Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնակցե՞լ Բաքվի հերթական քմահաճ պահանջին

Հունիս 12,2024 12:00

Մոսկվա-Փարիզ, Մոսկվա-Վաշինգտոն շփումներն ապագայում չի կարելի բացառել, հետեւաբար, ինչո՞ւ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ը… Որպեսզի, երբ մի գեղեցիկ օր նման շփումները վերականգնվեն, Ալիեւն անմիջապես հիշեցնի՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի հետ միասին պաշտոնապես «թոշակի են ուղարկել»:

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը, օրերս այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի եւ Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի եւ ինքնիշխանության, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, որն ամբողջությամբ հրապարակվել է Սպիտակ տան կայքում, անդրադարձ կար նաեւ միջազգային օրակարգի տարբեր թեմաների՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Մոլդովա, Բալկանյան երկրներ, Մերձավոր Արեւելք, գլոբալ անվտանգություն, կլիմայի փոփոխություններ եւ այլն:

Ինչո՞վ է հետաքրքրական Բայդենի ու Մակրոնի հայտարարությունը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն Ադրբեջանն ընդունել է դժկամությամբ, սակայն ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ստիպված ընդունել է, սակայն, իրականում, պայքար մղելով դրա գործունեության դեմ:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվ դերակատար է եղել, եւ առհասարակ, 1994թ. զինադադարի հաստատման գործում Ռուսաստանն ունեցել է նշանակալի դերակատարություն: Այդ գործում անմնացորդ գործունեություն է ծավալել Վլադիմիր Կազիմիրովը:

Տարիների ընթացքում Բաքուն սկսեց չթաքցնել իր հրապարակային դժգոհությունը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունից, ավելին` մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ ՄԽ-ին Բաքուն ու Անկարան մեղադրում էին անգործության մեջ ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հայկական շահերը պաշտպանելու մեջ: Ինչ-որ պահից սկսած Ռուսաստանի շահերը նաեւ այս հարցում համընկան Բաքվի ու Անկարայի դիրքորոշումների հետ, եւ ահա այս եռյակը փաստացի արգելափակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Հիմա Ալիեւը համարում է, որ ԼՂ-ի խնդիրը լուծել է, սակայն նա դեռ շարունակում է «պատերազմել» ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Ինչո՞ւ…

Ահա, օրերս Բաքուն Երեւանին առաջարկեց միասին դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական լուծարման հարցում Ալիեւին անհրաժեշտ է Փաշինյանի աջակցությունը: Որպեսզի, հետագայում, երբեւէ Արցախի, արցախահայության իրավունքների հարցում որեւէ լեգիտիմ հարց առաջ չմղվի:

Ալիեւի խոսքով` Մինսկի խումբը 28 տարի շարունակ սառեցրել է ղարաբաղյան խնդիրը։ «Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը», – օրերս ասել է Ալիեւը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ:

Այնուհետեւ նա սպառնացել է` եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են: Բացի այդ, Ալիեւը նաեւ այլ նախապայման է առաջ քաշել, նշելով, որ եթե Հայաստանի ներկայիս սահմանադրությունը անփոփոխ մնա, խաղաղության պայմանագիր հնարավոր չէ ստորագրել։ Ալիեւի խոսքով` Հայաստանը պետք է վերջ դնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին։

Այսպես, Ալիեւը պահանջեց պաշտոնական Երեւանից լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ավելին` հերթական անգամ հրապարակային կերպով սպառնալով Հայաստանին:

Պաշտոնական Երեւանից հարկ էլ չեն համարում հակադարձել Ալիեւին, թե ի՞նչ է նշանակում` «եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներ» ունի Ադրբեջանի նկատմամբ: Սա ասում է մի երկրի ղեկավար, որի զորքերը դուրս չեն եկել ՀՀ ինքնիշխան տարածքից: Ու Հայաստանի իշխանությունն ասելիք չունի:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» վախվորած հակադարձել են, թե` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։ Առանց խաղաղության հաստատման խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն այդ քայլը ճիշտ չի համարել։ «Ես կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ կլինի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երբ բոլոր հարցերը լուծված կլինեն, պայմանագիրը ստորագրված կլինի։ Այ, նոր այդ ժամանակ կարելի է քննարկել այդ հարցը, հիմա միանշանակ տեղին չէ այդ հարցի քննարկումը», – ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ էլ՝ երբ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիրը կնքեն, Մինսկի խմբի հարցը օրակարգից դուրս կգա։ «Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագրի կնքումից հետո, որովհետեւ երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորչում է… արդեն դրա կարիքն էլ չի լինի», – նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլին էր անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի թեմային, եւ նրա դիրքորոշումը, կարելի է ասել, առանձնապես չտարբերվեց Բաքվում առկա տրամադրություններից: Եթե Ադրբեջանում ԵԱՀԿ ՄԽ-ը համարում են անիմաստ ձեւաչափ, ապա Փաշինյանի հայտարարություններից էլ տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանն առավելապես տուժել է այդ ձեւաչափի գործունեությունից, քան` շահել:

