ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում դժգոհեց, որ բյուջեի կատարման հաշվետվությունը հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում։
«Հետեւելով բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներին, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանություններին, ցավոք, մեկ անգամ եւս պիտի արձանագրեմ, որ մեծ հաշվով՝ բյուջեի կատարման հաշվետվությունը հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում կամ չի կարեւորվում այնչափ, որչափ պիտի արժանանար ուշադրության։ Մեզ բոլորիս պիտի մտահոգի այն, թե ինչո՞ւ բյուջեի կատարման հաշվետվությամբ մեր հասարակության լայն շրջանակները հետաքրքրված չեն։ Ինչո՞ւ մեր քաղաքացիները չեն ձեւակերպում իրենց հարցադրումները ծախսված միջոցների վերաբերյալ։ Գուցե մեր հաշվետվությունները չափազանց ծանրաբեռնված են թվերով եւ խրթին ձեւակերպումներո՞վ»,- ասաց նա։
Նախարարը հավելեց․ «Ցավալի է, երբ պետբյուջեի կատարման քննարկումը, որը խիստ կոնկրետ է եւ այսօրեական, որը միտված է լավարկելու ներկայի եւ ապագայի քաղաքականությունները, լայն քննարկման չի արժանանում, իսկ ընդդիմությունը կամ չի կարողանում, կամ չի ուզում մտնել կառուցողական քննադատության դաշտ։ Արդյունքում՝ քաղաքական ինտրիգներից եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից այն կողմ քննարկումը չի ծավալվում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