Ըստ հայկական կողմի հրապարակած քարտեզի՝ «սահմանազատումից» հետո հայ-ադրբեջանական սահմանը Կիրանց մտնող կամրջի մոտ գտնվող մթերային խանութի անմիջապես կողքով է անցնելու: Կիրանցի նորակառույց դպրոցն էլ է հայտնվում ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, եւ սահմանը դպրոցից 50 մետր հեռավորության վրա է տեղակայվելու։ Ու չնայած այն փաստին, որ ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչեւ 2024թ. հուլիսի 1-ը պետք է ավարտեն գործընթացը:
Կիրանցում այժմ էլ իրավիճակը բավականին լարված է, կիրանցեցիները վստահ են, որ ադրբեջանցիները հասնելու են մինչեւ գյուղամեջ, քանի որ արդեն իսկ, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են: «Տների հանձնումը կատարվելու է մինչեւ ամսվա վերջ: Կարծեմ՝ մինչեւ հունիսի 24-ն է ժամկետը: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ իրավիճակ է Կիրանցում: Ադրբեջանցիները մեր տներից հիմա մի քիչ հեռու են, բայց որ մի քիչ էլ առաջ գան` կամուրջը վերցնելու համար, չգիտենք, թե ինչ է լինելու: Ամբողջական սահմանազատումը դեռ չի ավարտվել Կիրանցում, սահմանը գծված է, բայց ամբողջությամբ չի արվել, դեռ չեն եկել գյուղի ներս: Նշվել է, որ պետք է ամբողջական սահմանազատում արվի․ դպրոցից 50 մետր հեռավորության վրա ազերիները տեղակայվելու են մոտ երկու ամսից: Վստահ եմ, որ այդ տարածքի տներն էլ մարդիկ կքանդեն, ու այն չի մնա Ադրբեջանին: Պայմանավորվածությունն այդպիսին է: Երկու տուն արդեն անցել է Ադրբեջանին»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ պատմեց կիրանցեցի հայտնի ակտիվիստ Գոհար Վարդանյանը:
Հայկ Գևորգյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: