Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկությունը լույսն է. երաժշտության և գեղանկարչության հատույթում

Հունիս 12,2024 12:30

Դիանա Ադամյանի ստեղծագործական դիմանկարը

Սույն թվի հունիսի 6-ին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի (ջութակ անվանակարգ) բացման արարողության համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հայազգի երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանը, որը միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում և Եհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթի (2018 թ.) և Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի (2020թ.) դափնեկիր է: Նա կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Ապրիլի 25-ին նույն համերգասրահում Դիանա Ադամյանը, կրկին որպես մենակատար, մասնակցել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված իր ուսուցչի՝ անվանի ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Հայկազյանի 100-ամյակին՝ կատարելով Պյոտր Չայկովսկու ջութակի կոնցերտը: Այս ելույթների առիթով էլ զրուցել ենք Դիանա Ադամյանի հետ:

-Ապրիլի 25-ին կայացած համերգը նվիրված էր Ձեր ուսուցչին՝ Պետրոս Հայկազյանին: Երբվանի՞ց եք իր մոտ ուսանել և որքա՞ն ժամանակ: Ինչպիսի՞ն էր Պետրոս Հայկազյան մանկավարժը:

-Ջութակ սկսել եմ նվագել Պետրոս Հայկազյանի մոտ, երբ 5 տարեկան էի: 18 տարեկանում ավարտեցի Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը Պետրոս Հայկազյանի մասնագիտական դասարանում: Հպարտ եմ, որ այս կյանքում ինձ բախտ է վիճակվել ունենալ այդպիսի Ուսուցիչ, ճանաչել այդպիսի Մարդու, քանի որ նա ոչ միայն երաժշտության ուսուցիչ էր, այլև մեծ մարդ, ում ճանաչելով կարելի էր հասկանալ, թե ինչպիսի մարդ կուզենամ լինել ինքս: Կարող եմ ասել, որ Ուսուցչիս մի մասնիկը կրում եմ իմ մեջ. նրա հոգու, լույսի մասնիկը. ուր գնում եմ նա միշտ ինձ հետ է: Շատ հանդարտ, հավասարակշիռ մանկավարժ էր՝ լուսավոր և դրական էներգիայով, երբեք ձայնը չէր բարձրացնում, ամեն բան բացատրում էր տիեզերական հանդարտությամբ և իր բոլոր աշակերտներին դիմում էր մեծ սիրով՝ «բալիկ ջան»-ով: Իր հանգստությունը փոխանցվում էր նաև մեզ՝ աշակերտներիս: Պետրոս Հայկազյանի յուրաքանչյուր դաս տոն էր: Մեր դասերը չորեքշաբթի և շաբաթ օրերին էին: Այդ օրերին ես իր առաջին աշակերտն էի: Հիշում եմ՝ նախքան դասը սպասում էինք նրան դռան մոտ, նա գալիս էր, բացում էր դուռը և ուղեկցում երաժշտության աշխարհ…, ամեն դետալ մանրամասնությամբ հիշում եմ… Պիտի ասեմ, որ քույրիկիս էլ է բախտ վիճակվել 5 տարի ուսանել Պետրոս Հայկազյանի մոտ, ցավոք, քույրիկս չհասցրեց ավելի երկար սովորել նրա դասարանում… Հիշում եմ՝ մեր բոլոր ելույթների և համերգների ժամանակ մեր ուսուցիչը նստում էր դահլիճի առաջին շարքերում, մենք նայում էինք նրան և ուժ ստանում:

-Երաժշտական ընտանիքի շառավիղ եք: Պատմեք խնդրեմ ձեր ընտանիքի և ձեր հետագա մասնագիտական կրթության մասին:

-Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, ծնողներս՝ հայրս՝ Հակոբ Ադամյանը, մայրս՝ Նունե Անտաշյանը (երկուսն էլ՝ Հայաստանի պետական Կամերային նվագախմբի երաժիշտներ), քույրս` Ալինա Ադամյանը, ջութակահարներ են, իմ տատիկն ու պապիկը, հարազատներս նույնպես երաժիշտներ են: Ծնողներիս շնորհիվ մանկուց սիրել եմ երաժշտությունը, երաժշտությունն ուղեկցել է ինձ ծնված օրվանից: Երաժիշտների ընտանիքում ծնվելն ու մեծանալը բնականորեն նպաստել է, որ ընտրեմ երաժշտի մասնագիտությունը. չեմ պատկերացնում, որ կարելի էր ընտրել այլ մասնագիտություն: Պետրոս Հայկազյանի մոտ ուսումս ավարտելուց հետո մեկ տարի սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Էդուարդ Թադևոսյանի մոտ, որից հետո մեկնել եմ Մյունխեն. անցյալ տարի ավարտել եմ Մյունխենի կոնսերվատորիայի (Hochschule für Musik und Theater München) բակալավրիատը Անա Չումաչենկոյի դասարանում:

– Կա՞ որևէ երաժշտական ժամանակաշրջան, որը ձեզ առավել հոգեհարազատ է: Եվ եթե առիթ ունենայիք կենդանի զրույցի բռնվել որևէ կոմպոզիտորի հետ, ո՞ւմ հետ կուզենայիք զրուցել:

-Եթե առիթ ընձեռվեր զրուցելու, ապա առաջինը մտքիս գալիս է Մոցարտի անունը…Մոցարտ, Բեթհովեն, Բախ… Այս երեքը…

Ամեն ժամանակաշրջան ինձ սիրելի է, յուրաքանչյուր ժամանակաշրջան նախորդի և հաջորդի հետ շաղկապված է. առանց մեկի մյուսը չէր կարող լինել: Ամեն ժամանակաշրջան ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու գույները, հաճույք եմ ստանում այդ ամենը բացահայտելիս և արտահայտելիս: Քանի որ նաև նկարում եմ, միշտ զուգահեռներ եմ տանում երաժշտության և նկարչության միջև՝ առավելապես գույների առումով: Ցանկացած ստեղծագործություն կատարելիս կարող է թվալ, թե ամեն բան պարզ է, բայց տարիների ընթացքում՝ հասունությանդ զուգընթաց, այդ ստեղծագործության մեջ նոր գույներ և աշխարհներ ես հայտնաբերում, սա մղում է մշտատև կատարելագործման:

-Նշեցիք, որ նկարում եք, իսկ երաժշտության մեջ ստեղծագործական փորձեր կատարե՞լ եք, երբևէ ցանկություն ունեցե՞լ եք սեփական կադենցիա գրելու:

-Ստեղծագործական փորձեր չեմ արել, միայն մեկ անգամ է առիթ եղել գրելու սեփական կադենցիա Մենուհինի անվան ջութակահարների մրցույթին մասնակցելու համար. պայմաններից մեկը՝ գրել կադենցիա Մոցարտի կոնցերտի համար: Գրեցի մեծ դժվարությամբ, ուժերի գերլարումով: Հասկացա, որ դեռ պատրաստ չեմ: Միգուցե կգա ժամանակ, որ դա ինձ հեշտորեն կտրվի: Հուսով եմ, կգա… Այս պահին կենտրոնացած եմ միայն կատարողական արվեստի վրա:

– Նկարչությունն ինչպե՞ս է օգնում ձեր կատարողական արվեստին:

– Նվագելիս գույներ եմ տեսնում: Նվագելուն զուգահեռ կարծես միաժամանակ նկար եմ վրձնում: Այդ նկարը չի տպավորվում գլխումս, պարզապես գույներ-գույներ, վրձնահարվածներ են կերպավորվում՝ կախված այն երաժշտությունից և տրամադրությունից, ինչ այդ պահին նվագում եմ: Նկարչությունն օգնում է ինձ բազում գույներ ստանալ նվագելիս: Բեմում կրկնակի հաճույք եմ ստանում նվագելիս և երևակայությանս խորքում գույներ վրձնելիս: Իսկ երբ իրականում կտավին եմ հանձնում որևէ նկար, տրամադրությունը, շրջակա բնությունը, եղանակը, օրվա տպավորություններն ազդում են նկարի ստեղծման վրա:

-Ձեր կատարողական արվեստում և ձեր կտավներում նկատեցի գեղեցկության յուրօրինակ իմաստավորում: Ի՞նչ է գեղեցկությունը ձեզ համար:

-Լույսը:

