Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ դեմ է այժմ պայքարում «ողջ առաջադեմ մարդկությունը»

Հունիս 12,2024 13:30

Դավադրության «նոր» (իրականում՝ 80 տարվա) տեսությունը

Կա մի հրաշալի վեպ դավադրության տեսության մասին՝ Ումբերտո Էկոյի «Ֆուկոյի ճոճանակը»: Միլանում ապրող հրատարակիչներն այնքան են կարդում շեղված մարդկանց ձեռագրերը, որոնք աշխարհում ամեն ինչը կապում են ամեն ինչի հետ, որ իրենք են սկսում հավատալ այդ տեսություններին: Ինչպես ասում է վեպի հերոսներից մեկը, «գոյություն ունի գաղտնի ընկերություն իր մասնաճյուղերով ամբողջ աշխարհում, որն իր ցանցերն է հյուսում՝ ասեկոսեներ տարածելու համար այն մասին, որ գոյություն ունի դավադրության տեսություն»: Եվ պարզ չէ՝ արդյոք այդ մարդը լուրջ է ասում, թե կատակում է:

…2000-ականների սկզբին, երբ Հայաստանում նոր էին սոցքարտերը մտնում շրջանառության մեջ, կային մարդիկ, որոնք ասում էին, որ եթե այդ քարտերի ցանկացած թիվ բազմապատկես X-ով, բաժանես  Y-ի եւ գումարես Z, ապա կստացվի «666» սատանայական թիվը: Դավադրության կենտրոնում, այսպիսով, անձամբ Լյուցիֆերն էր, բայց նա ուներ հավատարիմ ծառաներ՝  ի դեմս արեւմտյան որոշակի ուժերի, որոնք Հայաստան փող են ուղարկում՝ իրենց դիվային ծրագրերն իրականցնելու համար: Թագավարակի ժամանակ այդ «գերբնական ուժն» անուն-ազգանուն ուներ՝ Բիլ Գեյթս, որն, ի տարբերություն սոցքարտերի թվերի, մարդկանց «չիպավորում» էր պատվաստանյութերի միջոցով:

Ընդամենը 20 տարի առաջ հայաստանցիների դավադրապաշտ մասի համար «չարիքի կենտրոնն» ինչ-որ մի տեղ Արեւմուտքում էր, ենթադրաբար՝ Վաշինգտոնում: Հետաքրքիր է, որ այսօր «ձախ», ծայրահեղ ազատական հայացքներ ունեցող ամերիկացիների ու եվրոպացիների համար «չարիքի կենտրոնը» ճիշտ նույն տեղում է: Նրանց համար ամենասարսափելի չարիքը կապիտալիզմն է (իմպերիալիզմը), որը ոչնչացնում է մարդկանց եւ բնությունը, ստրկացնում է ժողովուրդներին եւ այլն:

Դրան հակադրվում են փոքրաթիվ «պայծառ ուժեր», որոնք դիմադրում են այդ դավադրությանը: Ստացվում է զավեշտալի վիճակ, երբ, ենթադրենք, ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների ջատագովը կարող է դուրս գալ ցույցի՝ ի պաշտպանություն «Համասի»: Տես այդ մասին՝ ռուսաստանցի (իսրայելցի) ընկերաբան Վիկտոր Վախշթայնի եւ Յուլիա Լատինիայի զրույցը:

Արեւմտյան «առաջադեմների» համար, այսպիսով, գլխավոր գաղութատերը ԱՄՆ-ն է՝ իր «խամաճիկ» Իսրայելով: (Չնայած պարզ է, որ գազանությունների առումով Իսրայելն ու «Համասն» իրարից ոչ մի բանով չեն տարբերվում): Ըստ այդմ, պետք է ազատվել ամերիկյան իմպերիալիստներից եւ դրանց դաշնակիցներից, եւ մարդկությունն ու ինքը՝ Երկրագունդը ազատ շունչ կքաշեն:

Այդ խոսույթն ինչ-որ չափով նման է Պուտինի պատումներին, ըստ որոնց, հենց ի՛ր ղեկավարած երկիրն է առաջնորդում իմպերիալիստների եւ գաղութատերերի նյութած դավադրությունների դեմ պայքարը:

Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային «առաջադեմների» համար, սակայն, իմպերիալիստը, գաղութատերը եւ, հետեւաբար, դավադիրը եւ չարիքի կենտրոնը հենց Ռուսաստանն է: Կոնկրետ Հայաստանի «առաջադեմների» տրամաբանությունը հետեւյալն է. եթե մեզ հետ ինչ-որ մի վատ բան է պատահում կամ՝ եթե ինչ-որ մեկն ինչ-որ հարցում համաձայն չէ «ինքնիշխանության նվիրյալ» ՔՊ-ականների հետ, պաշտոնական քարոզիչները նույն պահին հայտնաբերում են «ռուս գաղութատերերի» եւ նրանց խամաճիկ հայաստանյան «5-րդ շարասյան» դավադրությունը: Այ, երբ ազատվենք ռուսներից, մեր ժողովուրդը հանգիստ շունչ է քաշելու:

Ստացվում է բավականին հետաքրքիր վիճակ, երբ ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ի քաղաքացիներից սկսած եւ մեր «արեւմտամետներով» վերջացրած, պայքարում է «գաղութատիրության» դեմ՝ դրա տակ, սակայն, հասկանալով միանգամայն տարբեր բաներ: Ինչից կարելի է ենթադրել, որ երբ բոլոր տեսակի «դավադիր կենտրոնները» վերանան, այլեւս պայքարելու ոչ մի «օբյեկտ» չի մնա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930