Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար»

Հունիս 12,2024 10:00

Իշխանությունը դարձյալ, ինչպես 2018 թվականի գարնանը՝ «նախկինները»,  բողոքող ցուցարարներից պաշտպանվում է փշալարերով:

Երբ «թավշյա հեղափոխությունը» հաղթեց, նոր իշխանավորները խրոխտ ձայնով հայտարարում էին, որ այլեւս Հայաստանի փողոցներում փշալարեր չեն լինելու: Իբր՝ ամբողջ հասարակության մեջ այնպիսի մի ներդաշնակություն եւ փոխըմբռնում կա (եթե հանենք մի քանի «հակահեղափոխականի»), որ իշխանությունը փշալարերով պաշտպանվելու կարիք չի ունենա: Կամ, ինչպես Թաթան էր երգում, «չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար՝ ազատության ճանապարհին հայերի համար»:

Չնայած Թաթա Սիմոնյանի երգերի «ժանրը» իմ սրտով չի, նրա տաղանդը բարձր եմ գնահատում: Ամենեւին չեմ փորձում կշտամբել նրան կամ որեւէ մեկին, ով 2018-ին էյֆորիա էր ապրում:

Ես ինքս, թեեւ «թեեւ հեղափոխական նարկոզի» տակ չէի, հասկանում էի ու հիմա էլ եմ հասկանում, որ այն, ինչ դատապարտված է փոխվելուն, պետք է փոխվի: Կանխատեսո՞ւմ էի ես այն ժամանակ, որ ՔՊ-ականները, «նախկինների» նման, սոսնձվելու են իրենց աթոռներին եւ մտահոգվելու են միայն իրենց նյութական բարիքներով: Սպասելի՞ էր, որ նրանք, ճիշտ նույն ձեւով, «բերետներով» ու փշալարերով են պաշտպանելու իրենց աթոռները: Այո, այդ ամենը դժվար չէր կանխատեսել՝ հաշվի առնելով հեղափոխությունների դարավոր փորձը:

Որ այդ առումով՝ ամեն ինչ գնալու է մոտավորապես այնպես, ինչպես հիմա գնում է, 2018 թվականին պարզ էր: Որ հեղափոխական իշխանության պատճառով տեղի է ունենալու ազգային աղետ, խոստովանեմ, իմ մտքի ծայրով անգամ չէր անցնում: Դրանով են ինձ համար «ներկաները» վատ իմաստով տարբերվում «նախկիններից»:

Խնդիրները, որոնք կային 2018 թվականին, հիմնականում մնացել են նույնը: Դրան ավելացել է այն սարսափելի պարտությունը, որի «հեղինակները» շարունակում են վայելել իրենց աթոռները՝ այն ոճով, որն ընդունված է Հայաստանում:

Եվ կրկին մենք կանգնած ենք փոփոխությունների անհրաժեշտության առաջ: Ընդ որում, ես բոլորովին չեմ լարվում «հակահեղափոխություն» բառից: Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը, ի սատարումն Հայաստանի հեղափոխական իշխանությունների, առաջարկում են մեր երկիր զորք մտցնել, ապա «հակահեղափոխությունը» ամենեւին մերժելի գործընթաց չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Պարոն Աբրահամյան, դուք գրել եք, որ «հակահեղափոխությունը» ներկա իրավիճակում մերժելի չէ, և որ դուք չեք լարվում այդ բառից։ Վստա՞հ եք, որ ավարտել եք ձեր այդ միտքը։ Հետագայում այն էլ չե՞ք շարունակելու «բայց»-ով կամ «եթե»-ով։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930