Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չորս օր ասել եմ, հետո կարող եմ ևս չորս օր ասել․ մեր պայքարն անժամկետ է»․ Բագրատ սրբազան

Հունիս 12,2024 17:28

«Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է»,-  լրագրողների հիշեցմանը՝ չորս օրվա ժամկետի մասին էիք հայտարարել, դա չի՞ լրացել, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա վստահեցրեց՝ ժամկետը չի լրանում․ «Չորս օր ասել եմ, հետո կարող եմ ևս չորս օր ասել, հետո էլ կարող է մեկ ամիս ասեմ։ Այս օրը չափազանց կարևոր օր է։ Չորս օրը պայմանական օր է, համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, ընդվզումը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնել դա»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ժողովուրդը ցանկանա, կկարողանա փոխել կառավարությանը, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Ժողովուրդը ցանկացել է․ տեսել եք մայիսի 9-ին հազարավորների, մայիսի 11-ին, 12-ին, 26-ին օրեր առաջ էլ և այսօր էլ նույնը։ Իրենք քանակ են, չէ՞, ասում, բա էն տներում նստած ժողովո՞ւրդը, մարզերում գտնվողները։ Անպայման պիտի փողոցները փակե՞ն, ջարդեն, փշրեն, իրենց նման դագա՞ղ դնեն։ Այս ժողովուրդն այդ որակը չունի, դեռևս բարոյականությանն են իրենք հավատում, որ երկիրը ձախողած իշխանությունը հրաժարական կտա․․․․100 հոգի էլ լինի, պիտի գնաս»։

Բագրատ սրբազանն անդրադարձավ նաև շարժման՝ մարելու մասին խոսակցություններին ու ասաց․ «Բա էսքան ոստիկան ի՞նչ գործ ունի, որ մարել է։ Ինչի՞ց են վախեցել։ Էլ փշալարեր, էլ ջրցան, մնացել է ատոմային ռումբ բերեն։ Եթե այդքան ժողովրդավար են, փշալարը, ջրցան մեքենան ի՞նչ գործ ունեն։ Մինչև հիմա ժողովուրդն ի՞նչ է արել։ Անցյալ օրը լիքը ժողովուրդ կար, որ ուզեինք, չէինք կարո՞ղ մտնել ներս, կամ այլ տեղերից»։

Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ շեշտեց՝ շարժման օրակարգում Նիկոլ Փաշինյանի  հրաժարականի պահանջն է․ դա չի փոխվել։ Հարցին՝ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ եղե՞լ է, նա պատասխանեց․ «Փաշինյանը ո՞նց կարող է ինձ հանդիպել։ Առաջին հարցը կտամ՝ տեսնեմ՝ ձեռքը տե՞ղն է թե՝ ոչ։ Այո, եղել է հանդիպման առաջարկ, մերժել եմ, քանի որ հարմար չեմ տեսել, դեռ գործընթացները չէին սկսվել, ոչինչ տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, որ հարիր ու նպատակահարմար էր։ Մարդիկ, որոնք եկել, խոսել են, եթե իրենք են խաբել, չգիտեմ, բայց եկել, անունով խոսել են»։

Բագրատ սրբազանն ասաց, որ 2018-ին առաջարկ է ստացել «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին․ «Ինձ առաջարկ են արել, և ինքն ամբիոնից ինչ-որ բարբաջանքներ է արել։ Չարժե, որ իրեն անդրադառնամ։ Կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան, Չկալովկա գյուղում, իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել։ Ասել եմ՝ ինչ տեսակ պետություն եք ուզում, գաղափարական բան չունեք դուք, ասել է՝ լավ պետություն ենք ուզում։ Եթե ճիշտ չեմ ասում, բռնեք, Սուրեն Պապիկյանին հարցրեք»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Բագրատ սրբազանն ասաց՝ այս իշխանությունները խաղաղություն են մուրում․ պարտադրանք կա, ոչ թե բանակցություններ ու նշեց․ «Խաղաղության պայմանագիր մենք պետք է կնքենք, ոչ այս մարդիկ»։

Լրագրողները հիշեցրին՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Բագրատ սրբազանին ժամանակ է տվել ինչ-որ նկարներ հրապարակել մինչև ժամը 19։00-ը, այլապես նա ստախոս է, սրբազանն արձագանքեց․ «Հիվա՞նդ է դա։ Կարող է իրենք իրար մեջ են խմած ժամանակ խոսել։ Ի՞նչ նկարներ։ Իրենց նման ստորին աստիճանի վրա գտնվող մարդ չեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930