– Այդ լույսը բեմից ճառագում էր… Ի՞նչ կասեք բնության և ձեր կապի մասին: Մարտիրոս Սարյանն ասել է. «Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնությունն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն»:

– Ինձ զգում եմ բնության մասնիկը: Ամենաբազմազան գույները կարող եմ արտահայտել ծաղիկներ վրձնելիս, այդ պատճառով էլ շատ եմ նկարում ծաղիկներ: Լույսը ևս բնության դրսևորում է: Իմ ծնողներից և ուսուցիչներից շատ շնորհակալ եմ, որ ուղղորդել են դեպի երաժշտության աշխարհ, որի միջոցով մարդկանց կարող եմ փոխանցել Աստծո լույսը, շնորհն ու հոգևոր արժեքներ: Հիշում եմ Բեթհովենի խոսքը՝ երաժշտությունը միջնորդ է Աստծո և ունկնդրի միջև:

-Ձեզ բեմում տեսնելիս՝ այնպիսի զգացողություն արթնացավ, որ, կարծես, գարնանային կերպար եք: Նշեցիք, որ բնությունը և տրամադրությունն ազդում են ձեր արվեստի վրա: Արդյո՞ք գարունը ուրույն տեղ ունի ձեր կյանքում:

– Վերջերս գարնան վերաբերյալ այդ հարցը տվեցի ինքս ինձ: Ես սիրում եմ բոլոր եղանակները…, բայց հաստատ կարող եմ ասել, որ գարնան մարդ եմ, ինքս ինձ ևս կբնութագրեմ որպես գարնանային էակ, ծնվել եմ գարնանը, սիրում եմ գարունը՝ կյանքի նոր սկիզբը, երբ ցուրտ օրերից հետո արևն է բացվում: Բայց հետաքրքիր է, որ նկարելիս սիրում եմ աշուն վրձնել, կտավներումս շատ աշնանային բնանկարներ կան:

-Կերպարվեստին բնորոշ է ինքնադիմանկարը: Ձեր կայքում տեսա ձեր կտավներից մեկը, որ կարծես ձեր ինքնադիմանկարն էր: Ո՞ր երաժշտական ստեղծագործությունը կհամապատասխաներ ձեր ինքնադիմանկարին:

-Այս պահին մտքիս Դեբյուսին եկավ, բայց եթե այս հարցը ինձ վաղը տրվի, հնարավոր է այլ կերպ պատասխանեմ, արվեստը հարափոփոխ է… այս պահին՝ Դեբյուսի:

-Ձեր նվագը գեղեցիկ է, ներդաշնակ, անպաճույճ: Ձեր կերպարը և նվագը հրաշագործ զգացողություն են ներշնչում: Սիրո՞ւմ եք հեքիաթներ:

– Այն մարդկանցից եմ, որը մինչ այժմ հավատում է հրաշքներին և հեքիաթներին: Չեմ ստիպում ուրիշներին հավատալ դրանց, բայց իմ կարծիքով, հեքիաթը նպաստում է լույսի տարածմանը, և առանց դրա կյանքը շատ մոխրագույն կլիներ: Հեքիաթի զգացողությունն է պարգևում կյանքին գույներ, լույս ու փայլ: Ըստ իս, մեր հոգու խորքում ապրող երեխային մշտապես զգալն ու փայփայելը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է անել սեփական անձի համար. այն է, պահպանել լույսն ու հեքիաթը սեփական կյանքում…

– Կա՞ որևէ հատուկ միտք կամ ուղերձ, որ ամեն անգամ բեմ դուրս գալիս ցանկանում եք փոխանցել հանդիսատեսին:

