Ադրբեջանի պահանջները չեն նվազում, երբ մենք Կիրանցի հատվածից տարածքներ վերադարձրեցինք իրենց՝ ձեր բառերով ասած, նրանց պահանջները շարունակվեցին՝ Սահմանադրություն փոխել, Մինսկի խմբի լուծարում եւ այլն, Ադրբեջանը կանգ չի առնում ու կառուցողական մթնոլորտում որեւէ բան չի բանակցում, դուք իր հետ ի՞նչ եք բանակցում՝ այսօր ԱԺ-ում լրագրողի այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ իրադրության եւ ռիսկերի կառավարում եւ այնպիսի բանաձեւերի դուրս բերում այս ձեր ասած լարված եւ աղմկոտ իրադրությունից, որ մեզ կտանի իրական խաղաղության: Դա մեր խնդիրն է: Եթե խաղաղության օրակարգ ենք մենք որդեգրել, եկեք այսպիսի իրադրություն պատկերացնենք՝ դուք կարող եք բերել տասնյակ փաստարկներ, որ խաղաղություն հնարավոր չէ եւ կարող են գոյություն ունենալ տասնյակ փաստարկներ, որ խաղաղություն հնարավոր է: Այստեղ է քաղաքական ընտրության հարցը:
Երկու տեսակետներն էլ ունեն իրենց տակ որոշակի փաստարկումներ: Քաղաքական ընտրությունը այդտեղ է՝ դու ո՞ր փաստարկների վրա ես ուզում հիմնվես ու որդեգրես որպես գործելակարգ եւ մոտեցում: Մենք խաղաղության օրակարգը չենք որդեգրել այն պատճառով, որ մենք համարում ենք դա երաշխավորված է 100%-ով, կամ դա ամենահավանական սցենարն է: Մենք այդ քաղաքականությունը որդեգրել ենք այն պատճառով, որ ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրենք՝ թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար: Մեր քաղաքական ամենամեծ ձախողումները եւ հաջողությունները կապված են եղել նրա հետ, երբ որ մենք հակադրվել ենք ոչ ռացիոնալ տրամաբանությանը: 2018-ի բոլոր փաստարկները նրա մասին էին, որ հեղափոխությունը հնարավոր չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