Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականի եւ դետեկտիվի սահմաններում

Հունիս 12,2024 13:00

Լույս է տեսել ՀՀ ժուռնալիստների միության անդամ, հրապարակախոս, արձակագիր, «Հատուկ գունդ», «Ազնիվը», «Դետեկտիվ պատմվածքներ», «Օրենքով գողը» գրքերի հեղինակ Մելանյա Պետրոսյանցի «Մեր ժամանակները. Սեր եւ հուսախաբություն» գիրքը:

Այն դետեկտիվ ժանրի է: Մեր այս նոր ժամանակների համար գիրքն արթնացնում է բարի հիշողություններ անցյալ դարի 60-70 թվականներին խորհրդահայ արձակում դետեկտիվ ժանրի սկզբնավորողներից Վիկտոր Բալայանի մասին, որի անունը թնդում էր, երբ «Ավանգարդ» թերթի հերթական համարներում լույս էին տեսնում նրա դետեկտիվ պատմվածքները, որոնց համար թերթի կրպակների մոտ հերթեր էին գոյանում (Հայտնի է, որ նա դիմել էր Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Դարբինյանին, որպեսզի մասնակից դառնա հանցագործությունների բացահայտման ընթացքին, զգա քննիչների աշխատանքը, ինչին ընդառաջ էր գնացել նախարարը։ Ներքին գործերի համակարգում լրագրողի ով լինելու մասին գիտեին մի քանի հոգի` նախարար Դարբինյանը, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Լորիս Կռոյանը եւ 26 Կոմիսարների միլիցիայի պետ Սամվել Ցուցուլյանը-Ռ.Մ.):

Դետեկտիվ ժանրի ստեղծագործությունն այսօր չտրորված արահետ է, որով այս անգամ անցնում է Մելանյա Պետրոսյանցը: Գրքում երեք արձակ գործեր են. «Մեր ժամանակները: Հույս եւ հուսախաբութուն», «Տիկին Նունեն եւ դեդեկտիվ Հայկը», «Մի սպանության պատմություն»:

«Տիկին Մելանյայի պատմվածքներում այնքան յուրովի ու պրոֆեսիոնալիզմով հագեցած են մեկնաբանվում դեպքերն ու հանգամանքները, որ չճանաչելու պարագայում կմտածես, հեղինակը բազմամյա փորձառու քննիչ է», գրքի առաջաբանում գրել է «Գաբրելյան ընդ Փարթներս» դեդեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Վրեժի Գաբրիելյանը: Արձակագիր Վրեժ Սարուխանյանը գրում է. «Սովորաբար համաշխարհային դեդեկտիվ ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները: Սովորաբար նման սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որեւէ հանցագործություն, եւ դեդեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը: Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության եւ անարդարության միջեւ, եւ ավարտվում է արդարության հաղթանակով: Եվ ահա նման թեմաների ընտրության առումով հայ դեդեկտիվը պակասություն չունի, մնում է վարպետության խնդիրը: Ի դեպ, Մելանյա Պետրոսյանցի դեդեկտիվը զուտ հետաքրքրասիրության եւ հաճույքի գրականություն չէ (ֆենթեզի), այլ իր մեջ ազգային եւ սոցիալական ցավերի խնդիրներն են: Դա լուրջ սինթեզ է` արկածն ու ցավը»:

Գիրքը կարդալիս որոշ իրադարձություններ մեզ ծանոթ են թվում: Հանցագործները, տարօրինակ մահափորձերի, սպանությունների շղթան նույնքան ծանոթ է, սակայն Մելանյա Պետրոսյանցը մեզ յուրօրինակ հետաքննության է մասնակից դարձնում:

«Տեսագրության մեջ մի դիմակավոր տղամարդ, աղբանոցի թեք լանջով, հրելով իջեցում էր մի այլ տղամարդու, ով երբեմն-երբեմն ուզում էր հետ դառնալ, ինչ-որ բան ասել, բայց դիմակավորը թույլ չէր տալիս, որ շրջվի, զենքով էր թիկունքից հրում առաջ: Երբ հասան աղբի մի կոլոնի, հանկարծ տղամարդը շատ արագ հետ դաձավ, ձեռքը գցեց ու հաջորդ պահին դիմակը քաշեց բացեց իրեն սպառնալիքով առաջ քշող դեմքը, բայց նույն պահին էլ ընկավ ատրճանակի անձայն կրակոցից»:

Կամ՝ նախկին բարձրաստիճան ոստիկանապետ, գրքի հերոս Սիմոն Գուրգենիչի արձագանքը, երբ դուստրն ու մտերմուհին օրվա լրահոսն են նայում, ինքն էլ թաթախված է ոտից գլուխ դավադիր հանցագործությունների մեջ, բայց ազատ է, անպատժելիությունից հղփացած, հեգնանքն էլ տեղը. «Բացահայտեք, բացահայտեք, դուխովներ, ձեր դուխին հաշված օրեր մնացին, կտեսնենք, թե որ ծակերն եք մտնելու ու էլի գալու եք, ոտերս լիզեք…»: Հատուկ ժարգոնը, հանցաշխարհին բնորոշ արտահայտություններն ավելի տիպական ու հավաստի են դարձնում կերպարները:

