Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի խորհրդով՝ իշխանությունն ընդունել է Բաքվի ու Անկարայի պահանջներին հնարավորինս քիչ դիմադրելու կուրսը՝ հանուն պատրանքային խաղաղության․ Արա Այվազյան

Հունիս 12,2024 14:16

«Մարտի դաշտում պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան օգտագործել դիվանագիտության հնարավորություններն՝ աստիճանաբար իրավիճակը հարթելու համար եւ կանխելու վերջնական պարտությունը դիվանագիտական ճակատում»,-այս մասին այսօր «Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները հետխորհրդային տարածաշրջանում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երեւանի ճակատագրական սխալներն ու սխալ հաշվարկները հանգեցրին մի իրավիճակի, երբ արտաքին քաղաքականությունը դադարեց լինել ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը․ «Այսօր կարելի է պնդել, որ հենց արտաքին դերակատարներն ու գործոններն են մեծապես կանխորոշում, նաեւ թելադրում Հայաստանի վարքագիծն արտաքին ասպարեզում եւ թելադրում ներքին օրակարգը։ Հետեւաբար, ներկայիս իրավիճակը եւ հատկապես արտաքին քաղաքական ճակատը լրջագույն մարտահրավեր է մեր անկախության եւ տարածքային ամբողջականության համար։ Հենց այդ պատճառով էլ այսօր դիվանագիտությունը առաջնային նշանակություն ունի եւ հանդիսանում է գլխավոր պաշտպանական գիծը՝ պետականություն պահպանելու համար»։

Ներկայացնելով, թե ինչպիսին է ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականությունը, Այվազյանն ասաց՝ Հայաստանի անկախության վերականգնումից հետո պաշտոնական Երեւանը իրականացրել է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը հիմնված էր ճիշտ վերլուծությունների, միջազգային հարաբերությունների զարգացման հիմնական միտումների վրա, ինչպես նաեւ գլոբալ անվտանգության վրա, եւ համապատասխան ձեւով չեզոքացնում էր մեր շահերի դեմ սպառնալիքները։

«Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բալանսավորված արտաքին քաղաքականություն էինք վարում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ կոմպլեմենտար, որը էական փոփոխության չի ենթարկվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք»,-ասաց Այվազյանը։

Նրա ներկայացմամբ՝ վերջին տասնամյակում ակնհայտ դարձավ, որ համաշխարհային կարգը Խորհրդային միության փլուզումից հետո սպառվել է, նախկին մեթոդներն ու կանոնները չեն գործում, դրանք իրենց տեղը զիջեցին միջպետական հարաբերություններում ուժային ազդեցությանը, եւ այս իրավիճակում մեր հարեւանները վերադարձան ուժային ազդեցությամբ իրենց նպատակին հասնելու մեթոդին։

«Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ուղղված է վերջնականապես ամրապնդելու ռազմական հաջողությունները քաղաքական, տնտեսական եւ ի վերջո գաղափարական հարթություններում, որը կհանգեցնի նրանց պերմանենտ գերակայությանը մեր տարածաշրջանում եւ արդյունքում Հայաստանը վերածվելու է ոչ կենսունակ պետական միավորի»,-ասաց դիվանագետը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության համար հաճո՝ խաղաղության հռետորաբանությամբ քողարկվելով Թուրքիան եւ Ադրբեջանը բացահայտ ծավալապաշտական արտաքին քաղաքականություն են վարում՝ հաղթահարելով իրենց ճանապարհին բոլոր խոչընդոտները․ «Այն իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս չեն թաքցնում իրենց նպատակները հայկական գործոնի վերացման մասին, ես դժվարանում եմ գտնել ադեկվատ նպատակաուղղվածություն ՀՀ արտաքին քաղաքականության մեջ։ Ակնհայտ է, որ իշխանությունը վերցրել է պրագմատիզմի քաղաքականությունը, եւ արեւմուտքի գործընկերների խորհրդով՝ Բաքվի ու Անկարայի պահանջներին հնարավորինս քիչ դիմադրելու կուրսը՝ հանուն պատրանքային խաղաղության, եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ագրեսորների հետ։ Հայաստանն իրականացնում է միակողմանի զիջումների քաղաքականություն, ուռճացնելով այս ամենը կարելի է համարել հաշտեցման քաղաքականություն։ Այս քաղաքականությունը դատապարտված է ձախողման, երբ գործ ունես ագրեսորի հետ, որն անկառավարելիորեն կիրառում է ուժային գործիքներն իր նպատակին հասնելու համար»։

Այվազյանի կարծիքով՝ ագրեսորին կանգնեցնելու միջոցը զսպման քաղաքականությունն է, քանի որ գործընթացը մոտենում է անդառնալիության (The point of no return, точка невозврата) կետին․ «Ուստի Երեւանը պետք է փոխի արտաքին քաղաքականության էությունն եւ հայեցակարգը, եւ ընդունի ճկուն ռազմավարություն, զսպող դիվանագիտության քաղաքականությունը։ Հայաստանը միայնակ չէ, կարող է հույս դնել վստահելի գործընկերների վրա, որոնց շահերն ու հետաքրքրությունները համընկնում են»։

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, նախկին նախարարն ասաց, որ այս կառույցի վերաբերյալ օբյեկտիվ քննադատություն կա, բայց պետք է ազնվորեն ասել, որ այն ոչ վաղ անցյալում կազմակերպությունը արդյունավետորեն զսպում էր կամ նախազգուշացնում էր հնարավոր էսկալացիայի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Էդ ինչու՞ է ձեզ թվում, որ հետույքը դեմքի տեղ փորձեք ներկայացնել՝ մարդիկ հավատալու են, թե ինչ է նախկին դիվանագետ է ասողը։
    Ինչու՞ է ձեզ թվում, թե մարդիկ հիշողություն չունեն, կամ չեն հասկանում որ երկրներն ինչպես են վարվել ու շարունակում վարվել ՀՀ-ի հետ, կամ թե ինչպիսին էր ձեր վարած դիվանագիտությունը, որ ԱՊՀ-ի սահմաններից դուրս գալիս էր միայն երբ Ռուսաստանին ՄԱԿ-ում պաշտպանել էր պետք, թեկուզ խայտառակվելու գնով։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930