Չգիտես, ինչու երբ աշտարակների մասին է խոսք լինում, միանգամից մտապատկերվում է Ինգուշեթիան, որը լինելով վայնախ ազգ և, ըստ էության, նույն չեչենների երկվորյակ եղբայրը, տարբերվում են միմյանցից նաև նրանով, որ դարեր ի վեր ինգուշները կառուցել են մեծաքանակ աշտարակներ իրենց երկրում: Ի դեպ, ըստ ավանդույթի Հայկի և Քվարթելի մյուս 5 եղբայրներից մեկն է հենց այս ազգերի նախահայրը, և ցայսօր մեր առասպելական նախահոր` Թորգոմի, Հայկի հոր, անվամբ տեղավայրեր կան այնտեղ:
Թերևս խորհրդանշական է մեր այս օրերին հիշել ինգուշների մասին, ովքեր 5 տարի առաջ կատաղի պայքար էին մղում իրենց թե’ ազգակից և թե’ հավատակից եղբայր չեչենների դեմ անարդար սահմանազատման պատճառով, ինչը պսակվեց անհաջողությամբ, քանի որ ինգուշների ղեկավարը պարզապես դավաճանեց սեփական ժողովրդին, որի դիմաց ստացավ ՌԴ ՊՆ-ում փոխնախարարի պաշտոն, իսկ կրեմլյան բիրտ ուժը խեղդեց ինգուշների պայքարը` բանտ նետելով անգամ աքսակալներին: Ավելի քան խորհրդանշական է նաև այն, որ ինգուշները լինելով պատմականորեն հավատարիմ ռուսներին (նրանք ինքնակամ են մտել ռուսական կայսրության կազմի մեջ, մինչդեռ չեչենները Մյուրիդիզմի, այսինքն` կովկասյան ազգերի ազատագրական պայքարի, մոլեռանդ մարտնչողներ են եղել), քան չեչենները, միևնույնն է տուժել են:
Եվ ինչ-որ առումով կարելի է ասել, որ հայ-ադրբեջանական սահմանները, ներառյալ Արցախի հարցը, Պուտինի ընկալմամբ հանդիսանում է ռուսական կայսրության ներքին սահմանների հարց, ինչպես նույն չեչեն-ինգուշական սահմանն է, որի դեպքում ռուսները միշտ ի հաշիվ իրենց հավատարիմների սիրաշահում են իրենց ոչ հավատարիմներին:
Ինչևիցե. ի ցավ կամ ի ուրախություն, սակայն իմ նախկին հոդվածում (տես այստեղ) արտահայտված միտքն, որ «Հայաստանի քաղաքական դաշտն այլևս բերրի է նոր խաղացողների ծնվելու համար» դառնում է իրականություն: Ու սա այն պատճառով, որ Բագրատ Սրբազանի շարժման ձախողմամբ այլևս պատմության գիրկն է գնում ներկա-նախկին Հայաստանի քաղաքական դաշտը տկարացնող և բթացնող երկընտրանքը:
Կարդացեք նաև
Սակայն խնդիրն այն է, թե ով է լինելու բերրի քաղաքական դաշտում սերմնացանը, և ով է պտուղները քաղելու: Իմ ազգականներից Տիգրան Հայրապետյանի հրատարակված «Անապատի հազար տարին» հատորներից մեկում տարիներ առաջ մի հոդվածի հանդիպեցի, որը չեմ հիշում, բայց որտեղ մի իդեալական միտք կար նրբորեն ու զգուշորեն տեղադրված, որի իմաստն է, թե հայ ժողովրդի ողբերգություններից մեկն այն է, որ իր առաջնորդներն երբեք իրեն անկեղծ չեն սիրել:
Ակամայից հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կապ ունի այս ամենը իրար հետ: Իսկ կապը շատ պարզ է. Այս բերրիացող քաղաքական դաշտում սերմնացանը պետք է լինի միայն հայ ժողովուրդը, և ոչ երբեք օտարերկրյա այլ կենտրոնները: Հակառակ դեպքում, կրկին կունենանք մեծամասամբ պրո-արևմտյան ուժեր, մասամբ էլ պրո-ռուսական ուժեր, և հազվադեպ պրո-հայկական ուժեր, որոնք, ցավոք, կրկին ռեսուրսների բացակայության պատճառով, ամենից օրինական քվեարկությունների դեպքում անգամ (ոչ թե ընտրությունների) չեն կարողանալու հաղթել և առաջնորդություն վերցնել: Ցավոք, մենք չունենք այնպիսի հասարակական, բիզնես, արվեստի դերակատարներ, որոնք կարող են հանդիսանալ guardian-ը, պաշտպանը` հայ քաղաքական դաշտի այլ գեոպոլիտիկ կենտրոններից:
Սերմնացանը պետք է հայ ժողովուրդը լինի և իրեն սպառած ողջ քաղաքական էլիտային` դիմություն և ընդդիմություն, նոր քաղաքական էլիտայով փոփոխողը ևս հայ ժողովուրդը պետք է լինի և ոչ թե այս կամ այն գեոպոլիտիկ կենտրոնը: Իսկ դա հնարավոր է: Դա անհնար չէ, բայց դժվար է:
