Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ հենակետից չհեռացողը հարյուրավոր հեկտարներից կհեռանա՞. Բերքաբեր-Կըզըլ Հաջիլի սահմանը գծված է, բայց ադրբեջանական դիրքը դեռ տեղում է՝ հայկական հողում. «Ազատություն»

Հունիս 12,2024 11:32

«Ազատություն». Բերքաբեր -Կըզըլ Հաջիլի սահմանը պաշտոնապես գծված է, ադրբեջանական դրոշը ծածանվում է նրանց գյուղի մի բլրի վրա, բայց ադրբեջանցի զինծառայողները չեն շտապում հեռանալ արդեն սահմանազատված հայկական հողից։ Բերքաբերցի Ռադիկ Զարգարյանն անհույս չէ՝ սպասենք, ասում է նա։

«Դեռ դուրս չեն եկել, բայց պիտի հետ քաշվեն։ Պիտի դուրս գան, դրան ենք սպասում, որ պիտի դուրս գան։ Դա արդեն կառավարության հանձնաժողովի հարցերն են», – նշեց նա։

Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս նոր փուլում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը, ինչպես նաև Ոսկեպարի մեջ խրված ադրբեջանական եռանկյունին ապագային թողնել։ Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում է մնում չհեռացող ադրբեջանական դիրքը։

Ռազմական, տեխնիկական խնդիրները հաշվի չեն առնվել. քաղաքագետ

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ Բերքաբերի այս պահին չսահմանազատվող տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի շարունակությունն է այս մեկը, որ պիտի հետ քաշվի։ Փոխկապակցված պաշտպանական համակարգ է, ասում է նա։

«Շատ տարօրինակ է, երբ դու ընդունում ես սահմանազատման մի տարբերակ և հետագայում առնչվում ես նման խնդիրների։ Այստեղ տեղանքը և այս պոստերի տեղադրությունն ինքը ստեղծում է այս խնդիրը զուտ տրամաբանորեն, այսինքն՝ կամ պետք է ասել՝ ինչ անել։ Եթե ադրբեջանական երեք խոշոր հենակետերի մի ճյուղը՝ մի հենակետը հանվում է, բայց մնում են այն երկուսը, և մնում է հայկական հենակետը, այստեղ ո՞րն է տրամաբանությունը։ Այս հատվածում կիսահենակետային, կիսասահմանապահային ինչ-որ իրավիճակ է ստեղծվում», – «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ սա արագ քաղաքական լուծում գտնելու հետևանք է՝ ռազմական, տեխնիկական խնդիրները հաշվի չեն առնվել, ու ադրբեջանական դիրքը մնացել է հայկական հողում, ընդ որում՝ սահմանից բավականին ներս։

Սահմանազատման այս աղմկոտ պրոցեսում Բերքաբերը խաղաղ ու լուռ մնաց, ցույցեր չեղան։ Մարդիկ հիմնականում համաձայն էին՝ Կըզըլ Հաջիլին ադրբեջանական է, թող տան, գուցե ադրբեջանցիներն էլ կվերադարձնեն իրենց 900 հեկտարը։ Մեկ հենակետից չհեռացողը հարյուրավոր հեկտարներից կհեռանա՞, չգիտեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930