Արեւմուտքի ՝ այստեղ ակտիվության հաջողությունը շատ դեպքերում կապված է ՌԴ-ի՝ հետխորհրդային տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում պասիվ եւ ոչ արդյունավետ քաղաքականության հետ։ Այս մասին այսօր Երեւանում կայացած Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած «Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Հայկ Խալաթյանը, որը հարց ուղղեց քննարկմանը մասնակցող ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր եւ գիտական ղեկավար Դմիտրի Տրենինին։
Խալաթյանը մասնավորապես նշեց՝ Արեւմուտքն այստեղ ներկա է նաեւ Թուրքիայի տեսքով, ՌԴ-ն հայտարարել է, որ դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը հետխորհրդային տարածաշրջանում, բայց տեսնում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, եւ իր ռազմական ենթակառուցվածքներն է ներդնում Ադրբեջանում, Արցախում, իսկ ՌԴ-ն դրան չի արձագանքում, մինչդեռ ՌԴ-ի հիմնական խաղաքարտն այս տարածաշրջանում անվտանգություն արտահանողն էր, ինչը Արեւմուտքը չէր կարողանում անել, հիմա ՌԴ-ն այդ առավելությունը կորցրեց։
Այս առնչությամբ Դմիտրի Տրենինն ասաց, որ ՌԴ խնդիրն այն է, որ մինչեւ վերջերս ՌԴ-ն այս հետխորհրդային տարածաշրջանում աշխատել է մնացորդային սկզբունքով, իսկ արտաքին քաղաքականությունը շատ դեպքերում կենտրոնացած էր Վաշինգտոնի, Բրյուսելի, Բեռլինի, Փարիզի, Չինաստանի հետ հարաբերությունների վրա․ «Եվ հետխորհրդային երկրները չեն ստացել ՌԴ-ից այն ուշադրությունը, որին իրենք արժանի են։ Հիմա օբյեկտիվորեն մի իրավիճակ է ստեղծվել, երբ մեզ համար մերձավոր արտերկրների դիրքորոշումը ավելի կարեւոր է դարձել, քան ավանդաբար արեւելյան կամ արեւմտյան Եվրոպայի երկրների դիրքորոշումը։ Իմ կարծիքով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ռուսաստանի համար ավելի կարեւոր է, քան Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում։ Իսկ Ուզբեկստանում դեսպանն ավելի կարեւոր է, քան Փարիզում եւ այլն։ Ես կարծում եմ՝ պետք է այս երկրներ ուղղորդվեն լավագույն կադրերը, ավելի շատ ֆինանսավորում ստանան։ Այստեղ է դիվանագիտական աշխատանքային հիմնական ճակատը, իսկ Եվրոպայում դիվանագիտական աշխատանք փաստացի չի մնացել, կա հետախուզական աշխատանք»։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Տրենինն ասաց՝ երբ ՌԴ-ն 2021-ին պահանջում էր ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների դուրս բերում այն երկրներից, որոնք ՆԱՏՕ էին մտել 98-ին, դա պահանջ էր, որը համաձայնեցվել էր Եվրոպայի անվտանգության մասին ռուսական պատկերացմամբ, դա իր հերթին կենտրոնական գործոնն էր մեր ընդհանուր անվտանգային համակարգում, որը ավանդաբար սկսվել է նույնիսկ Պետրոս Առաջինից առաջ։
Կարդացեք նաև