Ապրիլի 11-ին ԱԺ-ում Փաշինյանն անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ մեղադրանքին, պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած գործընթացների համար ընդդիմության՝ իշխանությանն ուղղված մեղադրանքին՝ ասաց. «Ոչ մեկ չի նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չէ՝ 2014 թվականից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022 թվականից պատերազմ են անում իրար հետ, չեք նկատե՞լ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրար հետ պատերազմի վիճակում են»:

Անդրադառնալով ընդդիմությունից հնչած մեղադրանքին, թե իշխանությունը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ՝ Փաշինյանը հարցրեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ…»: Ապա Փաշինյանը հավելեց. «Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձեւ էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»:

Իսկ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմքում, օրինակ` ազգերի ինքնորոշման սկզբունքն էր, եւ բացառապես այդ նպատակով պետք էր օգտվել այդ ձեւաչափի գործունեությունից` Փաշինյանի իշխանությունը 2018թ. իր գործունեության մեկնարկից, ապացուցեց, որ դա իրենց համար էական հարց չէ: Հիմա, իհարկե, կարելի է խոսել Ռուսաստան-Արեւմուտք առճակատման մասին, կարելի է վերլուծություններ անել, թե այդ առճակատման պատճառով, միեւնույն է, հնարավոր չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործունեությունը շարունակել:

Սակայն, հիմա էլ Հայաստանի իշխանությունը կարող է ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու արցախահայության իրավունքների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների դիրքորոշումները հիմք ընդունելով` Ադրբեջանին հակադարձել, պայմաններ դնել նրա առջեւ: Բայց, ոչ… Պաշտոնական Երեւանը նախընտրում է խոսել այլ տեսանկյունից, այդ ձեւաչափի գործունեության «բացասական» կողմերն է ներկայացնում` Ալիեւի «ջրաղացին ջուր լցնելով»:

Մինչդեռ, այո, թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը չի գործում, սակայն այն իրավական կարգավիճակ ունեցող լեգիտիմ ձեւաչափ է, միջազգային մակարդակով եզակի լեգիտիմ հարթակ է։ Ի վերջո, պաշտոնական Երեւանը փորձե՞լ է նախաձեռնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ներկայացուցիչների հանդիպումներ` հետպատերազմյան շրջանում, այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի որեւէ կետ Ադրբեջանն ու ՌԴ-ն չեն իրագործում:

Եվ հետո, ապագայում չի կարելի բացառել աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց հիմքում հնարավոր դառնան Մոսկվա-Փարիզ, Մոսկվա-Վաշինգտոն շփումները: Հետեւաբար, ինչո՞ւ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ը… Որպեսզի, երբ մի գեղեցիկ օր նման շփումները վերականգնվեն, Ալիեւն անմիջապես հիշեցնի՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին Հայաստանի հետ միասին պաշտոնապես «թոշակի են ուղարկել»:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հայաստան էր ժամանել ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումները եւ դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերը: «Ընդգծվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Լուիս Բոնոյին ընդունել էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունից հայտնել էին, որ նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարեւորությանը: Ամերիկացի համանախագահին ընդունել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, բացի վերոնշյալը, քննարկել էին նաեւ երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: Բոնոն Երեւանում էր նաեւ մարտին։ Արտգործնախարարի հետ քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձել Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին։

Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հույս է հայտնել, որ Երեւանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։

Հունիսի սկզբին Բոնոն Բաքվում էր, որտեղ նրան ընդունեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրանք քննարկել էին երկկողմ համագործակցությանը եւ Բաքու-Երեւան խաղաղ բանակցություններին առնչվող հարցեր: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ուղղություններ, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի շուրջ»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում: Բայրամովը տեղեկատվություն էր ներկայացրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի շրջանակներում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների մասին։ L. Բոնոն Բաքվում նշել էր, որ վերջին զարգացումները խաղաղ գործընթացի հաջողության հույս են տալիս եւ վերահաստատել էր, որ Վաշինգտոնը պատրաստակամ է աջակցելու բանակցություններին եւ նպաստելու խաղաղության գործընթացին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930