Այս անհնարինի նման անհնարինն իրականացվել է Իսլանդիայում: 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամից հետո 2010թ.-ին անցկացվեց Ազգային ֆորում, որին մասնակցեցին 950 պատահաբար ընտրված քաղաքացիներ: Ազգային ֆորումին առաջադրված էր ուրվագծել նոր սահմանադրության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս ձևով սովորական քաղաքացիներին տրվեց հնարավորություն իրենց կարծիքը և մտահոգությունները բարձրաձայնել:
Այնուհետև ստեղծվեց Սահմանադրական խորհուրդ: Ընդհանուր 25 անհատ, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ: Խորհրդի առաջադրանքն էր ձևակերպել նոր սահմանադրություն հիմնվելով` Ազգային ֆորումի առաջարկությունների և կարծիքների վրա: Խորհրդի աշխատանքը թափանցիկ էր և մասնակցային և նրա նիստերն առցանց ուղիղ եթերով հեռարձակվում էին: Նախագիծը սահմանադրության դրվեց համաժողովրդական քվեարկության և ստացավ ժողովրդի հաստատումը, սակայն խորհրդարանի կողմից չվավերացվեց քաղաքական պատճառներով:
Ինչևիցե, խնդիրն այստեղ այն չէ, թե ինչու չհաջողեց իսլանդական փորձը, խնդիրն այն է, որ առկա է մոդել, որը կարելի է հարմարեցնել մեր իրականությանը մեր առաջ ծառացած խնդիրների լուծման համար:
Եվ կրկին, մեր խնդիրն այն է, որ պետք է քաղաքական դաշտում սերմնացանի դերակատարությունը վերցնենք, որպես հայ ժողովուրդ վերցնենք, ու թույլ չտանք գեոպոլիտիկ կենտրոններին այլևս բերրի քաղաքական դաշտում աճեցնել իրենց շահերը սպասարկող ուժերի: Դա անելու համար հնարավոր է օգտագործել իսլանդական փորձը` հարմարեցնելով մեր համատեքստին:
Ավելի պարզ, թե ինչ եմ առաջարկում. ստեղծել նոր քաղաքական էլիտա չկապված ներկա-նախկին ուժերի հետ: Դրա համար, անհրաժեշտ է առցանց հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է կոնկրետ պաշտոնի համար առաջարկել կոնկրետ արհեստավարժի, որը չունի կախվածություն և կապվածություն ներկա-նախկին վերնախավի հետ: Տեխնիկական պարամետրները կարելի է մշակել, որպեսզի հնարավոր լինի ստեղծել հնարավորություն առցանց պարզելու թեկնածուի ներկա-նախկին կապը և արհեստավարժությունը` ընդհուպ արհեստական բանականության հնարավորություններն օգտագործելով:
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գործադիր իշխանության բոլոր կարևոր պաշտոնների համար` սկսած Ա նախարարության նախարարի պաշտոնից ավարտված նույն նախարարության Բ բաժնի ղեկավարի պաշտոնով, այդ առցանց հարթակն ունենա անհատների ցանկ: Մնացածն, ինչպես ռուսներն են ասում дело техники: (Հուսամ ռուսերեն դարձվածքի համար չեմ ստանա ռուսական ագենտի պիտակը: Հուսամ տեղ-տեղ անգլերեն բառերի համար չեմ ստանա եվրո-բլոգեր պիտակը):
Այդ անձանց ընդամենը պետք կլինի հավաքել մեկ վայրում, միավորել և ժողովրդին ներկայացնել իր նոր վերնախավին, որին ինքն է ստեղծել իր քվեի միջոցով: Արդյո՞ք այս նոր խմբի խնդրանքով մարդիկ չեն ողողի փողոցները և պահանջի արտահերթ ընտրություններ: Անշուշտ կողողեն, անշուշտ կպահանջեն, և նրանց անշուշտ կբերեն ընտրությունների միջոցով իշխանության: Իհարկե, սա քաղաքական էլիտա չի կարող համարվել դասական իմաստով, սակայն օրհասական վիճակներում պետք է փորձել ցանկացած բան, որը կարող է ինչ-որ կերպ շանս ունենալու շանս տալ:
Հակառակ դեպքում, ունենալու ենք ոչ հայկական` գեոպոլիտիկ կենտրոններին, որպես մեր սերմնացան, իսկ ցանված սերմի պտուղը լինելու են պրո-պրո-պրո ուժեր:
Եվ սա անհնարին չէ, քանի որ անհնարինը անհնարին է, երբ ընդամենը ևս մեկ փորձ-ևս մեկ attempt չի արվում: Անհնարինից հնարավոր ճանապարհն ընդամենը ևս մեկ փորձի, ևս մեկ attempt-ի հարց է:
Եվ այդ անհնարինի հնարավոր դարձնելու համար ընդամենը պետք փոքրաթիվ քանակով նվիրյալներ` 12 առաքյալներ եթե կուզեք:
Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