«Թուրքիայի հետ հարաբերությունները դյուրին չեն։ Նրանք համապատասխանեցնում են փոխհարաբերությունների տարրերը մրցակցության տարրերի հետ, բարեբախտաբար, առայժմ ոչ թշնամական։ Բայց ՌԴ-ն թշնամությունից ամեն կերպ ձգտում է խուսափել, ինչպես նաեւ՝ Թուրքիան։ Ոչ մեկի մոտ պատրանք չկա Թուրքիայի հետ հարաբերություններում։ Թուրքիան այսօր շատ կարեւոր կոնտրագենտ է ՌԴ-ին։ Հայտարարություններ անել, որոնք հնարավոր չէ իրականացնել, դա երեւի ինքդ քո վրա կրակել է, ուրեմն այդպես պետք չէ անել։ ՌԴ-ն փորձեց մասամբ էլ հաջողվեց, դժվարին իրավիճակում՝ 2020 թվին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, այլ ոչ թե՝ քառակողմ, եւ համաձայնել Թուրքիայի ռազմական ֆորմալ ներկայությանը։ Սա այն բալանսն է, որին այն ժամանակ հնարավոր էր հասնել։ Կարելի էր, իհարկե, դատապարտել Թուրքիային, բայց դրանից ինչ էր ստանալու Ռուսաստանը, եւս մեկ ճակա՞տ։ ՌԴ ում այսօր ավելի քիչ ռեսուրս կա, քան ռուսական կայսրության շրջանում Օսմանյան կայսրության հետ համեմատ, ավելի քիչ ռեսուրս կա, քան Խորհրդային շրջանում էր»։
Ռուս մասնագետն ասաց՝ պետությունների միջեւ չկա բարեկամություն կամ սեր, կան հետաքրքրություններ եւ շահեր․ «Այս հարցում չպետք է խաբվել։ ՌԴ-ն այնպես չէ, որ համաձայն է թուրքական ազդեցության մեծացմանը, ՌԴ-ն դրանում տեսնում է աշխարհաքաղաքական իրողություններ, Ռուսաստանը հաշվի է առնում քաղաքական, տնտեսական իրողություններն Հարավային Կովկասում, ՌԴ-ն ուժ չունի այստեղից դուրս մղել Թուրքիային, դրա անհրաժեշտությունն էլ չկա, մենք դուրս ենք եկել կայսրության դարաշրջանից, չկա Կովկասի համար Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ պայքար։ Ռուսաստանը ռուսական կայսրությունը չէ, Թուրքիան էլ Օսմանյան կայսրությունը չէ, նա էլ առավել բարդ իրավիճակում է»։
Քննարկմանը մասնակցող ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն էլ նույն թեմայի առնչությամբ ասաց՝ ՌԴ-ի՝ արտաքին քաղաքականության վերջին շրջանում շեշտադրումը Մերձավոր արտերկրների վրա, շատ ուշացած որոշում է, քանի որ Արցախի պատերազմից հետո ինչ որ աստիճանի Արցախն այն գործոնն էր, որը ապահովում էր փխրուն անվտանգությունը հետխորհրդային տարածաշրջանի․ «Այնպես, ինչպես տեղի ունեցավ ու ավարտվեց պատերազմը, ես կարծում եմ, ուներ շատ հեռուն գնացող հետեւանքներ՝ մեր տարածաշրջանի սահմաններից դուրս։ Դրանից հետո սկսվեց հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց իմ կարծիքով, այնտեղ ինչ տեղի է ունենում, շատ նման է առաջին համաշխարհային պատերազմին, երբ որեւէ կողմը չի կարողանում հասնել հակառակորդի վերջնական պարտությանը»։
Այվազյանի խոսքով՝ հաճախ ենք լսում, որ Ռուսաստանը չի գնում Կովկասից․ «Պարտադիր չէ, որ կրկնվի նույն իրավիճակը, երբ նախորդ դարում հոկտեմբերյան հեղափոխությունից հետո երբ Ռուսաստանը մի որոշ ժամանակով գնաց այստեղից, հետո վերադարձավ, սա վատ սցենար է, երկու անգամ նուն գետը հնարավոր չէ մտնել։ Եվ որպեսզի չկրկնվի դա, ՌԴ-ն եւ ՀՀ-ն չպետք է խաչ քաշեն մեր ժողովուրդների 200 հարյուր տարվա բարեկամության վրա։ Այս իմաստով կան երկու երկրների ընդհանուր շահեր եւ հետաքրքրություններ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