Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են օտարներն ընկալում Թումանյանին, որի ստեղծագործությունները լինելով ազգային, նաև համամարդկային են. զրույց թարգմանչուհիների հետ

Հունիս 12,2024 10:44

«Վարդ՝ ապակու տակ. Թումանյանի ստեղծագործությունների ընկալումը օտարների կողմից» խորագիրն էր կրում հունիսի 7-ին Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում կայացած գրական երեկոն։

Թումանյանագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանը, որը նաև եղել է Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրենը և մեծ աշխատանք է կատարել թումանյանագիտության գործում, ինչպես ինքն է իր ֆեյսբուքյան էջում գրել․ «․․․զրույցի էր հրավիրել երկու հրաշալի թարգմանչուհիների’ Ալվարդ Ջիվանյանին և Շուշանիկ Թամրազյանին»։

Ա․ Եղիազարյանի և թարգմանչուհիներ՝ բանասիրական գիտությունների դոկտորներ Ալվարդ Ջիվանյանի և Շուշանիկ Թամրազյանի զրույցը նվիրված էր հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններին։ Կարևոր հարցն էր՝ ինչպես են օտարներն ընկալում Թումանյանին, որի ստեղծագործությունները լինելով ազգային, նաև համամարդկային են։ Արդյո՞ք օտար ընթերցողը կհասկանա Թումանյանի միտքը, ինչպես հայն է ընկալում, զգացումները, ցավը, ապրումը․․․

Իհարկե, դեռ մեծ գրող-բանաստեղծի կենդանության ժամանակ արդեն թարգմանվել են նրա գործերը, հետագայում շարունակվել ու դեռ երկար ժամանակ կշարունակվեն։ Մոտ 4 տասնյակ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, գերմաներեն և այլն, թարգմանվել են Թումանյանի ստեղծագործությունները։ Բանախոսներն անդրադարձան նախկին ու ներկա թարգմանություններին։ Նշեցին՝ Թումանյանը շատ է կարևորել գեղարվեստական գործերի թարգմանությունները, որ այն չփոխի ստեղծագործության միտքը, ասելիքը։

Ինքն էլ ժամանակին շատ գործեր է թարգմանել, և ասել է․ «Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։ Ինչքա՜ն շնորհք է հարկավոր…»։

Ընթացքում ընթերցեցին նաև բանաստեղծի գործերից՝ անգլերեն ու ֆրանսերեն՝ պահպանելով Թումանյանի շունչը։

Երեկոյին ներկա էին արվեստասերներ, Թումանյանի երկրպագուներ, ուսանողներ։ Ներկաների կողմից նաև հարցեր ու առաջարկներ հնչեցին։ Գրական երկերի թարգմանական խնդիրների մասին իր փորձառությամբ կիսվեց նաև Եվրոպական լեզուների ֆակուլտետի (ԵՊՀ) շրջանավարտ Մելինե Մարտիրոսյանը, որն իր համար մեծ պատիվ համարեց խոսել այդ թեմայով։ Երեկոյի վերջում «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը, ինչպես ընդունված է, թարգմանչուհիներին իր ղեկավարած կենտրոնի կողմից նվիրեց նուռ-քանդակներ և Հովհ․ Թումանյանի «Մանկական երգեր» գիրքը։

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930