Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընդունած օրենքների արդյունքում հարկային բեռը նվազել է»

Հունիս 12,2024 17:40

2023 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել հարակից զեկուցողները

2023 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է բյուջեի կատարման արդյունքները նկարագրող մի քանի հիմնական ցուցանիշներգ բյուջեի եկամուտներն ու ծախսերն ապահովվել են համապատասխանաբար՝ 100,1 եւ 97,1 տոկոսներով:  Ծրագրված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն ապահովվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 168 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,6 տոկոսով: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 200 հազար աշխատատեղ: Ծովինար Վարդանյանի խոսքով ԼՂ ավելի քան 100 հազար հայրենակիցների բռնի տեղահանումն էական ազդեցություն է ունեցել բյուջեի թե՛ ծրագրերի եւ թե՛ ֆինանսական բաշխվածության վրա: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Կառավարությանը հաջողվել է առանց վրանային ճամբարների ապահովել մեր հայրենակիցներին կացարաններով եւ հոգալ առաջնային կարիքներըգ հասցեագրել առողջապահական խնդիրները, ստեղծել հնարավորություն երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար, ինչպես նաեւ լուծումներ տալ զբաղվածության եւ այլ հարցերի ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով Կառավարության գործընկերներին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների եւ հաշվետվության շուրջ բովանդակային քննարկումների համար՝ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը:

Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշել է, որ ՆԳ նախարարությունը բյուջետային տարվա ընթացքում իր ծախսային մասն իրացրել է 98.4 տոկոսով: «Դրանում եղել են կատարողականի փոքրիկ թերացումներ, բայց ես, ինչպես միշտ, մեր կողմից գաղտնալսման իրավասությունը շնորհելու պահից սկսած, ՆԳ նախարարության բյուջետային տարվա քննարկումների հետ մեկտեղ միշտ հիշեցնում եմ, որ օրենքը կա, բայց կառույցն առայժմ բացակայում է: Կխնդրեմ, որ Կառավարության անդամներն ուշադրություն դարձնեն, որովհետեւ այդ գործիքակազմն ավելի հնարավորություն կտար կանխարգելելու այն բոլոր գործողությունները, որոնք ապօրինի կարող են պլանավորվել եւ մեր երկիրը տանեն դեպի ներքին ցնցումների»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության կատարողականը հաշվետու տարում կատարվել է 99.22 տոկոսով:

Որոշակի թերակատարումներ են արձանագրվել ռազմական արդյունաբերության ոլորտում, որի պատճառները ներկայացվել են հանձնաժողովի անդամներին:

«Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեն անվտանգության մասով կատարել է հավուր պատշաճի»,- ամփոփելով ելույթը՝ ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ թե՛ ծախսերի եւ թե՛ եկամուտների առումով Կառավարությանը հաջողվել է ապահովել իր առջեւ դրված թիրախային ցուցանիշները:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում արձանագրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացում՝ ընդգծելով, որ բարելավումը տեղի է ունեցել առանց միջին դրույքաչափերի ավելացման: «Մեր ընդունած օրենքների արդյունքում հարկային բեռը նվազել է: Արձանագրված հարկային մուտքերի ավելացումն ու հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը պայմանավորված է վարչարարության բարելավմամբ եւ տնտեսության մեջ որոշ կառուցվածքային կամ իրավիճակային փոփոխություններով»,- նշել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ստվերի դեմ պայքարը շարունակելու է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը, խոսելով պետական հատվածի աշխատավարձերի, կադրերի՝ դեպի մասնավոր հատված արտահոսքի մասին, ընդգծել է, որ առաջիկայում այս խնդրին արմատապես պետք է անդրադառնալ եւ գտնել հավասարակշռված այնպիսի լուծում, որպեսզի ապահովվի պետական հատվածում աշխատելու գրավչությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930