Գրքի հերոսները բարձրաստիճան ոստիկաններ են, քննչական կոմիտեի քննիչներ, վարձու մարդասպան՝ քիլլեր, կառավարության անդամ, գործարար անձինք, բայց…քաղաքական գործիչ:

Ահա նրանց առօրյայից մի նկարագրություն. «Ամիսների ընթացքում ընկերների եկամուտը հազարապատկվել էր: Թմրանյութերի իրացման, տարբեր հասցեներով առաքման հարցերով զբաղվում էին Սուրենն ու Գոգին, ու նրանց ծուռ հայացքով անգամ նայող չկար: Մի անգամ Սոսիին հարցրի, թե արդյոք, կառավարության բարձր օղակում չգիտե՞ն, թե ինչով է զբաղվում, ում է հովանավորում Ստեփան Ղուլյանը: Նա քմծիծաղ տվեց, թե ինչո՞ւ չգիտեն, թե այնտեղ ամեն մեկն էլ մի Գոգիի նմանին է հովանավորում, բա էդ դղյակները ինչո՞վ են կառուցում, արտասահմաններում ինչո՞վ են տներ գնում մեր պաշտոնյաները ու միլիոնատերեր դառնում…»:

Մելանյա Պետրոսյանցը քթիցդ բռնած տանում է հանցագործության հնարավոր վայրերով ման տալիս, ապա անսպասելի, այնպիսի բացահայտում է անում, որ չես հասցնում այդ պահին հասկանալ, ոնց, ոնց էլի…

Մի շատ հետաքրքիր, անգամ սիրվող կերպար կա այս գրքում. տիկին Նունեի: Այս կինն օգնում է մասնավոր դետեկտիվին: Կոլորիտային նկարագրով այս կինը՝ Նունեն, ասես բրիտանական դետեկտիվ ակումբի նախագահ, 82 դետեկտիվ վեպերի հեղինակ Ագաթա Քրիստիի արարած կերպարների հայ նախատիպը լինի:

«Տիկին Նունեն եւ դեդեկտիվ Հայկը» պատմվածքում մի հատված ներկայացնեմ. «Ու ահա երրորդ օրն է, ինչ 65-ամյա այդ կինը, ում հետաքրքրությունը սկսվում եւ ավարտվում է դեդեկտիվ գրականության ընթերցմամբ, իր հանգիստն էր վայելում բնության այս հրաշք անկյունի հանգստյան տանը: Իհարկե, նա արդեն հասցրել է ուսումնասիրել հանգստյան տան եւ սպասարկող անձնակազմի մի մասին, եւ հանգստացողներին, որոնց կարող է տեսնել ճաշի ժամին, երբ համարյա բոլորը հավաքվում էին ճաշարանում…Ահա դեդեկտիվ Հայկի հեռադիտակը վզից կախ, վերադառնում էր հետճաշյա անտառային զբոսանքից…Հանգստյան հետնամասից պատրաստվում էր անցնել բակի կողմը, վերեւից ճիչ լսեց ու հաջոդ պահին, դեռ չէր հասցրել գլուխը վերեւ բարձրացնել, երբ երիտասարդ մի կնոջ մարմին, թըրմփ, ընկավ ուղիղ իր դիմաց: Տիկին Նունեն անսպասելիությունից մի կողմ թռավ ու նայեց վերեւ: Ոչ մի բաց պատուհան կամ բաց դուռ չտեսավ…Աչքն ընկավ աղջկա տարածված ձեռքներին: Կիսաբաց ափի մեջ ադամանդի քարով մի ականջօղ էր, այնինչ`աղջկա երկու ականջօղերն էլ տեղում էին… Փոքրիկ պայուսակից արագ հանեց անձեռոցիկը, զգուշորեն աղջկա ափից վերցրեց ականջօղը, դրեց պայուսակը: Մյուս ափի մեջ հեռախոսն էր, այդ էլ վերցրեց դրեց պայուսակը… Տիկին Նունեն առանձնացավ հավաքվածներից, հանեց հեռախոսն ու զանգեց դեդեկտիվ Հայկին»:

Արդարացված է, երբ հեղինակը իր գիրքն անվանել է «Մեր ժամանակներ»: Ահա մեր ժամանակները. «Երկրում մեծ փոփոխություն էր տեղի ունեցել: Իշխանության էին եկել նոր մարդիկ, նոր ուժեր: Մի մասն ընդունում էր, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց մի մասն էլ տեղի ունեցածը համարում էր ընդամենը անորակ իշխանափոխություն: Նախկին իշխանությունների ներկայացուցիչները սկզբում խուճապի մեջ էին, նրանցից մի քանիսը հասցրել էին ընտանիքներով լքել երկիրը, մի մասն էլ ճամպրուկներն էր հավաքում, առաջիկա քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»: Գրքում հերոսների վարքաբանությամբ, որը վարպետորեն ներկայացնում է հեղինակը, երեւում է դատաիրավական համակարգի ողջ խոցելիությունը, երբ առաջքաշվածները ոչ թե պրոֆեսիոնալներն են, այլ մարդիկ, ովքեր սերտաճել են հանցաշխարհի հետ, իրենք են ազդում նշանակումների, հանցագործությունների աճին, անպատժելիոթյան մթնոլորտի ձեւավորմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930