Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի համայնքապետը համայնքին պատկանող մեքենան օտարել է պապին. իրավապահները Ստեփանակերտի ու Ասկերանի ղեկավարների վերաբերյալ օպերատիվ նոր տվյալներ են ստացել

Հունիս 12,2024 11:48

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տվյալներ են ստացել Ասկերանի շրջանի, Ասկերան համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանի (լուսանկարում) գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ օպերատիվ տվյալների՝ Շամիրյանը համայնքին օրինական հիմքերով հատկացված և համայնքի տնօրինման, տիրապետման, օգտագործման ներքո գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն համայնքի ավագանու անդամներ Ա. Բադալյանի, Ս. Հարությունյանի, Ա. Ավանեսյանի, Ա. Գաբրիելյանի հետ, 2024 թվականի հունվարի 18-ին հրավիրել են ավագանու նիստ, որի արդյունքում որոշել են Ասկերանի շրջանի Ասկերանի համայնքային սեփականություն համարված «ԼԱԴԱ ՆԻՎԱ ԹՐԱՎԵԼ» մակնիշի մեքենան, որպես նվիրատվություն, օտարել Ասկերանի համայնքապետի պապին՝ Հայկ Շամիրյանին:

Արդյունքում, ըստ իրավապահների, Ասկերան համայնքի ղեկավարը նույն համայնքի ավագանու անդամներ Ա. Բադալյանը, Ս. Հարությունյանը, Ա. Ավանեսյանը, Ա. Գաբրիելյանը, նշված որոշման կայացմամբ համայնքին սեփականության իրավունքով տրամադրված և համայնքի կարիքների համար շահագործված, առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 5.200.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի օտարմամբ կատարել են հափշտակություն:

Իրավապահները քննարկում են համայնքապետ Հայկ Շամիրյանի արարքին տալ ՀՀ քր․ օր․ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական:

Ի դեպ, համայնքապետ Շամիրյանի եւ նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաեւ 2024 թվականի մայիսի 24-ին «Սրբազան շարժման» հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար: Շամիրյանի նկատմամբ այդ գործով կիրառվել է տնային կալանք:

Դավիթ Սարգսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեր տեղեկություններով՝ իրավապահներին օպերատիվ նոր տվյալներ են հասել նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ Ստեփանակերտ քաղաքի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին օրինական հիմքերով հատկացված, տնօրինման, տիրապետման, օգտագործման ներքո գտնվող գույքը հափշտակելու նպատակով, 2024թ. փետրվար ամսվա տարբեր օրերին այլ անձանց է օտարել Ստեփանակերտ քաղաքի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին պատկանող TOYOTA HILUX 2.7 մակնիշի բեռնաուղեւորատար, VAZ 21214 մակնիշի, մարդատար եւ UAZ մակնիշի ավտոմեքենաները:

Իրավապահները քննարկում են Սարգսյանի արարքին տալ ՀՀ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին արդեն մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի մայիսի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, որոշումներ կեղծել, կեղծ փաստաթղթեր պատրաստել կամ օգտագործել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով)։

Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր: Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Նիստը նշանակվել է վաղը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930