-Երբ մասնակցում էի Մենուհինի անվան մրցույթին, դրանից մոտ մեկ ամիս առաջ մահացավ Պետրոս Հայկազյանը: Մրցույթի երրորդ փուլն էր, և բեմ բարձրանալուց անմիջապես առաջ մայրիկս (նա միշտ ինձ հետ է ետնաբեմում) ինձ մի բան ասաց, որն այդուհետ հիշում եմ ամեն բեմ բարձրանալիս: Նա ասաց, որ Պետրոս Հայկազյանն ինձ հետ է, կանգնած է մեջքիս, նա իմ հրեշտակն է (մինչ այդ բեմ դուրս գալիս եղել են այնպիսի զգացողություններ, կարծես, հրեշտակներն են իմ թիկունքին կանգնած): Մայրիկս շարունակեց՝ այնպես նվագիր, որ ողջ ընթացքում հրեշտակները քեզ հետ լինեն, իսկ մանուկ հրեշտակները երգեն քո թիկունքում, պատկերացրու հրեշտակի թևերը, որոնք պահպանում են քեզ բեմի վրա: Այդ զգացողությունը ես ցանկանում եմ պահպանել ամեն բեմ դուրս գալիս, իհարկե, ոչ բոլոր համերգներին է հաջողվում՝ կախված հանգամանքներից, իրավիճակից, հանդիսատեսից…, բայց ամեն ելույթից առաջ փորձում եմ այնպես նվագել, որ հրեշտակները երգեն ինձ հետ, լինեն իմ կողքին…

– Լսել եմ Ձեր՝ Բրուխի կոնցերտի մեկնաբանումը Մենուհինի մրցույթի եզրափակչին, այնքան ամբողջական էր հնչում կոնցերտը և, իրոք, կարծես, պաշտպանիչ ինչ-որ բան կար Ձեր թիկունքում այդ օրը: Ո՞րն է եղել ամենավառ դրվագը մրցույթներից, որը մինչ այսօր հուզմունքով հիշում եք:

-Մենուհինի մրցույթի երրորդ փուլից հետո, երբ դուրս եկանք բեմ լսելու հայտարարվող արդյունքները, իմ ծնողներն առաջինն էին, ում տեսա բեմից: Նրանք նստած էին դահլիճում միմյանց ձեռքերը պինդ բռնած: Եվ երբ հայտարարեցին, որ արժանացել եմ առաջին մրցանակի, չեմ կարող մոռանալ նրանց աչքերը, որոնք թաց էին, դրանք երջանկության արցունքներն էին… Հենց դա էլ ամենավառ հիշողությունն է…

– Արտերկրում ծավալում եք լայն համերգային գործունեություն, մասնակցում տարբեր նշանակալից երաժշտական փառատոների և նախագծերի: Կա՞ որևէ երկիր, մշակույթ, որը ձեզ շատ է գրավում և կուզենայիք բացահայտել:

– Իհարկե, այլ երկրների մշակույթին ծանոթանալը խիստ հետաքրքիր է: Երբ սովորում էի Գերմանիայում, ինձ հետ ուսանում էին տարբեր օտարազգի երաժիշտներ, որոնց հետ, թե մարդկային, թե մասնագիտական առնչությունը հարստացրել է ինձ, և այնտեղի իմ ուսուցիչների հետ շփումը չէ միայն, որ նոր հորիզոններ է բացել իմ առջև: Այդ բազմամշակութային մթնոլորտը, մշակութային փոխառնչությունն ինձ շատ բան է սովորեցրել: Այս ամենի հետ զուգընթաց, ես կուզենայի առավել խորը բացահայտել հայկական մշակույթը. դեռ այնքան բան կա, որ կուզենամ բացահայտել սեփական մշակույթում:

– Ի՞նչ նշանակություն ունի հայ երաժշտությունը Ձեր ստեղծագործական կյանքում:

– Որպես հայ երաժիշտ, մեծ կարևորություն եմ տալիս հայ մշակույթին և երաժշտությանը: Իմ արտասահմանյան համերգների վերջում մշտապես նվագում եմ հայկական որևէ ստեղծագործություն՝ որպես բիս: Նկատել եմ՝ հայ երաժշտությունը որքան մեծ արձագանք է թողնում արտասահմանցի ունկնդրի վրա: Համերգներից հետո շատերն են մոտենում ինձ և հայտնում իրենց շնորհակալությունը, որ առիթ ունեցան ծանոթանալու հայ երաժշտության հետ: Շատ ուրախ եմ, որ իմ փոքր լուման կարող եմ ունենալ արտասահմանում հայ մշակույթի տարածման գործում:

-Իսկ ինչպիսի՞ն է ժամանակակից երաժշտության դերը ձեր կյանքում: Առիթ եղե՞լ է համագործակցելու որևէ կոմպոզիտորի հետ:

