«Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ, ընենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետեւություն արա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսպես դիմեց վարչապետ Փաշինյանին:
«Մտածում ես, որ եթե դրսում օրինակ` 20 հազար մարդ է եկել, ոչ թե 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճի՞շտ ես անում: Գիտես, երեւի քեզ չեն ասում, բայց ազգը քեզ չի սիրում՝ անկախ նրանից՝ գնո՞ւմ են միտինգ, թե՞ ոչ, լա՞վ են ապրում, թե՞ վատ: Չեն սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են: Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել: Խաղամոլները եւ խելագարները չեն կարողանում կանգ առնել: Իմացիր՝ ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»:
Նա ասաց, որ այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել. «Մի-երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս՝ դու, էս՛ Ալենը, պատասխանի՛ր»:
Կարդացեք նաև
Փաշինյանը, դեռ չասած, թե հարցն ում է ուղղված, արդեն ոտքի էր ելել, որ մոտենար ամբիոնին ու պատասխանեց. «Քանի՞ տոկոս փոփոխություն եք արել: Էդ տոկոսների հետ պետք չի խաղ անել: Եթե դուք, օրինակ, մեկ-երկու տոկոս փոփոխություն եք արել ու համարում եք, որ մեծ չէ փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու եւ Օրանգուտան կապիկի ԴՆԹ տարբերությունը ընդամենը 2% է: Լավ, թող շիմպանզե լինի:
Նրա մասին, ում մասին գրել է Ալեն Սիմոնյանը, օրինակ, այդ տեքստի մեջ հեծանիվ չէր կարող լինել: Կազինոն, իհարկե, շատ դիպուկ շեղում էր:
Ինչ վերաբերում է նրան, որ ինձ սիրում են, թե չեն սիրում, կարեւորն էն է, որ ես եմ նրանց սիրում, ես սիրում եմ նաեւ բոլոր ինձ չսիրողներին: Այնպես չի, որ ես բոլորին սիրում եմ նրա համար, որ դա իմ՝ որպես ՀՀ լեգիտիմ ընտրված վարչապետի պարտականությունն է: Սիրում էի այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի, քաղբանտարկյալ էի, լրագրող էի, դպրոցական էի, դրանից առաջ ոչինչ չեմ կարող ասել իմ զգացմունքների մասին առ ՀՀ-ն ու նրա ժողովուրդը»:
Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Խորհուրդ. որ գնաք տուն, հայելի վերցնեք, նայեք, էդ տոկոսների տարբերությունը կգտնեք: Հիշո՞ւմ ես ոնց ես եկել իշխանության: Ասա՝ դարպասները բացեն, իջի, ասա, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես: Պարո՛ն ՆԳ նախարար, էստե՞ղ եք, քանի՞ ոստիկան կա այստեղ: Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ: Սա էդ դեպքը չի, բայց ես գիտեմ հողը ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի»:
Փաշինյանը պատասխանեց. «Ես Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունեմ, շնորհակալ եմ, որ դուք դա չեք բացառում: Հույս ունեմ, ձեզ սխալ հասկացա: Ինչ վերաբերում է մարդկանց, ես անընդհատ մարդկանց հետ եմ, մարդկանց մեջ եմ: Փողոցներում մարդկանց եմ պատահում, ովքեր սուր ընդդիմադիր հայացքներ ունեն, ունեն հնարավորություն արտահայտելու իրենց կարծիքը: Ես մարդկանց հետ շփվելու ոչ մի խնդիր չունեմ: Ես ոնց եկել եմ իշխանության, այնպես էլ մնում եմ իշխանության: Իսկ հայելու մեջ անպայման խոստանում եմ նայել, նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