Բարեփոխումների շրջանակում ոստիկանությունը զարգանալու է որպես մասնագիտացված կառույց` չորս հենասյունային ուղղություններով եւ ոստիկանության գվարդիան այդ թվում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել թե’ Կառավարության ծրագրով եւ թե’ ոլորտային ռազմավարությամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց: «Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ գվարդիայի գործունեության, գործող հատուկ ստորաբաժանումների տարբեր համազգեստային նկարագրերի վերաբերյալ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ոստիկանական ծառայություն` ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ, որակավորում ստացած անձնակազմով»,- ասել է Արմեն Խաչատրյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 12-ի ԱԺ հերթական նիստում:
ՀՀ Ազգային ժողով