-Դեռևս առիթ չի եղել կենդանի համագործակցության որևէ կոմպոզիտորի հետ, բայց հույս ունեմ, որ կլինի: Մինչ այժմ նվագել եմ ժամանակակից կոմպոզիտորների մի քանի փոքրածավալ ստեղծագործություն: Ժամանակակից երաժշտությանն այն չափով ծանոթ չեմ, որքանով կուզենայի: Կցանկանամ առավել խորանալ այդ յուրահատուկ աշխարհում:

-Մեծիմասամբ հանդես եք գալիս որպես մենակատար, ինչպիսի՞ն է կամերային երաժշտության դերը Ձեր երկացանկում:

-Շատ մեծ: Աշխատում եմ հնարավորինս շատ նվագել կամերային երաժշտություն: Մի քանի անգամ բախտ եմ ունեցել մասնակցելու մեծանուն ճապոնացի դիրիժոր Սեիջի Օզավայի անունը կրող միջազգային Ակադեմիային (Seiji Ozawa International Academy Switzerland): Համաձայն եմ Օզավայի մտքի հետ, որ կամերային երաժշտությունը՝ մասնավորապես լարային քառյակն ունի հիմնարար նշանակություն երաժշտի կյանքում: Լարային կվարտետի կազմում փորձերը, նվագը, միմյանց լսելն օգնում են հետագայում թե նվագախմբում, թե նվագախմբի հետ նվագելիս. այլ կերպ ես ընկալում հարմոնիաները, տարբեր տեմբրերի և գործիքների միահյուսումը…

-Խոսեցիք տարբեր գործիքների միահյուսումից և տեմբրերից: Կպատմե՞ք ձեր գործիքի մասին:

-Նվագում եմ 1760 թ. նեապոլիտանական վարպետ Նիկոլո Գալիանոյի պատրաստած (Nicolò Gagliano) ջութակով: Հետաքրքիր է այն պատմությունը, թե ինչպես այդ գործիքը հայտնվեց իմ կյանքում: Մենուհինի մրցույթից հետո նվագում էի Լոնդոնի Կադոգան համերգասրահում Թագավորական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգից հետո ինձ մոտեցան ամուսիններ՝ ասելով, որ ջութակ ունեն և առաջարկեցին փորձել այն, հասկանալու՝ արդյո՞ք այն կհամապատասխանի ինձ իր տեմբրով: Համերգի հաջորդ օրը գնացինք նրանց մոտ, փորձեցի ջութակը և առաջին իսկ հնչյունից սիրահարվեցի նրա ձայնին: Արդեն հինգ տարի է, ինչ նվագում եմ այդ ջութակով և հիանում նրա հնչողությամբ: Գործիքը տրվել է Հենրի Մոերել հիմնադրամի (Henri Moerel Foundation) կողմից:

-Կա՞ն մեծանուն ջութակահարներ, որոնք մշտապես ոգեշնչում են Ձեզ:

-Երբ փոքր էի, մայրիկս ասում էր, որ բոլոր մեծ ջութակահարներն իրենց ուրույն հետքն են թողել երաժշտության մեջ, և ես համաձայն եմ այդ մտքին: Սակայն ինձ առավել հոգեհարազատ են Եհուդի Մենուհինը և Դավիդ Օյստրախը…

-Ունե՞ք որևէ հստակ աշխատանքային օրակարգ:

– Կուզենայի ունենալ, բայց չունեմ: Ինձ հաճելի է պարապել երեկոյան: Պարապել սկսում եմ կեսօրից, առավոտյան մարդ չեմ: Սիրում եմ, երբ օրվա ընթացքում այլ գործեր չեն լինում, և հնարավորություն ունեմ պարապմունքս բաշխելու ողջ օրվա կտրվածքով: Եթե զգում եմ, որ չեմ կարողանում կենտրոնացած աշխատել, դուրս եմ գալիս մի քիչ քայլելու, որ վերադարձիս շարունակեմ կենտրոնացած աշխատել: Կենտրոնացումը խիստ կարևոր է պարապելիս: Փորձում եմ ներդաշնակություն ստեղծել հանգստի և պարապմունքի միջև:

