնող քաղաքացիներին Պռոշյանի հատվածից բերման ենթարկելու»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանն ասաց, որ ապօրինաբար մարդկանց բերման են ենթարկել զուտ նրա համար, որ նրանք քայլում են՝ ասելով, թե շենքեր են պաշտպանում․ «Մենք շենքերով բացարձակ հետաքրքրված չենք։ Մենք հետաքրքրված ենք այս շենքի ներսում գտնվող մարդկանցով, որոնք պետք է պատասխան տան մինչև հիմա գործած՝ իրենց ձախողությունների համար։ Նաև այս վայրկյանից իրենք թելադրում են մեզ, սադրում են մեզ դիմելու գործողությունների, որպեսզի գնանք, հասնենք այն կողմ։ Սա՞ եք ուզում, պարոն Պետրոսյան։ Դա՞ է ձեր ցանկությունը, եթե դա է, ասեք, որ դա է․ մենք էլ՝ ըստ այդմ դիրքավորվենք։ Որտեղ կաք, այդտեղ էլ մնացեք․ որևէ սանտիմետր հետ չեք գնալու։ Հնարավոր է, որ հիմա որոշեն, որ այստեղից էլ են մարդիկ բերման ենթարկվելու, և պարզապես այդ սադրանքը պետք է իր պատասխանը ստանա։ Ամբողջ պատասխանատվությունը մնում է ԱԺ պատերից ներս գտնվող մարդու և դժբախտաբար ոստիկանության ուսերին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