-Ձեր համերգային ժամանակացույցը հագեցած է: Ինչպիսի՞ ինտերվալներ եք պահում համերգների միջև:

-Աշխատում եմ իրար շատ մոտ չնշանակել տարբեր համերգային ծրագրերով ելույթներ: Իհարկե, հիմա այն ժամանակն է, երբ անընդհատ սովորում եմ, և դեռևս ամբողջապես չեմ պարզել իմ ֆիզիկական և մտավոր հնարավորությունների սահմանները: Փորձում եմ՝ կստացվի՞, թե՞, ոչ, իհարկե, ամեն բան լավ կշռադատելուց հետո: Եթե հասկանում եմ, որ չեմ կարողանա հաղթահարել, համերգ չեմ նշանակի: Ամեն ինչ նախապես կշռադատում եմ և փորձում եմ համերգային ժամանակացույցս ներդաշնակ և չափավոր կազմել՝ չմոռանալով հանգստի մասին: Շատ կարևոր է հավասարակշռություն և ներդաշնակություն գտնել ամեն ինչում, եթե հավասարակշռությունն առկա է, ամեն բան ինքն իրեն է ստացվում:

-Պատմեք խնդրեմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Ձեր առնչության մասին: Այն սկսվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի՞ց, թե՞ ավելի վաղ:

-Խաչատրյանի մրցույթից առաջ նվագախմբի հետ կատարել եմ մի քանի փոքրածավալ ստեղծագործություն, բայց մրցույթով սկսվեց մեր համագործակցության մեծ ալիքը: Շատ ուրախ եմ, որ քանիցս առիթ է ընձեռվում համագործակցել այս հրաշալի նվագախմբի հետ, որտեղ տիրում է ջերմ մթնոլորտ: Մշտապես հաճույքով եմ համագործակցում թե նվագախմբի, թե նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ և ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է:

-Պատմեք խնդրեմ Խաչատրյանի մրցույթին ձեր մասնակցության և Ձեր՝ դափնեկիր դառնալու մասին:

-2020 թ. համավարակի ժամանակ Խաչատրյանի մրցույթը լուսավոր կետ դարձավ ինձ համար: Հետաքրքիր կերպով էլ այն անցավ՝ առցանց: Իհարկե, շատ դժվար էր նվագել առանց հանդիսատեսի դահլիճում, հեռախոսի ապակե էկրանի առջև, ձայնագրությամբ: Երբ հանդիսատեսի համար ես նվագում, երկխոսություն է ծավալվում, դու իրենց լույս և էներգիա ես փոխանցում, իրենք էլ իրենց հերթին նույնով արձագանքում են: Դատարկ դահլիճում նվագելը յուրատեսակ փորձառություն էր, որից շատ բան քաղեցի: Մրցույթի երրորդ փուլի ժամանակ Խաչատրյանի կոնցերտի կատարումը կազմակերպվեց մեծ ջանքերի շնորհիվ, բայցև հաջողությամբ՝ կիրառելով արհեստական բանականության հնարավորությունները: Իրապես երջանիկ եմ զգում, որ լինելով հայ, կարող եմ կրել Խաչատրյանի միջազգային մրցույթի դափնեկրի կոչումը: Մեծ սիրով պետք է նշեմ, որ հունիսի 6-ին պատիվ ունեցա բացելու 20-րդ խաչատրյանական մրցույթը՝ արդեն հանդիսատեսի առջև կենդանի նվագախմբի ուղեկցությամբ կատարելով Արամ Խաչատրյանի կոնցերտը, ելույթ, որին սպասում էի սրտի թրթիռով:

Որպես ամփոփում՝ կուզենայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արամ Խաչատրյանի կոնցերտի հիանալի մեկնաբանության և գեղեցիկ զրույցի համար և մաղթել ստեղծագործական լուսավոր ճանապարհ: Ուզում եմ հարցնել, որևէ մաղթանք կուզենա՞ք հղել պատանի երաժիշտներին:

-Երբեք մի կորցրեք ձեր ներքին լույսը: Այն ձեզ մշտապես ցույց կտա ելքը դժվար պահերին և ձեր ճանապարհը պայծառ կպահի…

Զրույցը վարեց կոմպոզիտոր

Արփինե ԿԱԼԻՆԻՆԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930